Քուվեյթում նշել են հայկական Ազգային վարժարանի 50-ամյա հոբելյանը

PanARMENIAN.Net - Քուվեյթի Ազգային վարժարանի 50-ամյա հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Քուվեյթի ազգային իշխանությունների հրավերով Քուվեյթ էին ժամանել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը, Սփյուռքի նախարար Տիկին Հրանուշ Հակոբյանը, Հայաստանից այլ հյուրեր, ԱՄՆ եւ եվրոպական երկրներից ժամանած սփյուռքահայեր, Ազգային վարժարանի շրջանավարտներ:

Մայիսի 17-ին կայացավ Վեհափառ Հայրապետի հանդիպումը Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահի հետ, որին ներկա էր նաեւ Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց քուվեյթահայ համայնքի դերը երկրի բարգավաճման գործում: Քուվեյթի Էմիրը բարձր գնահատեց հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների մակարդակը` նշելով, որ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ հետագա առաջխաղացման մեջ կամրջող առաքելություն է վերապահված նաեւ քուվեյթահայ համայնքին: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը Քուվեյթի Էմիրին փոխանցեց Լիբանանի նախագահի ուղերձը: Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպել է նաեւ Քուվեյթի Պետության վարչապետ շեյխ Նասեր ալ-Մուհամմադ ալ-Ահմադ Ալ Սաբահի հետ:

Մայիսի 17-ի երեկոյան Ազգային վարժարանի սրահում տեղի ունեցավ վարժարանի 50-ամյա վաստակը խորհրդանշող հուշաքարի բացման պաշտոնական արարողությունն ու հուշամատյանի շնորհանդեսը: Ելույթով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ներկայացնելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Կառավարության հայեցակարգն ու մեծապես կարեւորելով հայակերտմանն ու հայեցի դաստիարակմանն ուղղված Վարժարանի ազգային գործունեությունը: Ելույթից հետո Սփյուռքի նախարարը վարժարանի տնօրինությանը հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագիրը:

Մայիսի 18-ին Քուվեյթի Պետության եւ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության եւ գիտության նախարարությունների հովանավորությամբ Քուվեյթի Համալսարանի «Ալ-Խալիդիե» սրահում մեկնարկեց Ազգային վարժարանի նախկին եւ ներկա շրջանավարտների պարգեւատրման արարողությունը` Քուվեյթի Պետության բարձրագույն կրթության նորանշանակ նախարար Ահմադ Աբդ ալ-Մոհսեն ալ-Մուլայիֆիի, նախարարության այլ պաշտոնյաների, Քուվեյթում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների եւ տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Արարողության վերջում դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ներկաներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` ուղղված Քուվեյթի Ազգային վարժարանի 50-ամյա հոբելյանական տարեդարձին:

Մայիսի 19-ին Քուվեյթի «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ քուվեյթահայ համայնքի տարեկան պարահանդեսը, որին հրավիրված էին մասնակցելու Հայաստանից ժամանած երգիչներ Արման Հովհաննիսյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը: Պարահանդեսի ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին Քուվեյթում Հայաստանի դեսպանին, հիսնամյակի հանդիսությունների պատվո նախագահին եւ գործադիր մարմնի անդամներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---