ՀԿԵՈւ-ում ամփոփել են ամառային բեռնափոխադրումների արդյունքները եւ նախապատրաստվում են ձմեռային փոխադրումների

PanARMENIAN.Net - Բեռնափոխադրումների ծավալը 2009թ. ութ ամիսների արդյունքում կազմել է 1,776 մլն տոննա, ինչը 10-15 հազար տոննայով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երեւանում լրագրողներին է հաղորդել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը: Ընդ որում, ըստ նրա, արտահանումը կրճատվել է 40, իսկ ներմուծումը 5 տոկոսով: «Բեռնափոխադրումների ծավալների պահպանումը հիմնականում իրականացվում է ներքին փոխադրումների հաշվին»,-ասել է նա:



2009թ. ՀԿԵՈւ-ն միջպետական հաղորդակցությունների գծով տեղափոխել է ընդամենը 27 274 մարդ, ինչը 44 տոկոսով ավելին է, քան 2008թ.` 18 895 մարդ, հաղորդել է Խակովը: Նա հավելել է նաեւ, որ ներքին փոխադրումներում ընկերությունը տեղափոխել է 465 536 ուղեւոր, ինչը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվանից` 322 000 ուղեւոր: «Աճն ապահովվել է էլեկտրագնացքների երթեւեկության հաշվին, մասնավորապես, Երեւան-Արմավիր երթուղու շնորհիվ: Այսօրվա դրությամբ մենք այդ ուղղությամբ տեղափոխում ենք 300-500 ուղեւոր»,-ասել է նա: Այս համատեքստում Խակովը հավելել է, որ ակնկալվում էր ուղեւորահոսքի ավելացում Շորժայի ուղղությամբ, սակայն ակնկալվող ծավալ չգրանցվեց եղանակային պայմանների պատճառով:



Ամփոփելով` Խակովն ասել է, որ ՀԿԵՈւ-ն արդիականացնում է շարժակազմը, մինչեւ հոկտեմբերի վերջ ընկերությունը կստանա երկու կապիտալ վերանորոգված էլեկտրագնացք եւ արդեն քննարկվում է ձմեռային փոխադրումների ժամանակացույցը: Մինչ այդ կվերականգնվի նաեւ Վանաձոր-Գյումրի հատվածը, որն ամբողջությամբ կսպասարկվի էլեկտրագնացքների միջոցով:



«ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն, լինելով «ՌԵՈւ» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունը, հանդիսանում է Հայկական երկաթուղու կոնցեսիոները: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` 20 տարի աշխատելուց հետո 10 տարով երկարացնելու իրավունքով, կողմերի փոխադարձ համաձայնությամբ»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---