Ադրբեջանի և Իսրայելի սերտ համագործակցության փաստը նորություն չէ

Ադրբեջանի և Իսրայելի սերտ համագործակցության փաստը նորություն չէ

PanARMENIAN.Net - Իսրայելի և Ադրբեջանի սերտ համագործակցության փաստը նորություն չէ, որի մասին ոչ ոք չգիտեր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԱԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևը: Նրա խոսքերով, երկու երկրները հատկապես ընդգծում են իրենց միջև հաստատված ջերմ հարաբերությունները, այդ թվում` ռազմատեխնիկական ոլորտում:

«Իսրայելը երբեք չի թաքցրել իր ակտիվ մասնակցությունը Կովկասի գործերին, ինչը բնական է: Շատ բան ակնհայտ դարձավ 2008-ի օգոստոսյան օրերին: Կարելի է ուշադրություն դարձնել Լիբիայի դեպքերին Իսրայելի ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկատվությանը: Կարելի է ենթադրել, որ ակտիվ արտաքին քաղաքականությունը կարող է դիտարկվել որպես Իսրայելի աշխարհաքաղաքական մեկուսացումը թուլացնող գործոններից մեկը, որը շրջապատված է ոչ այդքան բարեկամական սուբյեկտներով: Սակայն նման խաղը կարող է հղի լինել զգալի ծախսերով»,- ասել է ռուս փորձագետը:

2007-ի փետրվարի 16-ին Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենքը հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի հետ: Նրանց զրույցի բովանդակությունը ներկայացվում է WikiLeaks-ի կողմից հրապարակված ամերիկյան գաղտնի դիվանագիտական հեռագրում:

Լենքը պատմել է Դավոսի տնտեսական ֆորումում Իսրայելի ԱԳՆ նախարար Ցիպնի Լիվնիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցի մանրամասների մասին:

Լենքը հաղորդել է Դերսիին, որ Իսրայելը և Ադրբեջանն անվտանգության ոլորտում ստորագրել են երկու գաղտնի համաձայնագրեր, բայց չի պատմել դրանց բովանդակության մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---