ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԻՃԵԼԻ ԿՈՂՄ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՄԻՋՆՈՐԴԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է հանդիսանում, եւ դա հնարավոր չէ ժխտել: Այդ մասին երեկ Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ չի կարելի միջազգային միջնորդներից պահանջել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով բանակցությունների ձեւաչափի վերանայում, քանի որ դա հենց հակամարտության կողմերի մենաշնորհն է: Ընդսմին ռուս դիվանագետը հերքել է ադրբեջանական մամուլի հաղորդագրություններն այն մասին, թե Բաքու կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը Հայաստանին ագրեսոր է անվանել: «Դա ընդամենը ադրբեջանական լրագրողների հորինվածքն է», - հայտարարել է նա: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից` Յուրի Մերզլյակովը, Ռուդոլֆ Պերինան եւ Անրի Ժակոլենը երեկ բանակցել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, որը հայտնել է ԼՂՀ-ի պատրաստակամությունը բանակցել բոլոր հարցերի շուրջ` առանց որեւէ նախապայմանի: Նշենք նաեւ, որ Լեռնային Ղարաբաղից մեկնելուց առաջ ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենը կարճատեւ այցով եղել է Շուշիում: Այցը նախապես ծրագրված չէր: Շուշիում նա ոչ ոքի հետ չի հանդիպել, այլ պարզապես շրջել է քաղաքի տեսարժան վայրերում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---