Ավստրիայի հայ համայնքը պահանջում է դատապարտել Սումգայիթի ջարդերը

Ավստրիայի հայ համայնքը պահանջում է դատապարտել Սումգայիթի ջարդերը

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Ավստրիայի հայ համայնքը` Հայ ուսանողական և երիտասարդական միության ղեկավարությամբ, Վիեննայի կենտրոնական՝ Շտեֆանսպլաց հրապարակի անմիջական հարևանությամբ բողոքի ցույց անցկացրեց` միջազգային հանրությունից պահանջելով դատապարտել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերը:

Ցույցին մասնակիցները գերմաներեն և անգլերեն լեզուներով թռուցիկներ էին բաժանում անցորդներին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայերի դեմ իրականացված վայրագությունների, պետական մակարդակով հանցագործությունների քողարկման և Ադրբեջանի շարունակվող հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին:

Հայ ցուցարարները պաստառներ էին բարձրացրել` «Աշխարհը պետք է դատապարտի Սումգայիթում ազերիների կողմից հայկական կոտորածները», «Ադրբեջանը պետք է կանգնի արդարադատության առջև` հայերի կոտորածների համար», «Մենք դատապարտում ենք ադրբեջանական քաղաքներում հայերի նկատմամբ իրականացված էթնիկական զտումները» և այլ կոչերով:

Ցույցին մասնակցում էին նաև Վիեննայի հայ առաքելական եկեղեցու և Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---