Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փակի իր օդային տարածքը, Ադրբեջանը զարտուղի ճանապարհներ կգտնի

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանը փակի իր օդային տարածքը, մենք այլընտրանքային երթուղիներից կօգտվենք: Այդ մասին ասել է Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական աշխատակազմի (ԱՔԱՊԱ) փոխտնօրեն Գաջիագա Ալիևը:

ԱՔԱՊԱ-ի պաշտոնական անձն ասել է, որ դեպի Թուրքիա որպես այլընտրանքային օդային ճանապարհ կօգտագործվի Վրաստանի օդային տարածքը, իսկ որպես այլընտրանքային օդային ճանապարհ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն` Իրանի օդային տարածքը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Մայիսի 9-ից կմեկնարկեն ուղևորատար ինքնաթիռների չվերթները Հայաստանից Ստեփանակերտ: ԱՔԱՊԱ-ի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, որ «Ադրբեջանը համապատասխան քայլեր կձեռնարկի դրա դեմ` անգամ օգտագործելով այնպիսի միջոցներ, ինչպիսին է այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռների ֆիզիկական ոչնչացումը»:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի խոսքով, Արցախն օգտագործելու է իր օդային տարածքն անկախ այն բանից, թե ում դա դուր չի գալիս Ադրբեջանում:«Իսկ եթե ադրբեջանական կողմն անգամ փորձ կատարի իրականացնելու իր խոսքերը, դա ինքնին Ադրբեջանի համար հղի կլինի անկանխատեսելի հետևանքներով»,- ասել է Դավիթ Բաբայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան նույնպես կոչ են արել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ զենք չկիրառել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---