Վլադիմիր Կազիմիրով. Եվրախորհրդարանի առաջարկը ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ով փոխարինելու մասին  չի ընդունվի

Վլադիմիր Կազիմիրով.

Վլադիմիր Կազիմիրով. Եվրախորհրդարանի առաջարկը ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ով փոխարինելու մասին չի ընդունվի

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի ակտիվություն է նկատվել: Իրենց վերջին այցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ մտադիր են խորացնել հումանիտար համագործակցությունը: Եվրախորհրդարանն առաջարկել է ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի մանդատը փոխարինել ԵՄ-ով: Իսկ Ռուսաստանում ընտրություններից հետո սկսել են կարծիքներ հնչել, որ Վլադիմիր Պուտինի նախագահության շրջանում Ռուսաստանը կխստացնի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:Ղարաբաղյան գործընթացքում վերջին իրադարձությունները PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (1992-1996 թթ.) Վլադիմիր Կազիմիրովը:
Այս տարվա մարտին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որում առաջարկվում է Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը փոխարինել Եվրամիության մանդատով:Որքանո՞վ են հավանական նման մտադրությունները:
Իրականում ես այդ առաջարկը չեմ համարում անցնող: Հազիվ թե դա հնարավոր է: Անցած 15 տարում երեք համանախագահները բավական խորամուխ են եղել խնդրի մեջ: Իսկ այդ խնդրին միացնել այնպիսի հավաքական մարմին, ինչպիսին Եվրամիությունն է, նշանակում է ընդգրկել «նորեկի», ով պետք է զրոյից ուսումնասիրի խնդիրը: Մի բան է հակամարտության մասին ընդհանուր դատողությունը, մեկ այլ բան՝ մանրամասների առարկայական իմացությունը: Դրանք բոլորովին տարբեր բաներ են: Պետք է հաշվի առնել, որ Եվրամիությունը հավաքական մարմին է: Մի բան է Մինսկի խմբի 9 միջնորդների հետ աշխատանքը: Եվրամիությունը ենթադրում է աշխատանք ավելի քան 20 միջնորդների հետ: Ես կարծում եմ, որ դա ոչ անցումային առաջարկ է: Ես գիտեմ, որ ադրբեջանական կողմն աջակցում է նման առաջարկների, խոսքը գնում է Ֆրանսիան Թուրքիայով փոխարինելու մասին: Մի՞թե հասկանալի չէ, որ նման փոփոխությունները պահանջում են հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը, իսկ երկու հայկական կողմերը դեմ կլինեն Թուրքիային: Ադրբեջանը կարծում է, որ կամային որոշում է ընդունում, բայց չի մտածում այն մասին, թե ինչ կարծիք ունեն մյուսները:

Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո միջազգային հանրությունը խոսում է Ռուսաստանին միջնորդների թվից դուրս մղելու հնարավորության մասին այն պատճառով, որ նա չի կարողացել կատարել իր վրա դրված միջնորդի պարտականությունները: Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի պոտենցիալը որպես միջնորդ հետագայում հակամարտության կարգավորման մեջ:
Կարելի է գտնել ամենատարբեր բնույթի «խենթ» արտահայտություններ: Առայժմ ոչ մի լուրջ պետություն կամ միավորում նման բան չի ասել: Իմ համանախագահության տարիներին եղել է, որ բանը հասել է անախորժ պահերի Վաշինգտոնի ղեկավարությամբ Ռուսաստանի միջնորդական առաքելությանը հակազդելու մեջ: Եվ այն պատճառով չէ, որ նրանք ցանկանում էին շարունակել արյունահեղությունը: Կարծում եմ, որ նրանք նույնպես ցանկանում էին հրադադար, բայց որպեսզի դա ոչ մի դեպքում չկատարվեր Ռուսաստանի ձեռքով, քանի որ դա բարձրացնում է նրա հեղինակությունն Անդրկովկասում, ազդեցությունը տարածաշրջանում: Ավելի հարմար կլինի խոսել, որ Ռուսաստանը թուլացել է, նրան պետք է դուրս մղել տարածաշրջանից: Այդպիսին էր մտքերի ընթացքն այն ժամանակ: Սակայն, 1996-ի դեկտեմբերին ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումներում միակ պետությունը, որն առանձին հիշատակվում է, ընդ որում երեք անգամ՝ Ռուսաստանն է: Ուրիշ ոչ մի պետություն այնտեղ չի հիշատակվում, այլ նշվում է, որ հրադադարը ձեռք է բերվել Ռուսաստանի ակտիվության շնորհիվ: Ուստի խոսել ռուսական կողմը փոխարինելու մասին, այն մասին, որ նա չի կատարել իր վրա դրված միջնորդական պարտականությունները, պատասխանատվությունը կողմերի վրայից միջնորդների վրա դնելու չափազանց պրիմիտիվ փորձ է: Համարձակությունը չի բավականացնում հանդես գալ ինքնաքննադատությամբ, նշել ճկունության բացակայությունը, խոստովանել, նշել, որ չափազանց բարձր են պահանջները: Ուստի այն հարցին, թե ով է մեղավոր, պատասխան է տրվում՝ միջնորդը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կառավարման տարիներին բավական հաճախ կազմակերպվել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները: Հիմա ավելի հաճախ սկսել են խոսել այն մասին, որ Վլադիմիր Պուտինի օրոք ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ միջնորդական ուղղությունը կփոխվի: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
Կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները չեն կազմակերպվի այնքան հաճախ, ինչպես դա եղել է Մեդվեդևի կառավարման տարիներին: Սակայն չի կարելի խոսել այն մասին, որ դա լավ է կամ վատ: Ռուսաստանը հաճախ քննադատության է ենթարկվել նրա համար, որ նա կազմակերպում է նախագահների հաճախակի հանդիպումներ, որոնք սակայն ոչ մի օգուտ չեն տալիս:

Հիմա շատ է խոսվում հասարակական դիվանագիտության դերի մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները սկսել են շեշտադրել հակամարտության լուծման հումանիտար բաղադրիչը: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում ընդգծվել է հումանիտար համագործակցության դերը հակամարտության կողմերի միջև: Որքանո՞վ է դա նպատակահարմար այն դեպքում, որ հակամարտությունը կարգավորված չէ:
Ես կարծում եմ, որ չնայած բոլոր բարդություններին, պետք է նշել հումանիտար բաղադրիչի դերը: Իմ համանախագահության տարիներին, երբ դեռ պատերազմ էր ընթանում, արյուն էր հեղվում, մենք միջոցառումներ ենք անցկացրել ամենատարբեր ոլորտներում հակամարտության կողմերին մերձեցնելու համար՝ հավաքել ենք կրոնական առաջնորդների, ռազմական ղեկավարների, լրագրողների, հեռուստատեսության ներկայացուցիչների, քաղաքագետների: Աշխատանքն ընթացել է ամենալայն ճակատով: Ցավոք սրտի, ավելի ուշ տարիներին համեմատաբար խաղաղ պայմաններում տեղի է ունենցել աշխատանքի նեղացում մինչև քաղաքական-դիվանագիտական մակարդակ: Ես դա սխալ եմ համարում: Կարծում եմ, որ գործունեության այլ ուղղությունների օգնությամբ պետք է ավելի հաշտեցնող մթնոլորտ ստեղծել կողմերի համար:

Օլեգ Բառնաշով / PanARMENIAN News
---