Սփյուռքի եւ Հայաստանի աջակցության շնորհիվ Արցախը կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից եւ դառնալ կենսունակ երկիր

Սփյուռքի եւ Հայաստանի աջակցության շնորհիվ Արցախը կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից եւ դառնալ կենսունակ երկիր

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ԱՄՆ Պասադենա քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2010»-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: Նա մասնավորապես ասել է. « Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հանդիպել եւ ողջունել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին: Աշխարհասփյուռ հայությունը միշտ ընդգծված դերակատարություն է ունեցել Հայրենիքի եւ հատկապես Արցախի զարգացման ու զորացման գործում: Վերջին 15 տարվա ընթացքում համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացվել են տասնյակ միլլիոն դոլար արժողությամբ տարբեր ծրագրեր: Արցախի ժողովուրդը շնորհակալ է նման հոգատար վերաբերմունքի համար:

Մեկ տարի առաջ համայն հայությունը համախմբեց իր ջանքերը հինավուրց հայկական քաղաքներից մեկի` Շուշիի վերականգնման ու զարգացման գաղափարի շուրջ: Շուշիում արդեն սկսված են վերականգնողական աշխատանքները եւ գտնվում են ակտիվ փուլում: Մենք վստահ ենք, որ այս քաղաքն անպայման կդառնա ժամանակակից ու ծաղկուն»:

«Արցախի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից է նաեւ խմելու ջրի հարցը: Այն ունի եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ սոցիալ-կենցաղային առանցքային նշանակություն: Մեր բնակչությունը առայսօր մեծ դժվարությունների է հանդիպում խմելու ջրի իր մինիմալ կարիքները հոգալու գործում: Մայրաքաղաք Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ գյուղերում զգացվում է ջրի խիստ պակաս: Մարդիկ ստիպված են մեծագույն դժվարություններով լուծել իրենց ամենօրյա կենցաղային խնդիրները: Մեր հանրապետությունում շուրջօրյա ջրամատակարարում է իրականացվում միայն մայրաքաղաքի մի քանի թաղամասերում եւ մի շարք բնակավայրերում, ինչը մեզ հաջողվել է վերջերս:

Իհարկե, Արցախի իշխանությունները փորձում են ուժերի ներածին չափով թեթեւացնել բնակչության հոգսերը: Այնուամենայնիվ, ամբողջ հանրապետության կտրվածքով այն պահանջում է համայն հայության ջանքերի համախմբում»,-ասել է Բակո Սահակյանը: Նա հավելել է, որ միասին մենք ի վիճակի ենք լուծում տալ այս հարցին: Արցախի Հանրապետությունն ունի հսկայական ջրային պաշարներ: Այստեղից են սկիզբ առնում Թարթառը, Արփան, Որոտանը եւ այլ խոշոր գետեր: Արցախում մեկ շնչին բաժին ընկնող միայն մակերեսային հոսքի ջրային պաշարները կազմում են 19 հազար խորանարդ մետր, իսկ Արաքսի ջրերի հետ միասին` ավելի քան 65 հազար: Այս չափանիշով Արցախը ջրային պաշարներով ամենաապահովված երկրների շարքին է դասվում: Պետք է ուղղակի ճիշտ օգտագործել այդ հարստությունը եւ կառուցել ժամանակակից ջրային համակարգեր:

«Մենք` հայերս, խոսելով հայրենիքի մասին, հաճախակի ենք օգտագործում «մեր հողն ու ջուրը» արտահայտությունը: Այն ունի խոր իմաստ: Ջուրը մարդուն հողի հետ կապող ամենակարեւոր գործոններից մեկն է: Առանց ջրի իրոք չկա կյանք: Ջրի հիմնախնդիրն առնչվում է կենսագործունեության բոլոր ոլորտների հետ: Լուծում տալով այդ հարցին, մենք հուսալի հիմք ենք ստեղծում Արցախի սոցիալ-տնտեսական ամբողջ համակարգի զարգացման համար` նրա վաղվա օրը դարձնելով բարեկեցիկ ու հուսալի: Եվ այս գործում մենք ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը:

Այսօր այս դահլիճում հավաքվել են մարդիկ, ովքեր ներկայացնում են հայկական Սփյուռքը եւ միշտ իրենց անձնական ավանդն են բերել հայրենիքի զարգացման ու բարգավաճման գործին: Հենց ձեր` Սփյուռքի եւ Մայր Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների աջակցության շնորհիվ Արցախը կարողացավ ապաքինվել պատերազմի ծանր վերքերից եւ դառնալ կենսունակ երկիր` հպարտություն ներշնչելով բոլոր հայերին աշխարհի տարբեր ծայրերում: Համոզված եմ, որ այս ոգով մենք կշարունակենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը եւ համատեղ ուժերով կարձանագրենք նոր փայլուն հաղթանակներ»,-ասել է Արցախի նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---