Ազնավուրը Պատվո աստղ է ստացել Կալիֆորնիայի հայերից

Ազնավուրը Պատվո աստղ է ստացել Կալիֆորնիայի հայերից

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը Պատվո աստղ է ստացել Հոլիվուդում: Աստղը տեղադրվել է Հոլիվուդի հայտնի Փառքի ճեմուղու հակառակ կողմում, Pantages թատրոնից ոչ հեռու, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ աշխատանք է տարվում Ազնավուրին Փառքի ճեմուղում պղնձե աստղի համար ներկայացնելու ուղղությամբ: Փառքի ճեմուղին հիմնվել է 1958-ին:

Միջոցառմանը Կալիֆորնիայի սենատոր Քեվին դե Լեոնը Ազնավուրին է հանձնել Լոս Անջելեսի խորհրդանշական բանալին` նշելով, որ շանսոնյեն մեր օրերի մեծագույն երգիչն է:

92-ամյա Ազնավուրը հոկտեմբերի 28-ին համերգով հանդես է եկել Լոս Անջելեսում: Հոկտեմբերի 23-ին նա երկժամյա համերգ է տվել կանադական Քվեբեկում: Նշվում է, որ նրա 25 հայտնի երգ է կատարել:

Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի նշանավոր «Բո-Ռիվաժ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշել է, որ անկախության քսանհինգ տարիները հայ ժողովրդի համար եղել են փորձությունների, բայց միևնույն ժամանակ ձեռքբերումների և հաղթանակների տարիներ:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։

Ընթերցեք նաև. Ազնավուրը 2017-ին համերգով հանդես կգա Մադրիդում

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---