Վրացական իշխանությունները խստացնում են ջավախահայության իրավունքների ոտնահարման քաղաքականությունը

PanARMENIAN.Net - «2010թ. հուլիսի 5-ին Վրաստանի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, որով հրաժարվեց իմ հոր՝ Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբոր՝ Արմեն Չախալյանի և իմ գործն ընդունել վարույթ՝ թողնելով մեր նկատմամբ կայացված դատավճիռներն անփոփոխ: Այս որոշումը սպասելի էր. գերագույն դատարանը, ինչպես մինչ այդ՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները, հլու հնազանդ ենթարկվեց վրացական իշխանությունների կամքին՝ ոտնահարելով արդար դատավարության տարրական սկզբունքները»,- ասվում է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի հայտարարությունում, որը պատիժ է կրում Վրաստանի Ռուսթավի քաղաքի քրեակատարողական հիմնարկում:

«Դատարանի այս որոշումը համահունչ է ջավախահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական և մշակութային իրավունքների ոտնահարման վրացական իշխանությունների քաղաքականությանը վերջին շրջանում նոր թափ հաղորդելու միտումներին:

Քաղաքական և տնտեսական ճնշման են ենթարկվում, ոստիկանության հսկողության տակ են գտնվում Ջավախքում գործող հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունների ակտիվ անդամները, ազգային գործիչները, հայ ակտիվիստներին ստիպում են հեռանալ երկրից. Նոր դրսևորումներ է ստանում Վրաստանի հայաբնակ շրջանների (Սամցխե-Ջավախք-Ծալկա) էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխման վրացական իշխանությունների ավանդական քաղաքականությունը. վերսկսվել է աջարների Ջավախք վերաբնակեցման գործընթացը, Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացման գործընթացի արագացման ուղղությամբ, աշխատանքից են ազատվում իշխանություններին անցանկալի հայ ուսուցիչները, նոր անուններով է համալրվում ջավախքահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչների Վրաստան մուտքն արգելող «սև ցուցակը»:

Առկա իրավիճակից միջազգային հանրության հետզհետե աճող մտահոգությանը իշխանությունները պատասխանում են ապատեղեկատվություն տարածելով և կտրականապես ժխտելով հայ բնակչության նկատմամբ խտրականության փաստերը: Այս պայմաններում ջավախքահայության շրջանում հետզհետե ուժեղանում են դժգոհության, օտարվածության, հիասթափության և անտարբերության տրամադրությունները: Դրա վերջին և ամենավառ վկայությունը մայիսի 30-ի Վրաստանի ՏԻՄ ընտրությունների ջավախքահայության կողմից փաստացի բոյկոտն էր, ինչը վրացական իշխանություններին ստիպեց կեղծել Ջավախքում դրանց արդյունքները՝ «նկարելով» 75-78 տոկոս մասնակցություն և ստեղծելով իշխող կուսակցության օգտին քվեարկած «մեռյալ հոգիների» ստվար բանակ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ես վերահաստատում եմ իմ և իմ ընտանիքի անդամների նկատմամբ արդարության վերականգնման համար միջազգային բոլոր ատյաններում պայքարելու վճռականությունը:

Մնում եմ այն համոզման, որ բանտերի ու հալածանքների միջոցով ջավախքահայության բողոքը լռեցնելու միտված բոլոր քայլերը չեն հասնելու իրենց նպատակին: Մեր պայքարը հանգեցնելու է նրան, որ վրացական իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու ենթարկվել առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու հրամայականին:

Վրաստանի հայաբնակ շրջանների էթնո-ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխմանն ուղղված բոլոր ծրագրերը պետք է կասեցվեն:

Միջազգային կառույցները պարտավոր են հստակ կեցվածք որդեգրել հայ բնակչության նկատմամբ վրացական իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության անհանդուրժելիության վերաբերյալ: Երկակի չափանիշները, անորոշ և լղոզված քայլերը միմիայն ավելի են խորացնելու խնդիրները, մեծացնելու են անկայունությունը և անկանխատեսելի զարգացումների հավանականությունը»,- ասվում է Չախալյանի հայտարարությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---