// IP Marketing video - START// IP Marketing video - END
22  "Հրազդան" մարզադաշտի նախագծումը, կառուցումը և առաջին խաղը
Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 1-ին

Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 1-ին

«Հրազդանի» բացումը կատարեցին «Արարատն» ու ողջ հայությունը

Հայաստանի ամենամեծ ստադիոնը «Հրազդանն» է, որն այս տարի կդառնա 42 տարեկան: Այս գեղեցիկ ու բոլոր հայերի կողմից սիրելի մարզադաշտը 2012-ին ոչ միայն կնշի իր ծննդյան 42-ամյակը, այլև վերանորոգված ու նոր շնչով կընդունի ֆուտբոլասերների կողմից սպասված` Հայաստան-Իտալիա հանդիպումը:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը պատրաստել է առանձին խորագիր «Մեր «Հրազդանի» պատմությունը», որի շրջանակներում կներկայացնի մարզադաշտի ստեղծման պատմությունը, ինչպիսի գեղեցիկ հաղթանակների է ականատես եղել «Հրազդանը» և ինչպես ենք բոլորս ցանկանում, որ այդ հաղթանակները կրկնվեն նաև այսօր:

Խորագրի առաջին մասում կներկայացնենք, թե ով է որոշել հենց Հրազդանի կիրճում կառուցել ստադիոնը, ինչու էր Խորհրդային իշխանությունը դադարեցրել շինարարությունը, ինչու տեղի չունեցավ բացման պաշտոնական արարողությունը, ինչով էր ստադիոնը համարվում նորարար ամբողջ աշխարհում և այլ հետաքրքիր մանրամասներ:

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների Ակադեմիայի օտարերկրյա անդամ, պրոֆեսոր Գուրգեն Մուշեղյանի դիպլոմային աշխատանքի թեման եղել է Հրազդանի կիրճում մարզադաշտի նախագծային առաջարկը. «Դիպլոմայինս պաշտպանեցի, անցան տարիներ, և 1964 թվականին սպորտային պալատի կառուցման համար մրցույթ հայտարարվեց, որը պետք է նվիրվեր Խորհրդային Հայաստանի 50-ամյակին: Մեր խումբը` Կորյուն Հակոբյանի գլխավորությամբ, շահեց այդ մրցույթը: Ի դեպ, Հակոբյանը նաև իմ դիպլոմայինի ղեկավարն էր»:

Անաստաս Միկոյանն ու «Հրազդան» մարզադաշտը.

Սակայն մի պահ տեղափոխվեք 1950-ական թվականներ: Այս ժամանակ էր, որ Երևան էր եկել Անաստաս Միկոյանը: Նա հանգրվանել էր կառավարական ամառանոցի սև շենքում, որը գտնվում է այսօրվա մարզադաշտի դիմացի բարձրունքում: Միկոյանը տեսել է Հրազդանի կիրճում բնական ամֆիթատրոնը և առաջարկել իր հովանավորությամբ այդտեղ կառուցել 25-30 հազարանոց մարզադաշտ և կոչել «Պիշչևիկ»: Այնպես որ, ստադիոնի վայրի ընտրության ու մտահաղացման հեղինակ կարելի է համարել Անաստաս Միկոյանին:

Այս խոսակցությունը մնում է լոկ խոսակցություն, և ստադիոնի կառուցումը հետաձգվում է անորոշ ժամանակով:

Խորհրդային Հայաստանի 50-ամյակը, Գուրգեն Մուշեղյանը, Կորյուն Հակոբյանը և Էդուարդ Թոսունյանը.

Հայաստանը 1970 թվականին պետք է նշեր խորհրդային կարգերի հաստատման 50-ամյա հոբելյանը: Հանրապետության ղեկավարությունը գիտակցում էր, որ ժամանակն է եկել ունենալ մեծ սպորտային կառույց: 1967 թվականին իշխանությունները հասկացան, որ երկու տարում չեն հասցնի կառուցել սպորտային պալատ, և քանի որ այդ ժամանակ «Արարատ» ֆուտբոլային թիմը գտնվում էր բարձունքում, որոշվեց կառուցել «Հրազդան» մարզադաշտը: Ստադիոնը պետք է կառուցվեր Հրազդանի կիրճում, այդտեղից էլ ստացել է իր անունը:

«Մարզադաշտի կառուցման աշխատանքների ղեկավար էր նշանակվել Կորյուն Հակոբյանը, և հեղինակային խմբում ընդգրկվեցի նաև ես: Մեր խումբը ավելի մեծ էր, բայց եղան տարաձայնություններ և վերջում մնացինք ես, Հակոբյանը և կոնստրուկտոր Էդուարդ Թոսունյանը: Մի հետաքրքիր բան նշեմ. ես սուսերամարտիկ եմ եղել, ընդգրկվել եմ ԽՍՀՄ հավաքականում, Հակոբյանը` ծանրորդ, իսկ Թոսունյանը երկար տարիներ զբաղվել է շախմատով: Կարծում եմ սա էր պատճառը, որ մենք կապված ենք եղել սպորտի ու սպորտային կառույցների հետ»,- նշում է Մուշեղյանը:

Ճարտարապետները շտապ ավարտում են նախագիծը, համաձայնեցնում միութենական կառավարության հետ: Ապա սկսում են իրականացվել աշխատանքային գծագրերը, որոնք ընթանում էին շինարարությանը զուգահեռ:

Խորհրդային Միության ղեկավարները փորձեցին խոչընդոտել «Հրազդանի» կառուցումը.

Սակայն եղավ մի պահ, երբ շինարարական աշխատանքները դադարեցվեցին: Բանն այն է, որ Խորհրդային այլ հանրապետություններում մեծ աղմուկ էր բարձրացել այն հարցի շուրջ, որ Հայաստանում կառուցվում է նման մեծության մարզադաշտ:

«Հրազդանը» ողջ Սովետական Միությունում իր մեծությամբ 3-րդ մարզադաշտն էր լինելու: Առաջինը Մոսկվայի «Լուժնիկին» էր, երկրորդը` Կիևի Լուբանովսկու անվան ստադիոնը: Միութենական ղեկավարները հայտնեցին, թե մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի համար 70 - հազարանոց ստադիոնը շատ մեծ է: Սակայն Հայաստանի ղեկավարները գտան ստադիոնը փրկելու լուծումը: Նրանք հիմնավորեցին, որ Հայաստանի տարածքը փոքր է, և մեկ ժամվա ընթացքում հնարավոր է տրանսպորտով հասնել Երևան, սա հանրապետական նշանակության մարզադաշտ է: Բացի այդ, այն ժամանակ Հանրապետական մարզադաշտն արդեն չէր բավականացնում: «Արարատի» բազմահազար երկրպագուներ խաղերից հետո մի քանի անգամ ընդհարումներ էին եղել, անգամ մեքենաներ հրդեհվել: Եվ, փաստորեն, հայկական կողմից հաջողվեց համոզել Մոսկվային, և «Հրազդան» մարզադաշտի շինարարությունը վերսկսվեց:

Միկոյանը տեսավ «Հրազդանի» կառուցումը.

«Երբ շինարարությունը մոտենում էր ավարտին, Երևան ժամանեց Անաստաս Միկոյանը: Մենք հանդիպեցինք նրա հետ ստադիոնում, և ես ասացի, որ գիտեմ, թե մարզադաշտի մտահաղացումը իրենն է եղել: Նա իսկապես ուրախ էր, որ այն կառուցվում է և հենց այդ նպատակով էլ եկել էր այստեղ»,- նշում է Մուշեղյանը:

Շինարարության ընթացքի յուրաքանչյուր ժամը ծրագրված էր: Բոլոր աշխատողներն ամիսներով տուն չէին գնում, տրիբունաների տակ սենյակներ էին սարքել, որտեղ էլ քնում էին:

«Նախագծողներիս համար շինհրապարակին կից տնակ էին հատկացրել, որտեղ էլ մենք ապրում էինք և աշխատում: Մի խոսքով, օրը 24 ժամ մենք հետևում էինք շինարարության ընթացքին և ամբողջովին ներգրավված էինք այդ ամենի մեջ»,- ավելացնում է ճարտարապետը:

Մուշեղյանը խոստովանում է, որ ոգևորիչ էր այն, որ շինարարությանը մասնակցում էր ողջ ժողովուրդը: Ամբողջ շինարարության ընթացքում հասարակությունը շրջափակում էր հրապարակը, բոլորը գալիս էին և հետևում ընթացքին: Սպասումը մեծ էր, և այն փոխհատուցվեց հաղթանակներով: «Հրազդանի» շահագործման առաջին տարում «Արարատը» նվաճեց արծաթե մեդալներ, իսկ արդեն հաջորդ տարի` ոսկե:

«Հրազդանի» շինարարությունը դարձել էր համաժողովրդական.

«Հրազդան» մարզադաշտի շինարարական աշխատանքները սկսվեցեցին 1969 թվականի երկրորդ կեսին և ավարտվեցին 1970 վերջերին:

«Ամենակարևորը` կառույցը գտնվում էր հանրապետության ղեկավարների ուշադրության կենտրոնում: Աշխատանքը ղեկավարում էր Կարեն Դեմիրճյանը: Նրա ներկայությունը շինհրապարակում, նրա խստապահանջությունը մի նպատակ ուներ` 1970 թվականի նոյեմբերի 29-ին ավարտել մարզադաշտի շինարարությունը»,- շարունակում է նախագծի գլխավոր ճարտարապետը:

Շինարարությունը տևեց ընդամենը 18 ամիս: Ծախսվել է ընդամենը 5 մլն ռուբլի: Գումարի մեջ մտած չեն եղել այն բոլոր աշխատանքները, որոնք կապված էին փողոցների շինարարության և բարեկարգման հետ: Բացի այդ, հանրապետության գրեթե բոլոր շինարարական կազմակերպությունները մասնակցել են ստադիոնի կառուցմանը, շաբաթօրյակների ժամանակ միշտ օգնել են: «Հրազդանի» շինարարությունը դարձել էր համաժողովրդական շինարարություն: Բոլորն անհամբեր սպասում էին ստադիոնի կառուցմանը:

Առատ ձյունը, Լեոնիդ Բրեժնևը և ստադիոնի չկայացած բացումը.

1970-ի նոյեմբերի 29-ին Խորհրդային Հայաստանը նշելու էր իր 50-ամյակը: Այս օրն էլ հենց տեղի էր ունենալու մարզադաշտի պաշտոնական բացման արարողությունը: Բազմաթիվ հյուրեր էին ժամանել, որոնց թվում էր նաև Լեոնիդ Բրեժնևը:

Սակայն այդ օրն առատ ձյուն տեղաց և հնարավոր չէր միջոցառում կազմակերպել, այդ պատճառով էլ բացումը տեղի չունեցավ: «Հրազդանի» իրական բացումը կայացավ 1971 թվականի մայիսին, երբ «Արարատը» հանդիպեց Ալմաթիի «Կայրաթին» և հաղթեց 3:0 հաշվով:

Ժողովուրդն ինքը բացեց ստադիոնը.

«Առաջին խաղը այնքան տպավորիչ էր, որ կարելի էր խելագարության հասնել: Ժողովուրդն անհամբեր սպասում էր այդ հանդիպմանը: Առաջին գոլից հետո, երբ բոլորը կանգնեցին և սկսեցին ծափահարել, ստադիոնը կարծես ալեկոծվելիս լիներ: Այն ժամանակ մարդիկ թերթեր էին իրենց հետ տանում ստադիոն, որպեսզի դնեն նստարանին նոր նստեն: Այդ օրը բոլորը այրեցին թղթերը, և ողջ մարզադաշտը վերածվեց վառվող ջահերի»,- հիշում է Մուշեղյանը:

«Դա ցնծություն էր: Եվ սա էր մարզադաշտի իսկական բացումը` առանց պաշտոնական արարողության ու երկար-բարակ ճառերի: Ժողովուրդն ինքը բացեց ստադիոնը և սրանից հետո էլ սկսվեց «Արարատի» մեծ հաղթարշավը»,- մի առիթով ասել է Վրեժ Աբրահամյանը, որը «Հրազդան» մարզադաշտի շինարարությունում աշխատել է որպես Արևմտյան տրիբունայի հողային աշխատանքների տեղամասի պետ:

«Հրազդանի» նորամուծությունները` լուսավորությունը, խոտածածկը, արտաքին տեսքը

Կառույցի շինարարությունն առանձնահատուկ էր, քանի որ նախագծումն ընթանում էր շինարարությանը զուգահեռ: Այստեղ օգտագործվեցին շինարարական նոր մեթոդներ, ինչպիսինները մինչ այդ չէին կիրառվել: Դրանցից էին բետոնի տաքացումը, կոշտ ամրաններով հենասյուների և բարձակային հեծանների կառուցումը: Սրանք բոլորը նորամուծություններ էին և նպաստեցին, որ կարճ ժամանակահատվածում շինությունը շահագործման հանձնվի:

«Հրազդանը» բացառիկ էր նաև լույսերով: Ստադիոնը լուսավորվում էր հալոգեն լամպերով, որոնք արտադրվում էին Երևանում, և մինչ այդ ոչ մի ստադիոն նման լուսավորություն չի ունեցել: Երբ հանդիպումները սկսվում էին երեկոյան, ոչ ֆուտբոլիստները և ոչ էլ երկրպագուները չէին նկատում, թե ինչպես է բնական լույսին «փոխարինում» էլեկտրականը:

«Հրազդանի» դաշտն աշխարհում առաջին էր, որի տակ կանալներ կան, որոնցով ջուրը տրվում ու հեռացվում է դաշտից: Այս յուրահատուկ տեխնոլոգիայով է պայմանավորված, որ անձրևից հետո դաշտում ջուր չի հավաքվում: Խոտածածկի տակ երկաթ-բետոնե «ափսե» է սարքված, և խոտը ջրվում է տակից: Ջուրը բարձրանում է մինչև արմատները, կանաչը և թարմ է լինում և միևնույն ժամանակ` չոր: Այս տեխնոլոգիայի մասին ժամանակին գիտական ֆիլմ է նկարահանվել:

Ճարտարապետները մտածել էին նաև ստադիոնի արտաքին տեսքի մասին: Ստադիոնի և շրջակա միջավայրի միջև պետք է լիներ ներդաշնակություն: Դա էր պատճառը, որ նստարանները ներկել են կանաչ` համապատասխանեցնելով շրջակա բնությանը:

Կառույցը ներկայացվել է ԽՍՀՄ պետական մրցանակի, սակայն նախապատվությունը տրվել է մեկ այլ նախագծի`Զելենոգրադի էլեկտրոտեխնիկայի մոսկովյան ինստիտւտին (Здание московского института электронной техники в Зеленограде): Փոխարենը «Հրազդանը» ստացավ Հայաստանի պետական մրցանակ:

«Հրազդանում» առաջին խաղը կայացավ «Արարատի» ֆուտբոլիստների և շինարարների միջև.

Շինարարության ամբողջ ընթացքում կառուցողների կողքին են եղել «Արարատի» ֆուտբոլիստներն ու ակումբի ղեկավարները: Ստադիոնի շինարարության ավարտից հետո շինարարները թիմ են կազմել ու խաղացել «Արարատի» դեմ:

Խաղի մանրամասներն ու ֆուտբոլիստների պատմությունները կներկայացնենք արդեն հոդվածաշարի երկրորդ մասում...

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Ուշադրության կենտրոնում
Մխիթարյան. Էմերին մի փոքր փոխել է «Արսենալի» խաղաոճը

Մխիթարյան. Էմերին մի փոքր փոխել է «Արսենալի» խաղաոճը Մխիթարյանի գոլը 86-րդ րոպեին փրկել է «Արսենալին» վերջին 16 խաղում առաջին պարտությունից

 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»