// IP Marketing video - START// IP Marketing video - END
22  "Հրազդան" մարզադաշտի նախագծումը, կառուցումը և առաջին խաղը
Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 2-րդ

Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 2-րդ

«Հրազդանի» պես գեղեցիկ և շքեզ ստադիոնը մեծ վերելք կհաղորդի նաև մեր ազգային հավաքականին

Եթե չլինեին «Արարատի» հաղթանակները` չէր լինի «Հրազդան» մարզադաշտը, և եթե չլիներ «Հրազդան» մարզադաշտը` չէր լինի «Արարատ-73»-ը: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է «Հրազդանի» մասին պատմող հոդվածաշարի 2-րդ մասը, որտեղ այս մարզադաշտի մասին պատմում են «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստները:

PanARMENIAN.Net - 1971 թվական, մայիսի 17. Երևանի «Արարատն» առաջին հանդիպումն է անցկացնում «Հրազդան» մարզադաշտում: Մրցակիցը Ալմա Աթայի «Կայրաթն» է:

Ողջ հայությունը սպասել էր այս օրվան, և ահա վերջապես «Հրազդանն» իր ամբողջ գեղեցկությամբ ընդունում է բազմահազար երկրպագուներին:

Լարվածությունը մեծ էր նաև «Արարատի» ֆուտբոլիստների մոտ: Բոլոր խաղացողներն էլ մինչև այսօր սրտի թրթիռով ու հուզմունքով են հիշում այդ օրը:

Առաջին խաղը «Հրազդանում» ազդարարեց «Արարատի» հաղթարշավի սկիզբը.

«Այդ օրը մարդիկ Լենինի (այսօրվա Հանրապետության) հրապարակից ոտքով եկան ստադիոն, ու երբ մտանք դաշտ, առաջինն աչքի զարնեց բազմահազար մարդկանց գլուխները: Մենք էլ էինք զարմացել, որ այսքան մարդ է հավաքվել: Ու հասկացանք, որ մենք չենք կարող հուսախաբ անել նրանց ու պետք է ամեն գնով հաղթել: Այդ հաղթանակը մեզ մեծ ոգևորություն և պատասխանատվության զգացում տվեց, ինչն էլ մեծ հաղթանակների սկիզբ դարձավ»,- հիշում է «Արարատ-73-ի» ավագ Հովհաննես Զանազանյանը:

«Արարատը» ոչ միայն հուսախաբ չարեց, այլև հաղթեց խոշոր` 3:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Զանազանյանը, Նիկոլայ Ղազարյանն ու Ալեքսանդր Կովալենկոն:

«Առաջին խաղն անմոռանալի է: Անկեղծ եմ ասում, հիմա պատմում եմ, ու ինձ թվում է, թե ես դաշտում եմ ու տեսնում եմ այն ցնծությունը, որը կար սրանից մոտավորապես 40 տարի առաջ: «Կայրաթի» դեմ խաղը մեզ համար շատ թանկ էր: Փառք աստծո, կարողացանք հաղթանակի հասնել: Ստադիոնը թնդում էր ուրախությունից», - հավելում է կիսապաշտպան Սերգեյ Պողոսյանը:

«Հրազդանը» կառուցվեց ճիշտ ժամանակին.

Մարզադաշտի ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը կարծում է, որ եթե չլինեին «Արարատի» հաղթանակները` չէր լինի «Հրազդան» մարզադաշտը, և եթե չլիներ «Հրազդան» մարզադաշտը` չէր լինի «Արարատ-73»-ը:

«Կային մարդիկ, ովքեր թերահավատորեն էին վերաբերվում ստադիոնին, կարծում էին, որ յարուսը կքանդվի, որովհետև ծանրաբեռնվածությունը մի կողմի վրա է: Բայց ստադիոնն այնքան ճիշտ է կառուցվել, որ դիմակայեց տարիների փորձությանը»,- ասում է «Արարատ-73»-ի ավագը:

Այդ տարիներին Երևանի «Արարատը» գտնվում էր բարձունքում և խաղից խաղ ապացուցում, որ Հայաստանում կարող են խաղալ բարձրակարգ ու թիմային ֆուտբոլ, դառնալ չեմպիոն:

Մինչ «Հրազդանի» կառուցումը թիմը խաղում էր Հանրապետական մարզադաշտում, բայց անհամբեր սպասում էր, թե երբ են ավարտվելու «Հրազդանի» շինարարական աշխատանքները:

«Խորհրդային Միության ժամանակ նման ստադիոն կառուցելը շատ դժվար էր, պետք էր տարբեր թույլտվություններ ստանալ Մոսկվայից, բայց փառք ու պատիվ մեր երկրի ղեկավարներին, որոնք կարողացան ստանալ համաձայնություն և ողջ հայությանը նվիրել այսպիսի մարզադաշտ»,- ասում է Պողոսյանը:

«Մրցակցի հարկի տակ շատ մեծ ստադիոններում էինք խաղում և միշտ երազում էինք, թե մենք երբ ենք նմանատիպ մարզադաշտ ունենալու: «Հրազդանը» շատ ճիշտ ժամանակին կառուցվեց, դա իսկական հրաշք էր մեզ համար»,- շարունակում է Զանազանյանը:

«Հրազդանը» բացառիկ, շատ գեղեցիկ ու մտածված ստադիոն է: Մենք մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր կառուցել են այն: Նրանք մեզ` «Արարատի» ֆուտբոլիստներիս, մեծ նվեր են մատուցել, կարծում եմ մենք էլ արդարացրել ենք մեզ, վատ չենք խաղացել ու ուրախացրել ենք բոլորին»,- ավելացնում է Պողոսյանը:

«Հրազդանի» պայմանները ոգևորում էին ֆուտբոլիստներին.

Ֆուտբոլիստները խոստովանում են, որ գեղեցիկ ու մեծ ստադիոնը շատ կարևոր է, բայց իրենց համար առաջնայինը լավ խոտածածկն էր, և «Հրազդանը» ուներ նման դաշտ:

Խոտի սերմը բերվել էր արտասահմանից, և գազոնը գտնվում էր հիանալի վիճակում: «Շատ գեղեցիկ էին նաև ստադիոնի հանդերձարանները: Յուրաքանչյուրս մեր աթոռն ունեինք, որի վրա դրվում էր մեր մարզահագուստը: Նման լավ հանդերձարաններ մենք տեսել էինք տարբեր երկրներում, բայց շատ կարևոր էր, որ մենք էլ արդեն ունեինք: Հիմա ամեն մի թիմ ունի այսպիսի պայմաններ, բայց այն ժամանակ սա մեզ համար իրոք հրաշալի բան էր»:

Մեդալները նվիրեցինք նաև մեր երկրպագուներին ու «Հրազդանին».

«Երբ մտնում էինք ստադիոն, ու 75 հազար երկրպագուները միասին վանկարկում էին «Արարատ, հուպ տուր», նայում էի մրցակցի ավագին ու պարզ էր, որ նրանք հոգեբանորեն արդեն ընկճվել են: Ու, փաստորեն, մեր երկրպագուների ու ստադիոնի շնորհիվ որոշակի առավելությամբ էինք սկսում խաղը: Հաճախ նույնիսկ ինձ մրցակցի ավագներն ասում էին. «Խաղը չսկսած` դուք արդեն հաղթում եք 1:0 հաշվով»,- անկեղծանում է Զանազանյանը:

1973 թվականին ԽՍՀՄ Գավաթին տիրանալուց հետո «Արարատը» դեռ առաջնության հանդիպումներ ուներ: Այդ ժամանակ դեռ պարզ չէր, թե որ թիմն ի վերջո կհռչակվի ԽՍՀՄ չեմպիոն:

«Վերջին խաղը խաղալու էինք «Զենիթի» հետ հոկտեմբերի 28- ին հենց «Հրազդանում»: Շատ լավ խաղ ստացվեց, ու մենք հաղթեցինք 3:2 հաշվով: Ստադիոնը լեփ լեցուն էր: Խաղի ավարտին մեկ էլ տեսնենք երկրպագուները թերթեր են վառել, ու ստադիոնը «վառվում» էր լույսերի մեջ: Այդպիսի ուրախությունն ու սերը մեզ համար ամենամեծ բանն է: Պատվո շրջան կատարեցինք ստադիոնում, ու այդ հաղթանակն ու չեմպիոնական մեդալները նվիրեցինք նաև մեր երկրպագուներին ու «Հրազդանին»: Իրոք, այս ստադիոնը մեզ հիանալի պահեր է պարգևել»,- շարունակում է վերհիշել Պողոսյանը:

«Հրազդանում» «Արարատը» իրոք շատ հաղթական ու գեղեցիկ հանդիպումներ է նվիրել երկրպագուներին: Բայց, ինչպես խոստովանում են ֆուտբոլիստները և ինչպես կփաստեն երկրպագուները, ամենալարված հանդիպումները ստացվում էին Թբիլիսիի «Դինամոյի» հետ. «Հրազդան» եկած երկրպագուներն էլ էին պահանջում, որ մենք պարտադիր հաղթենք: «Դինամոյից» շատ ընկերներ ունեինք, որոնց հետ հանդես էինք գալիս ԽՍՀՄ հավաքականում, բայց խաղադաշտում մենք միշտ էլ մրցակիցներ էինք լինում»:

«Արարատ-73»-ը շարունակում է խաղալ «Հրազդանում».

Այսօր Հայաստանի ֆուտբոլային վետերանների միությունը տարբեր միջոցառումներ է կազմակերպում, որոնց ընթացքում «Արարատի» նախկին ֆուտբոլիստները հանդիպումներ են անցկացնում տարբեր թիմերի հետ:

«Խաղեր լինում են նաև մեր հարազատ «Հրազդանում»: Հիշում ենք, բնականաբար, բոլոր այն գեղեցիկ ու լավ օրերը, որոնք անց ենք կացրել այստեղ: Չէ որ մեր երիտասարդությունն անցել է հենց « Հրազդանում»,- ասում է Սերգեյ Պողոսյանը, որը ղեկավարում է ֆուտբոլային վետերանների միությունը:

«Հրազդանն» ամենալավ ստադիոնն է աշխարհում.

«Արարատը» 1973 թվականին ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր դարձավ նաև ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի շնորհիվ: Սիմոնյանը կարողացել էր ստեղծել համախմբված ու նպատակասլաց մի թիմ, որը մինչև այսօր միայն դրական ու հաճելի հիշողություններ է արթնացնում բոլոր հայերի մոտ:

«Հրազդանը» շատ գեղեցիկ ստադիոն է, որն իրականում պատկանում է մեր ազգին, այն մեծ դեր է խաղացել Հայաստանի կյանքում: Սա իսկական նվեր էր «Արարատի» համար: Ստադիոնն ականատեսը եղավ բազմաթիվ հաղթական ու գեղեցիկ հանդիպումների»,- մի առիթով նշել է Սիմոնյանը:

«Արարատի» լեգենդար հարձակվող Էդուարդ Մարկարով. «Հրազդանը» մեզ մեծ ֆուտբոլ խաղալու հնարավորություն տվեց: Մենք սկսեցինք հաջողություններ գրանցել նաև «Հրազդանի» շնորհիվ: «Արարատի» հանդիպումներին 80-90 հազար հանդիսականներ էին գալիս, և մենք ամեն ինչ անում էինք նրանց հուսախաբ չանելու համար: Մեր ակումբի ամենալավ հիշողությունները կապված են մեր ստադիոնի հետ: Մեզ համար այն լավագույն ստադիոնն է աշխարհում»:

Մեկ այլ լեգենդ Լևոն Իշտոյանն այսօր ապրում է ԱՄՆ-ում, սակայն փաստում է, որ միշտ էլ սիրով է հիշում այն բոլոր հանդիպումները, որոնք նա անցկացրել է «Հրազդանում». « Այս մարզադաշտը մեր հաջողությունների կենտրոնն էր, մեր հաղթանակների ականատեսը: Այն ամենալավ ստադիոնն է աշխարհում»:

Սերգեյ Պողոսյան. «Ինձ համար « Հրազդանից» գեղեցիկ, թանկ ու լավ ստադիոն աշխարհում չկա: Ինչպես ամեն մի ծնողի համար իր երեխան է ամենալավն ու սիրունը, այնպես էլ « Հրազդանն» է մեզ համար: Նա մեր հարազատ ստադիոնն է, այնտեղ մենք շատ հուզումներ, հաղթանակներ ու անմոռանալի պահեր ենք ունեցել»:

«Հրազդանը» կօգնի նաև Հայաստանի ազգային հավաքականին.

«Արարատի» նախկին ֆուտբոլիստներն այսօր հետևում են հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին: Նրանք համոզված են, որ ազգային հավաքականը գտնվում է լավ մարզավիճակում, և Եվրոպայի առաջնության ընտրական փուլը ցույց տվեց, որ այդ թիմը ասելիքներ ունի: Իսկ նրանց ցուցադրած հանդիպումները պետք է դիտել այնպիսի մեծ ստադիոնում, ինչպիսին «Հրազդանն» է:

«Հրազդանի» պես գեղեցիկ և շքեզ ստադիոնը մեծ վերելք կհաղորդի նաև մեր ազգային հավաքականին: «Հրազդանը» հաղթանակների ու նվաճումների սիմվոլ է, և ինչպես ժամանակին օգնել է մեզ, հիմա էլ կօգնի այսօրվա ֆուտբոլիստներին»,- կարծում է Զանազանյանը:

«Պետք է պահել ու պահպանել «Հրազդանը», որովհետև այն ազգային արժեք է: Այն շատ է տեսել հաղթանակներ և ուրախության արցունքներ, ու ես հավատում եմ, որ մեր հավաքականն այստեղ պետք է բազմաթիվ հաղթանակներ տանի»,- եզրափակում է Պողոսյանը:

Իսկ թե ինչեր տեղի ունեցան «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի անկախացումից հետո, կներկայացնենք արդեն մյուս շաբաթ:

Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 1-ին

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Ուշադրության կենտրոնում
ՀՀ հավաքականը 2 արծաթ է նվաճել ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում

ՀՀ հավաքականը 2 արծաթ է նվաճել ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում Արծաթ են նվաճել Շանթ Խաչատրյանը և Սահակ Հովհաննիսյանը

 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»