// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին

Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին

Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել

Ծանրության բարձրացման առաջին պաշտոնական մրցումները կազմակերպվել են ԱՄՆ-ում 19-րդ դարի կեսերին։ Որպես առանձին մարզաձև, ծանրամարտն ընդգրկվել է 1896-ի ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերի ծրագրում։ Դրանից միայն 30 տարի անց՝ 1927-ից, Հայաստանում սկսել են զբաղվել ծանրամարտով, երբ հանրապետական սպորտկոմիտեին կից սկսեց գործել ծանրամարտի խումբը։ Մեկ տարի անց՝ 1928-ին, Երևանում անցկացվեց ծանրամարտի հանրապետական առաջին առաջնությունը։ Հայ ծանրամարտիկները, 1928-ից սկսած, մասնակցել են Խորհրդային Միության, 1947-ից՝ Եվրոպայի առաջնություններին։

PanARMENIAN.Net - 2001-ին Հայաստանից առաջին անգամ կին ծանրորդ է մասնակցել միջազգային մրցաշարին՝ Հռիփսիմե Խուրշուդյանն էր:

2016-ին Հայաստանի ծանրամարտիկների հավաքականն իր պատմության մեջ լավագույն արդյունքը գրանցեց՝ Եվրոպայի առաջնության մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցնելով առաջին տեղը:

Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճեցին 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Թուրքիան էր, երրորդ` Ուկրաինան: Տղամարդկանց պայքարում աշխարհամասի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճեց Տիգրան Մարտիրոսյանը: Վանիկ Ավետիսյանը փոքր բրոնզե մեդալ ստացավ, Գոռ Մինասյանը՝ երկու արծաթ, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզ:

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյան

Հայաստանի կանանց հավաքականը 449 միավորով դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, իսկ տղամարդկանց հավաքականը երկրորդն էր՝ Ռուսաստանն առաջ անցավ:

Կանանց հավաքականի կազմում 2016-ի Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդն տեղը զբաղեցրեց, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, և Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:

PanARMENIAN.Net ը զրուցել է թիմերի գլխավոր մարզիչների ու մարզիկներից մի քանիսի հետ:

Առաջին անգամ թիմային պայքարի մեջ էինք

Կանանց ծանրամարտի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը պատմում է. «Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի համար նոր էջ է գրվում: Նկատի ունեմ թիմային պայքարի առումով, քանի որ մինչ այդ թիմային պայքար երբեք չենք ունեցել: Ընդամենը 2, 3 կամ 4 հոգով էինք մասնակցում մրցումներին ու միայն այն ժամանակ, երբ վարկանիշային մրցաշարեր էին, ինչպես, օրինակ, Աշխարհի առաջնությունը՝ պայքարում օլիմպիական ուղեգրերի համար: Անհատապես չեմպիոններ դառնում էինք, սակայն թիմով միշտ հետ էինք ընկնում: Եթե նայեք այլ երկրներին՝ բոլորը վաղուց ունեն աղջիկների թիմ»:

Առաջնությունների պայքարին թիմային մոտեցման բացակայության պատճառը կին ծանրորդների պակասն էր: «Պատրաստված աղջիկներ քիչ ենք ունեցել, նոր է համալրվել հավաքականը: Երկար և քրտնաջան աշխատանք է: Իսկ այս հաջողությունը, կարծում եմ, կանանց ծանրամարտի մասսայականացման գործում դեր կունենա:

Դրանից լավ, ուժեղ խթան ես չեմ պատկերացնում: Էլ ի՞նչ պրոպոգանդա պետք է լինի, որ մարդիկ հասկանան, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, որ դա մասնագիտություն է, դրա դիմաց վճարվում են, և ովքեր ուժ, հնարավորություն ունեն, թող փորձեն իրենց այս մարզաձևում: Մարզիչները պետք է աղջիկներիի շատ հավաքագրեն, որպեսզի որակային առումով ընտրություն լինի»:

Դեպի Ռիո

Ներսիսյանի խոսքով, աղջիկները շատ մոտ են Օլիմպիական մեդալին, սակայն դեռ աշխատելու տեղ կա:

Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2016-ի օգոստոսի 5-21-ը Ռիո դե Ժանեյրոյում։ Կանանց հավաքականն օլիմպիական 2 ուղեգիր ունի: Տղամարդկանց հավաքականը՝ 5:

«Պետք է շատ աշխատենք, վնասվածքներից հեռու մնանք: Հռիփսիմեի խնդիրը քաշն է: Նա ելույթ է ունենում +75 քաշայինների կարգում, որտեղ քաշի վերին սահմանափակում չկա: Այս առաջնությունում նույնիսկ 120-130 կգ կշռող աղջիկներ կային, երբ Հռիփսիմեն 87 կիլոգրամ է կշռում: Նազիկի խնդիրը վթարի հետևանքներն են. 2009-ին նրա բարձրացրած քաշը ոչ մեկը չէր բարձրացնում: Առաջվա մարզավիճակին վերադառնալը հավանական է, բայց պրակտիկորեն՝ չգիտենք: Երեք ամիսը կարճ ժամանակ է, կփորձենք, ամեն ինչ կանենք:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասում է, թե լիովին գոհ կլիներ հայ մարզիկների ելույթից, եթե բոլորը չեմպիոն դառնային: «Մեր տղաների բարձրացրած քաշերը մոտ են Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի մեդալային պայքարին: Անելիքներ դեռ շատ ունենք: Մարզիկները դեռևս պետք է բարելավեն իրենց մարզավիճակը, որ կարողանան Օլիմպիադային մակարդակով մեդալների հավակնել: Դեռևս հավասարի դիրքում ենք, սակայն պետք է առավելություն ձեռք բերենք»:

Հոգեբանության մասին

Ներսիսյանի խոսքով, ուժեղի հոգեբանությունը միշտ ուժեղ է: Իսկ դրա համար աշխատանք է պետք, ֆիզիկական պատրաստվածություն: Նշում է, որ ժամանակ առ ժամանակ մարզիկների հետ հոգեբան է աշխատում, երբ պետք է լինում: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալավերդյանը մարզիկների հետ հոգեվերլուծաբանի աշխատանքի անհրաժեշտությանն անվստահությամբ է մոտենում. «Հոգեբանական աշխատանքը մարզումների ընթացքում է կարատվում խոսքի, շփման միջոցով, առանձին հոգեբան մեզ պետք չէ»:

Նազիկ Ավդալյանը՝ ԵԱ չեմպիոն

2009-ին ծանրամարտի Աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն, դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի աշխարհիառաջինչեմպիոնը։ 2008-ի Եվրոպայի չեմպիոն է: 2011-ին ավտովթարի հետևանքով ողնաշարի վնասվածք է ստացել, վիրահատություն տարել, վերադարձել մեծ սպորտ միայն 2015-ին՝ ծանրամարտի Աշխարհի առաջնությանը մասնակցելով և զբաղեցնելով միայն 14-րդ հորիզոնականը: Եվ ահա 2016-ին մինչև 69 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն է դարձել: Ամուսնացած է, երեխաունի:

Սպորտ վերադառնալու, վերականգնվելու ճանապարհին ամենադժվարն ընտանիքից կտրվելն էր, երեխայից հեռու լինելը, և, իհարկե, հոգեբանական խնդիրները վնասվածքից հետո: Դժվար էր լսել կարծիքները, թե չեմ կարողանալու: Երբ սկսեցի նորից մարզվել՝ շատերն ասում էին՝ «ինչիդ է պետք, միևնույն է՝ չես հասնելու քո առաջվա մարզավիճակին և ձեռքբերումներին»: Իհարկե, կային մարդիկ, որ դա ցավով էին ասում, իսկապես չհավատալով: Սկզբից դժվար էր այդ կարծիքները լսել, սակայն արդյունքում հենց դա էլ մոտիվացրեց, չէ՞ որ ուզում էի ամեն ինչ անել, որ նրանք «ճիշտ դուրս չգան» (ծիծաղում է): Վերադարձա մի կարգախոսով. «անել, ինչ հնարավոր է, անհնարին բան չկա»: Հուսահատության պահին ասում էի ինքս ինձ. «այնքան մարզիկ կա, որ ամենադժվար դրությունից վերականգնվել են, ես էլ կկարողանամ»:

Երբ նոր էի մուտք գործում սպորտ, չէի մտածում, որ չեմպիոն կդառնամ: Իսկ հիմա, Օլիմպիադայից առաջ, գիտեմ, որ դեռ անելիք ունեմ, չեմ սպառվել, սահմանափակ չեմ մտածում:

Եթե ծանրաձողին ես մոտենում ինչ-որ վախերով, կասկածներով, ապա ավելի լավ է չմոտենալ: Եթե պարտության մասին ես մտածում, այդպես էլ կլինի: Կասկածելը, վախը կարող է նաև վնասվածքի բերել: Ծանրաձողին պետք է մոտենալ միայն բարձրացնելու տրամադրությամբ: Այդ ժամանակ նաև պետք է բոլոր մտքերը մի կողմ դնել: Ելույթից առաջ հետևում ենք հիմնական մրցակիցների ելույթին: Լինում է, մրցակիցդ բարձրացնում է և հասկանում ես՝ հիմա քո խոսքն ասելու ժամանակն է, ինչից, իհարկե, լարվում ես:

Ինձ համար այն ելույթն է հաջող, երբ կարողանում եմ անել այն, ինչ իսկապես կարող եմ: Այժմ պետք է աշխատեմ բարձրացրածս քաշերն ավելացնելու ուղղությամբ:

Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն

2015-ի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) գրավել է 4-րդ հորիզոնականը՝ պոկում վարժությունում նվաճելով փորք բրոնզե մեդալ:

Մրցումներից անմիջապես առաջ աշխատում եմ շատ չկենտրոնանալ, հանգիստ լինել, ուշադրությունը շեղել մտորումներից, թե ինչպիսին կլինի բուն ելույթը: Այդ ժամանակ հիմնականում նայում եմ նախորդ մրցումներում մոտեցումներս, հանգիստ երաժշտություն լսում:

Երբ լսեցինք ռազմական գործողությունների մասին լուրը, բոլորս պատրաստ էինք գնալ, կանգնել սահմանին, եթե համապատասխան որոշում լիներ: Իսկ առաջնությունում տրամադրվել էինք արդեն մեզանից կախվածն անել, մեր լուման ներդնել ազգային գործի մեջ, դա շատ պարտավորեցնող էր: Տրամադրվել էինք, որ կհաղթենք:

Վստահությունից եմ ոգեշնչվում, որն էլ ձեռք է բերվում հաղթանակների շնորհիվ, շատ եմ պարապում, կարծում եմ, ԵԱ-ում այս հաղթանակս էլ Օլիմպիադայում վստահություն կներշնչի: Իսկ նպատակն այն է, որ այնտեղ բարելավեմ անձնական արդյունքներս:

Հռիփսիմե Խուրշուդյան՝ Եվրոպայի ծանրքաշայինների չեմպիոն

Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց 75 կգ-ից բարձր քաշային կարգում մասնակցել է 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերին և նվաճել բրոնզե մեդալ։ Հռիփսիմեն պոկում վարժությունն ավարտել էր 128 կգ ցուցանիշով, իսկ հրմամբ բարձրացրել 166 կգ: 2007-ի Եվրոպայի չեմպիոն է, 2009-ի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 2014-ին ծանրորդուհին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Խուրշուդյանը 2015 թվականը սկսել է Եվրոպայի առաջնությամբ և գրավել 4-րդ տեղը:2016-ի Եվրոպայի առաջնությունում նա երկամարտի 250 կգ արդյունքով չեմպիոն դարձավ: Ամուսնացած է, երեխա ունի:

Երբ բավականին երկար դադարից հետո վերադառնում էի, ինքս ինձ հոգեբանորեն այսպես էի տրամադրում՝ «առաջվա նույն Հռիփսիմեն եմ, ասուսնացած չեմ, ընտանիք չունեմ, նույն ազատությունն է և սպորտը»:

Մրցումների պետք է միայն հաղթանակի հետևից գնալ, այն տրամադրությամբ, որ միշտ առաջինն ես, ի՞նչդ է պակաս, որ չկարողանաս: Իմ հոբեգանը մարզիչս է և ես՝ ինքս:

Խնդիրս գիտեմ՝ քաշն է պակաս: Հիմնական մրցակիցներն ինձնից 20 կգ ավելի ծանր են, իսկ դա մեծ նշանակություն ունի: Ինձ ասացին, եթե ուզում ես արծաթ, ոսկի ունենալ, պետք է քաշ հավաքես: Սակայն ինչ էլ անում եմ՝ չի ստացվում, նույն 87 կգ եմ մնում:

Սովորաբար, աղջիկները մտածում են նիհարելու մասին (ծիծաղում է), ես՝ ընդհակառակը:

Տեխնիկաս նորմալ է, կաշխատեմ Օլիմպիադայում հաջողության հասնել:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»