Էքարտ Շտրատենշուլտե. Ղարաբաղում նույնպես մարդիկ են ապրում և չի կարելի թույլ տալ, որ ամբողջ զարգացումը և ծրագրերը շրջանցեն նրանց

PanARMENIAN.Net - «Եվրոպան ռիսկի է դիմում սխալ հասկացված լինել Արցախում` չհաստատելով ուղիղ կապեր և չօժանդակելով նրա ժողովրդավարական զարգացմանը», նշել է քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը դեկտեմբերի 1-ին Բեռլինում տեղի ունեցած «Լուծումներ Արցախի համար. ինքնորոշում և ճանաչում» գրքի շուրջ քննարկման ժամանակ: Գրքի համահեղինակներից մեկի` Բեռլինի Եվրոպական ակադեմիայի ղեկավար պրոֆեսոր Էքարտ Շտրատենշուլտեի և գերմանացի քաղաքագետների մասնակցությամբ բանավեճ է ծավալվել մասնավորապես Արցախյան կարգավորման գործում Եվրամիության դերի մասին: Շտրատենշուլտեն ողջունել է 10 գիտնականների համատեղ աշխատանքը` ասելով, որ այն կարող է հիմք ծառայել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առարկայական դիսկուրս սկսելու համար: Գրքում տարբեր տեսանկյուններից ուսումնասիրված Արցախի ինքնորոշման իրավունքը պատմականորեն մեծ դեր է խաղացել նաև Գերմանիայի համար: Բացի այդ, Գերմանիայի վերամիավորման որոշ սկզբունքներ կարող են կիրառելի լինել նաև Արցախի հարցի լուծման դեպքում:

Գերմանիայի Արևելքի ինստիտուտի նախկին տնօրեն պրոֆեսոր Ուդո Շտայնբախն արձանագրել է, որ մինչ օրս կարգավորման բոլոր առաջարկներն անհաջողության են մատնվել` հարցականի տակ դնելով ընտրված սկզբունքների և ձևաչափերի արդյունավետությունը: Ըստ Վահրամ Սողոմոնյանի, հենց այսօր Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին նմանատիպ ևս մեկ փաստաթուղթ է ընդունվել և դրա պատճառներից մեկն այն է, որ որևէ ֆորմալ փաստաթուղթ կամ ստորագրություն չի կարող մեկ ակնթարթում վերացնել այն անվստահությունը, որն առկա է Արցախի և Ադրբեջանի հասարակությունների միջև: Նա հանդես է եկել այդ երկու երկրների քաղաքացիական ուժերի միջև երկխոսություն հաստատելու և տնտեսական համագործակցություն սկսելու օգտին:

Շեշտվել է Եվրամիության կողմից նման համագործակցությունը ակտիվորեն խթանելու և պատերազմական հռետորությանը հստակ բացասական ազդանշաններ ուղարկելու կարևորությունը:

Ուրախությամբ նշելով, որ գիրքը մեծ արձագանք է գտել Ֆրանկֆուրտի համաշխարհային գրքի ցուցահանդեսում`պարոն Շտրատենշուլտեն պարզաբանել է Եվրամիության Արևելյան գործընկերության ներուժը Լեռնային Ղարաբաղում կարևոր դերակատար դառնալու համար: «Եվրոպան չի կարող որևէ լուծում պարտադրել կողմերին, սակայն Լեռնային Ղարաբաղում նույնպես մարդիկ են ապրում և չի կարելի թույլ տալ, որ ամբողջ զարգացումը և ծրագրերը շրջանցեն նրանց», ասել է նա:

Զուգահեռներ անցկացնելով` նա բերել է Թայվանի օրինակը, որտեղ ինքնորոշման համար գրեթե ամեն ինչ շատ ճիշտ է արվել (տնտեսական զարգացում, կայուն կառավարման համակարգ, ժողովրդավարություն և այլն): Այնտեղ նույնիսկ գործում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ (ոչ դեսպանություններ), որոնք մուտքի արտոնագրեր են տրամադրում: Եվ սակայն նույնիսկ այս դեպքում թայվանցիներին հակադրվում է մայրցամաքում ապրող մեկ միլիարդ չինացիների կամքը, ինչը խոչընդոտում է Թայվանի ճանաչմանը որպես անկախ պետություն:

Վահրամ Սողոմոնյանն ասել է, որ Արցախում դեմոկրատական ուժերը կարող են ճգնաժամ ապրել, եթե Եվրոպան մասնակցություն չունենա երկրի ժողովրդավարացման գործընթացին: Եվրամիության բազմաթիվ պաշտոնական փաստաթղթերում ամրագրված են Արցախի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ ուղղակի կապերի հաստատման դրույթները: Եթե քաղաքական և դիվանագիտական բնագավառում որոշակի խնդիրներ են առաջանում, ապա Եվրամիության կողմից Արցախում հումանիտար և մշակութային ծրագրերի իրականացմանը ոչինչ չի խանգարում:

Վերջում պրոֆեսոր Շտրատենշուլտեն շնորհակալություն է հայտնել Վահրամ Սողոմոնյանին գրքի հրատարակումը նախաձեռնելու համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս Եվրոպական ակադեմիան օգտագործել որպես երկխոսության վայր Արցախյան խնդրի կարգավորման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---