Վյաչեսլավ Շպորտ. Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ համահունչ են

Վյաչեսլավ Շպորտ. Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ համահունչ են

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը ժամանել է Խաբարովսկ քաղաք: Դեսպանի այցը մեկնարկել է Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Վյաչեսլավ Շպորտի հետ հանդիպումով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի մարզերի և վերոնշյալ երկրամասի միջև համագործակցության առկա հնարավորություններն ու ապագայի հեռանկարները: Իր ողջույնի խոսքում նահանգապետ Շպորտը նշել է, որ Ռուսաստանն ունի վաղեմի բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ, և երկու երկրների դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ համահունչ են:

Անդրադառնալով Խաբարովսկի երկրամասի և Հայաստանի միջև փոխշփումներին՝ Վյաչեսլավ Շպորտը նկատել է, որ երկրամասի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության արդյունավետության և նպատակահարմարության վառ օրինակ է հայաստանյան ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության կողմից քաղաքացիական «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռի ձեռքբերումը: Այս հանգամանքը, ըստ նահանգապետի, պետք է խթանի մեքենաշինության ոլորտում Խաբարովսկի երկրամասի հետ ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը:

Իր հերթին դեսպան Եսայանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության ընդլայնմանն ամենատարբեր բնագավառներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---