Փարիզում մոտ 3000 մարդ քրեական պատասխանատվություն է պահանջել Հայոց ցեղասպանության ժխտման համար

Փարիզում մոտ 3000 մարդ քրեական պատասխանատվություն է պահանջել Հայոց ցեղասպանության ժխտման համար

PanARMENIAN.Net - Մոտ 3000 մարդ, այդ թվում ֆրանսիական հանրաճանաչ դեմքեր, մարտի 12-ին հավաքվեցին Ֆրանսիայի Սենատի դիմաց` պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրենքը: Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպված ցույցին մասնակցում էին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, քաղաքական և հասարակական գործիչներ Պատրիկ Դևեջյանը, Բեռնար-Անրի Լևին, հայտնի իրավաբան Սերժ Կլարսֆելդը:

«Ֆրանսիայի հայ համայնքն ու աշխարհի այլ երկրներում բնակվող հայերը տուժել են Հայոց ցեղասպանության արդյունքում: Մենք Ֆրանսիային, որի քաղաքացին ենք հանդիսանում, կոչ ենք անում պաշտպանել մեզանից յուրաքանչյուրի իրավունքները»,- հայտնել է Պատրիկ Ջևեդյանը` ելույթ ունենալով ցույցի ժամանակ:

Ցույցի մասնակիցները ֆրանսիացի սենատորներից պահանջում էին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը,

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, սակայն Սենատն արգելափակեց օրինագծի ընդունումը,հաղորդում է Nouvelles d'Arménie.

Ավելի վաղ WikiLeaks կայքը հրապարակել էր մի փաստաթուղթ, որում ասվում է, որ Նիկոլյա Սարկոզին Թուրքիային վստահեցրել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը «կթաղվի Սենատում», ինչն Ազնավուրի վրդովմունքն էր առաջ բերել:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---