2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra ՀՅ Դաշնակցություն

Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան..

2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra ՀՅ Դաշնակցություն

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 6-ին, PanARMENIAN.Net-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին: Անվանի հայ փորձագետներ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կիսվել են իրենց կարծիքներով կուսակցությունների ընտրացուցակների և ծրագրերի, ինչպես նաև գալիք ընտրություններում նրանց շանսերի վերաբերյալ: Հաջորդն ավանդական հայկական կուսակցություններից մեկն է՝ ՀՅ Դաշնակցությունը:
Ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ ընտրացուցակը:
Կարեն Քոչարյան. Դաշնակցության ցուցակն ինչպես միշտ ավանդական է, այստեղ բոլոր մարդիկ հիմնականում կուսակցական են, բացառությամբ «Արմենիա Լադա» ընկերության սեփականատեր Կարեն Շահմուրադյանի: Դա կարծես անակնկալ չէ՝ Դաշնակցությունը միշտ ունեցել է կուսակցական, քաղաքական ցուցակ:

Դաշնակցության միակ խնդիրն այն է, որ նրանք չեն կարողացել հրաժարվել իրենց առաջնորդների այն կազմից, ովքեր արդեն պարտվել են մի շարք ընտրություններում՝ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններ, նախագահական ընտրություններ, որոնց մասնակցել է Վահան Հովհաննիսյանը: Ընդհանրապես այդ միտումն աշխարհում վաղուց կա՝ կուսակցությունը փոխում է պարտված առաջնորդներին: Իսկ ՀՅԴ-ում ընտրություններում պարտված Վահան Հովհաննիսյանն ընտրացուցակի առաջին տեղում է: Խոսքը գնում է կոնկրետ 3-4 հոգու մասին, ում մենք կարող էինք նաև չնկատել, եթե նրանք չգլխավորեին ցուցակը:

Ինչ վերաբերվում է նրանց ցուցակում մնացած անդամների ռոտացիային, ապա դա առաջին անգամ չէ, նրանց մոտ այդ ռոտացիան վաղուց է եղել:

Ա. Իսկանդարյան. Ինձ այն անսպասելի չի թվում: Ինձ թվում է, որ այն ամենն, ինչ եղել է ՀՅԴ ցուցակում, կարելի էր կանխագուշակել, և այդպիսի քաղաքականությունն ավանդական է այդ կուսակցության համար: Ինչ վերաբերվում է կուսակցության ցուցակի նորացմանը, ապա դա պահանջում է գործը: Կարևոր է ցուցակի առաջին մասը, այն մասը, որն անպայման կանցնի խորհրդարան:

Ձեր կարծիքը ՀՅԴ նախընտրական ծրագրի մասին:
Կարեն Քոչարյան. Նախընտրական քարոզչության մեջ նրանք հենվում են հենց ծրագրի վրա, նրանք ասես գովազդում են իրենց ծրագիրը: Բայց նույնիսկ այդ առումով ես չեմ կարող հասկանալ, թե ինչու են նրանք խոսում միայն մասին, թե ինչ կանեն, բայց չեն խոսում այն մասին, թե ինչպես կանեն դա: Բոլոր կուսակցությունների ծրագրերի թերությունն այն է, որ բոլորը խոսում են՝ ինչի են ցանկանում հասնել, բայց ոչ ոք չի խոսում, թե ինչպես հասնել դրան:

Ինչ վերաբերվում է ՀՅԴ առաջնորդների պնդումներին, որ միայն նրանք են իրենց ծրագրում նշել կոնկրետ թվեր, ապա եթե նրանք խորհրդարանում մեծամասնություն հավաքեն, պետք է հաշիվ տան նրա համար, թե ինչ են արել կամ նրա համար, թե ինչ չեն արել: Բայց քանի որ դա նրանց չի սպառնում, ապա այդ խոսքերը կմնան միայն խոսքեր:

Ա. Իսկանդարյան. Դաշնակցության ծրագիրը որոշ տարբերություններ ունի մնացած կուսակցությունների ծրագրերից: Նրանք ունեն ընդգծված կարծիք հայ-թուրքական հարցի վերաբերյալ: Ես չէի ասի, որ դա շատ արդի է ներկա քաղաքական իրականության համար, բայց ազգայնական էլեկտորատի դաշտում տեղ զբաղեցնելու համար ունի ինչ-որ նշանակություն:

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են կուսակցության շանսերը գալիք խորհրդարանական ընտրություններում:
Կարեն Քոչարյան. Դաշնակցությունը շանսեր միշտ ունի, չէ որ նրանք ունեն կոնկրետ էլեկտորատ: Այլ բան է, որ եթե 2007-ին նրանք իշխանության մաս էին, կոալիցիայի մաս, օգտագործում էին նաև վարչարական ռեսուրսները, նրանք այդ ժամանակ ունեին երեք նախարար, մարզպետեր: Չի կարելի հաշվի չառնել վարչական ռեսուրսի գործոնը, որը նրանք հիմա չունեն, բայց 5 տոկոս նրանք անպայման կհավաքեն և կանցնեն խորհրդարան:

Ա. Իսկանդարյան. Ես Դաշնակցությունը դասում եմ այն կուսակցությունների շարքին, որոնք ունեն անպայման շանսեր, որպեսզի մտնեն հաջորդ խորհրդարան: Ես չեմ կարծում, որ նրանք շատ տեղեր կհավաքեն, բայց նրանում, որ կհաղթահարեն 5-տոկոսանոց արգելքը, ես գրեթե համոզված եմ:

Դաշնակցությունն այն սակավաթիվ կուսակցություններից է, որոնք մասնակցում են ընտրություններին, և հավանաբար միակը, որն ունի գաղափարախոսություն: Այստեղ բանը նույնիսկ ծրագրի մեջ չէ, խոսքը նրա մասին չէ, թե ինչ է գրված թղթի վրա, Դաշնակցությունը, հավանաբար, միակ կուսակցությունն է, որն անհատականացված չէ, Դաշնակցությունն ունի հեղինակության համապատասխան շլեյֆ, որն ավելի քան 100 տարեկան է, և կա որոշակի գաղափարախոսական բլոկ: Այդ առումով ՀՅԴ-ն ունի բավական ստանդարտ էլեկտորատ՝ մարդիկ քվեարկում են ոչ թե անձնավորությունների, այլ հեղինակության, գաղափարախոսական համալիրի համար:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News