Շառլ Ազնավուրը ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպել Ժնևում

Շառլ Ազնավուրը ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն է կազմակերպել Ժնևում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի նշանավոր «Բո-Ռիվաժ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:

Ընդունելությանը ներկա էին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Չոյ Քյոնգլիմը, Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված դիվանագիտական բազմաթիվ ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Ազնավուրն իր ելույթում նշել է, որ անկախության քսանհինգ տարիները հայ ժողովրդի համար եղել են փորձությունների, բայց միևնույն ժամանակ ձեռքբերումների և հաղթանակների տարիներ: Եվ թեև քառորդ դարը մեծ ժամանակահատված չէ ավելի քան երեքհազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության անկախության քսանհինգ տարիները մեր ժողովրդի համար եղել են վճռորոշ` անկախ պետականության ամրապնդման և ազգերի ընտանիքում վերաինտեգրման ճանապարհին:

ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել հայ ժողովրդի բոլոր բարեկամներին, ովքեր Հայաստանի ուղեկիցներն են այդ ճանապարհին՝ առանձնահատուկ հիշատակելով Շվեյցարիայի Համադաշնությանը և Ժնևում տեղակայված միջազգային կառույցներին:

Շառլ Ազնավուրի առաջարկով ընդունելության մասնակիցները բաժակ են բարձրացրել` հանուն Հայաստանի, հանուն հայ-շվեյցարական բարեկամության և հանուն մեր մոլորակի խաղաղ և բարեկեցիկ ապագայի, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլ հայ կոմպոզիտորների կատարումներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---