Հայ և ադրբեջանցի քաղաքագետները կառչել են Ղարաբաղի վերաբերյալ «Ճանապարհային քարտեզի» գաղափարից

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունմամբ ավարտվեց ադրբեջանական և հայկական փորձագիտական խմբերի աշխատանքային նիստը, որի նպատակը հակամարտության լուծման նոր մոտեցումների որոնումն ու մշակումն էր: Այդ մասին հաղորդել է ադրբեջանցի քաղաքական վելուծաբան, 3rd view Տեղեկատվա-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովը: Նրա խոսքով, եռօրյա քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում վերոնշյալ խմբերի ղեկավարները` Ռաջաբովն ու հայ փորձագետ Ստեփան Գրիգորյանը համատեղ հայտարարություն են ընդունել 2010 թվականի դեկտեմբերի 1-ից 2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի նախաշեմին իրենց կողմից մշակվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ:

Փաստաթղթում արձանագրվում է, որ վերջին երկու տարիներին ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ բանակցային գործընթացն ակտիվացել է, և այդ գործընթացը չի սպառել իր խաղաղ հնարավորությունները:

Այնուհետև հակամարտության կողմերը հայտարարության մեջ կոչ են անում միասնական դիրքորոշում հայտնել Ակվիլայում (Իտալիա) 2009 թվականի հուլիսի 10-ին և 2010 թվականի հունիսի 26-ին Մասկոկում (Կանադա) ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների կողմից ընդունված հիմնարար Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ; հաստատել հավատարմությունը 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների և 1977 թվականի լրացուցիչ արձանագրությունների հանդեպ: Ռաջաբովն ու Գրիգորյանն այնուհետև նշում են, որ իրենք ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ «Ճանապարհային քարտեզի» սկզբունքներ ու մի շարք հիմնարար տարրեր են մշակել:

«Հիմնարար սկզբունքներին են վերաբերում փոխշահավետությունը, փոխլրացվածությունը, փոխկախվածությունը, քաղաքացիական հասարակության կամքը: Որպես հիմնարար տարրերից առաջինը մատնանշում ենք Հարավային Կովկասի տրանսպորտի վերաբերյալ «Սպիտակ գիրքը»: Այլ տարրերի թվում նշում ենք անհատականության և քաղաքացիական հասարակության մակարդակներով վստահության և անվտանգության ստեղծման ու ամրապնդման ուղղությամբ միջոցները»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---