Համանախագահները հուսով են` ԼՂ մասին հայտարարությունը կօգնի հաղթահարելու «անհաղթահարելի իրադրությունը»

Համանախագահները հուսով են` ԼՂ մասին հայտարարությունը կօգնի հաղթահարելու «անհաղթահարելի իրադրությունը»

PanARMENIAN.Net - ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

«Երբ պայմանավորվածությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկայել այդ սկզբունքների ձևական ընդունումը, աջակցություն ցուցաբերել հաշտության պայմանագրի մշակմանը և ապա օժանդակել դրա կատարումը մեր միջազգային գործընկերների հետ համատեղ»,- նշվում է հայտարարության մեջ:

«Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կարող է խաղաղության, կայունության և հաշտության հանգեցնել` հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ: Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը «համոզված են, որ ժամանակն է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը քայլ կատարեն դեպի խաղաղ կարգավորումը»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են, որ դիմակայության և անկայունության ներկայիս իրադրության ստեղծմանը հանգեցրել է ուժի կիրառումը: «Դրա կրկնակի կիրառումը միայն նոր տառապանքներ և սնանկություն կբերի և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կողմերի առաջնորդներին համառորեն խորհուրդ ենք տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- նշել են նախագահները:

Նրանք արձանագրել են, որ «երկու կողմից, ինչպես նաև բոլոր մակարդակներում գործադրված ջանքերի արդյունքում համանախագահ երկրները զգալի առաջընթացի են հասել»: «Մարտի 5-ին Սոչիում քննարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակն արդար և հավասարակշռված հիմք է դնում համապարփակ հաշտության պայմանագիր պատրաստելու համար»,- նշվում է համատեղ հայտարարության մեջ: Համանախագահների կարծիքով, այդ փաստաթուղթը «կողմերին հնարավորություն է ընձեռում հաղթահարելու ներկայիս անհաղթահարելի իրադրությունը», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Ութնյակի խումբ

Ութնյակի խումբը կամ Մեծ ութնյակը միջազգային ակումբ է, որը միավորում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ճապոնիայի կառավարությունները: Այդպես է կոչվում նաև այդ երկրների առաջնորդների (Եվրահանձնաժողովի մասնակցությամբ) ոչ պաշտոնական համաժողովը, որի շրջանակներում համաձայնեցված մոտեցում է մշակվում արդիական միջազգային խնդիրների վերաբերյալ:

«Մեծ ութնյակը» միջազգային կազմակերպություն չէ, այն հիմնված չէ միջազգային պայմանագրի վրա, չունի կանոնադրություն և քարտուղարություն: «Ութնյակի» որոշումները չունեն պարտադիր ուժ: Որպես կանոն, խոսքը գնում է համաձայնեցված գծի որդեգրման վերաբերյալ կողմերի մտադրությունների ամրագրման կամ միջազգային հանրության այլ մասնակիցներին այս կամ այն հարցի լուծման վերաբերյալ խորհրդատվության մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---