// IP Marketing video - START// IP Marketing video - END
12  09.11.16 - Երկու Պարալիմպիկ խաղերին մասնակցած լողորդ Մարգարիտա Հովակիմյանը մարզվում է
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին

Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին

«Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»

Ռիո դե Ժանեյրոյի Պարալիմպիկ խաղերում Հայաստանն ընդամենը երկու մասնակից ուներ. լողորդ Մարգարիտա Հովակիմյանը (Երևան) և ծանրորդ Գրետա Վարդանյանը (Գյումրի): 2012-ին Լոնդոնի Պարալիմպիադային Հայաստանը նույնպես ներկայացնում էին Վարդանյանն ու Հովակիմյանը: Փորձելով հասկանալ Պարալիմպիկ խաղերին մասնակցելու սահմանափակումների պատճառները, Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարզիկների խնդիրներն ու ձգտումները, PAN-ը զրուցել է լողորդ Մարգարիտա Հովակիմյանի հետ, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել նրա մարզումները:

PanARMENIAN.Net - Ջրում սահմանափակումներ չկան

Լողով սկսեցի զբաղվել 7 տարեկանից՝ առողջական նպատակներով. խնդիրներս ոտքերի հետ են կապված, այն ժամանակ էլ ասում էին՝ լողը լավ է, առողջացնում է: Հետո սկսեցի լուրջ զբաղվել, 8 տարի է՝ պրոֆեսիոնալ եմ պարապում, մրցումների մասնակցում:

Երբեք չեմ վախեցել ջրից, ինձ համար շատ տարօրինակ է լսել ջրի հետ կապված վախի մասին. տեսնես այդ ի՞նչ զգացողություն է: Ջրում ազատություն եմ զգում, կարողանում եմ ազատ շարժվել, ինչը ցամաքում չի ստացվում: Այնտեղ լիարժեք եմ դառնում: Ջուրն ինձ վստահություն է ներշնչում, կատակում եմ, որ նույնիսկ կապրեի ջրում, եթե հնարավոր լիներ:

Ֆիզիկական սահմանափակումներն այնտեղ անհետանում են: Երբ ջրում եմ, ոչ մեկ չի տեսնում, որ խնդիր ունեմ, երբ դուրս եմ գալիս, նոր մարդիկ տեսնում են հենակներն ու զարմանում. խնդիրս միայն ջրից դուրս է երևում:

Չի ստացվել, ավելի ճիշտ՝ չեն թողել, որ ստացվի

Երբ ավարտեցի դպրոցը, ցանկանում էի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ ընդունվել՝ լողի բաժին, սակայն չընդունեցին, նորմեր կան՝ վազք, ցատք՝ բնականաբար, չեմ կարող անել, ստացվում է՝ հաշմանդամություն ունեցողների համար արտոնություններ չկան, հնարավոր էր գումար տալ, որ դնեին, բայց գումարով չուզեցի ընդունվել: Նրանք հաշվի չառան, որ Հայաստանի չեմպիոն եմ, պարալիմպիկ մարզիկ, ներկայացնում եմ մեր երկիրը միջազգային ասպարեզում, միակ վարկանիշային լողորդն եմ նաև հաշմանդամություն չունեցող մարզիկների թվում:

Միջազգային ձեռքբերումներ, որ չեն գնահատվել

2010-ին Տյումենում մասնակցել եմ բաց առաջնության, երկու արծաթ եմ նվաճել, 2011-ին Դերժինսկուց բերել եմ 6 մեդալ՝ 3 արծաթ, երկու բրոնզ, մեկ ոսկի: 2014-ի աշխարհի առաջնությանը մեկ լողաձևից 7-րդ տեղն եմ զբաղեցրել, երկու այլ լողաձևում՝ 10-րդն էի: Մրցումների մասնակցում եմ հիմնականում անհատ հովանավորների շնորհիվ կամ սեփական միջոցներով, իսկ Պարալիմպիկ խաղերին արդեն պետությունն է ուղարկում:

Հայաստանում պարալիմպիկ մարզիկները հնարավորություն չեն ունենում հաճախ գնալ մրցումների, իսկ դրանք փորձ ձեռք բերելու, աճելու հնարավորություն են տալիս, որպես մարզիկ կայանալու հնարավորություն, մենք դրա պակասն ունենք, տարիներով մրցումների չենք գնում, հավաքներ չեն արվում, առանց ինչի անհնար է բարելավել արդյունքները: Վերջին անգամ մրցումների եմ մասնակցել 2014-ին ու միանգամից Ռիոյի Պարալիմպիկ խաղերին, ինչը սխալ է:

Երբ վերադարձա Աշխարհի առաջնությունից բավականին բարձր արդյունքով, 8 ամիս ինձ չթողեցին պարապել, այդպես էլ չհասկացա պատճառը: Հիասթափությունն այնքան մեծ էր, որ չէի ուզում շարունակել: Երբ ոչ մեկ, բացի ծնողներից ու մարզչից չի գնահատում, դժվար է տրամադրվել: Հնարավոր չէ պայքարել մեդալների համար, երբ մարզիկի հետ թիմային աշխատանք չի անցկացվում, պետական աջակցություն էլ չկա: Շնորհակալ եմ, որ գոնե 2012-ից լողավազանում անվճար եմ պարապում, այդ հնարավորությունն ինձ տրվել է:

Պարալիմպիկ խաղերին պատրաստվելու սեղմ ժամկետներն ու անբավարար պայմանները

Ընդամենը երկու պարալիմպիկ մարզիկ ունենք՝ ես ու ծանրորդ Գրետա Վարդանյանը, սակայն շատ մարզիկներ կան, որոնք կարող են և ցանկանում են մարզվել: Բոլորը գիտեն, որ հաշմանդամություն ունեցող մարզիկներն ավելի մեծ կամքի ուժ ունեն, սակայն չկան ֆինանսներ, պետական աջակություն՝ ևս: 8 ամիս դադարից հետո՝ Բրազիլիայից առաջ, ընդամենը 4 ամիս ստացվեց պարապել, ինչն օլիմպիական պատրաստվածության հասնելու համար շատ քիչ է:

Երբ Պարալիմպիադայից առաջ քիչ ժամանակ են տալիս մարզվելու, իսկ ես էլ նվիրվում եմ այդ գործին ամբողջությամբ՝ ունենալով ձգտումներ, առողջության հետ հետագայում խնդիրներ են լինում: Սեղմ ժամկետների պատճառով ինտենսիվ պարապմունքներից հետո ցավեր եմ ունենում:

Ռիոյում 100 մետր բրասից 13-րդ տեղն էի զբաղեցրել, վերադառնալուն պես ուզում էի թողնել սպորտը: Իմ արդյունքն այս պայմաններում բավականին բարձր էր, բայց եթե երկիրը ներկայացվում է Օլիմպիական խաղերին, ապա պետք է 4 տարվա պլան ունենալ, ոչ թե 4 ամսվա, աստիճանաբար հասնելով արդյունքի, դադար տալ չի կարելի:

Լողում գույք էլ է պետք, վարժություններ անելու համար հատուկ պարագաներ, որոնք ինձ նույնպես չեն տրվում: Չեմ ուզում, որ ծնողներս ինձ համար գնեն այդ ամենը՝ արդեն 21 տարեկան եմ, ես ինքս պետք է նրանց օգնեմ, սակայն աշխատելով՝ չեմ վարձատրվում: Պետությունը ներկայացնող մարզիկ եմ, պե՞տք է, չէ, գոնե լողի պարագաները ստանամ:

Ապագան խոստանում է

Շատ եմ հոգնում, հիասթափվում, բայց սպորտը նաև ոգևորում է ինձ, չեմ թողնելու մարզվել, իմ մասին դեռ կլսեն, արդյունքներս բարելավվում են, շատ եմ ձգտում մասնակցել 2017-ի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին: Ճնշող է, երբ չես կարող իմանալ՝ արդյո՞ք կֆինանսավորեն, որ գնամ... դա չի թողնում, որ տրամադրվեմ ու մարզվեմ, բայց կարողանալու եմ:

Կրթություն ստանալու համար էլ դեռ ուշ չէ: Ցանկությունս մեծ է, բայց ուրիշ ասպարեզում դեռ ինձ չեմ տեսնում, պետք է կողմնորոշվեմ: Շարունակում եմ մտածել մարզչական գործունեության մասին, Ֆիզկուլտինստիտուտի հետ այդպես ստացվեց, բայց գուցե այլ հնարավորուրություն լինի մարզչի որակավորում ստանալու համար: Այժմ դեռ կենտրոնացած եմ մարզումներին ու առաջնություններին մասնակցելու հնարավորության վրա:

Կարդացեք նաև՝ Մեծ ձգտում և անսահմանափակ կարողություններ. Ինչպես են մարզվում հաշմանդամություն ունեցող թենիսիստները

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Ուշադրության կենտրոնում
Ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ Լյովա Գևորգյանը՝ ոսկե մեդալակիր

Ըմբշամարտի պատանեկան ԵԱ․ Լյովա Գևորգյանը՝ ոսկե մեդալակիր 71 կգ քաշային կարգում Մենուա Յարիբեկյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր

 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
«Անհաջողակները» 8 ֆուտբոլիստ, որոնք արժանի էին, բայց չդարձան Եվրոպայի չեմպիոն