Հրանտ Դինքը ժամանակին հայտարարել է, որ Թուրքիան միշտ որպես սպառնալիք է դիտարկել հայերին

Հրանտ Դինքը ժամանակին հայտարարել է, որ Թուրքիան միշտ որպես սպառնալիք է դիտարկել հայերին

PanARMENIAN.Net - 2007թ. հունվարի 30-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեբորա Ջոնսը ԱՄՆ պետդեպարտամենտին է հաղորդել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հետ հանդիպման մանրամասները, որ տեղի է ունեցել 2006թ. նոյեմբերի 14-ին: «Իրավապաշտպան Հրանտ Դինքի ողբերգական մահը մեծ կորուստ է Թուրքիայի համար: Դեսպանատան աշխատակիցները հաճախ էին հանդիպում Դինքի հետ: Նման վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2006թ. նոյեմբերի 14-ին, երբ Դինքը հանդիպեց ԱՄՆ Աշխարհում կրոնի ազատության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Դինքը շատ հետաքրքիր հայտարարություն է արել՝ նշելով, որ բացասական պատմական հիշողությունների աղբյուրը ավելի շատ ազգայնամոլությունն է, քան կրոնը»:

«Թուրքիան երբեք չի դիտարկել ազգային փոքրամասնություններին որպես իր քաղաքացիներ: 60 հազար հայերը շարունակում են ապրել որպես երկրորդ կարգի մարդիկ: Թուրքական պետությունը հայերին միշտ ընկալել է որպես սպառնալիք սեփական անվտանգությանը, սակայն այսօր հայերի քանակն այնքան է նվազել, որ նրանք այլևս վտանգավոր չեն: Ստեղծված իրավիճակը Թուրքիան փորձում է օգտագործել իր շահերից ելնելով: Այսօր նույնիսկ համայնքը որպես այդպիսին իրավունքներից զուրկ է»,-ասել է Դինքը ԱՄՆ դեսպանի ներկայությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---