ՀՀ վարչապետ. ԵՄ-ն բարենպաստ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցություններն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար

ՀՀ վարչապետ. ԵՄ-ն բարենպաստ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցություններն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Բելգիայում Հայաստանի վարչապետը հանդիպում ունեցավ Բելգիայի խորհրդարանի նախագահ Անդրե Ֆլայոյի հետ: «ԵՄ գործընկերների համար հասկանալի է մեր դիրքորոշումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետը: Նախ` հայ-թուրքական հարաբերությունների տեսակետից հասկանալի է, որ Հայաստանը, ստորագրելով արձանագրությունները, հայտարարել է դրանք վավերացնելու իր պատրաստակամության մասին:

Տ. Սարգսյանի խոսքով` բոլորի համար ակնհայտ է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, և իրավիճակն այս երկրում ստիպում է ենթադրել, որ, ըստ երևույթին, այդ հարցին հնարավորւթյուն կլինի անդրադառնալ ընթացիկ տարվա ամռանը` Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո: ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր միտումն այն է, որ եթե խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, նշանակում է, որ միջազգային հանրությունը պետք է որ միայն հստակ ազդակներ հաղորդի երկու երկրներին, որ ռազմական գործողություններն անընդունելի և անթույլատրելի են:

Միջազգային կառույցները և ԵՄ-ն միաժամանակ պետք է արձանագրեն, որ ունեն հստակ պատկերացումներ, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն այն երկրի նկատմամբ, ով կհամարձակվի ռազմական գործողությունների միջոցով լուծել այս խնդիրը: «Կարծում եմ, որ ԵՄ-ի այսպիսի քաղաքական դիրքորոշումը բարենպաստ պայմաններ կստեղծի նաև խաղաղ բանակցությունները իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:

Բելգիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանն այսօր առավոտյան նախորդել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԵՄ հարկերի և մաքսային հարցերով հանձնակատար Ալգիրդաս Սեմետայի հետ: Հանդիպմանը մասնավորապես ներկայացվել են Հայաստանի հարկային և մաքսային ոլորտներում մինչ այս կատարված և առաջիկայում կատարվելիք բարեփոխումները, նշվել այն օժանդակության մասին, որ Հայաստանն ակնկալում է ԵՄ-ից` բարեփոխումների արդյունավետ իրականացման համար:

Նախօրեին` երեկոյան, տեղի էր ունեցել Տիգրան Սարգսյանի հանդիպումը «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության խորհրդի անդամների հետ: Մարտի 17-ի երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելից վերադարձավ Երևան, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---