Նա, ով իսկապես կամենում է անել բարեգործություն, արդարացում չի փնտրի այն չանելու համար

Գարո Արմեն.

Նա, ով իսկապես կամենում է անել բարեգործություն, արդարացում չի փնտրի այն չանելու համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի երևանյան 3-րդ ամենամյա նվիրատվությունների երեկոն: PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցեց հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենի հետ հիմնադրամի նպատակների և հեռանկարների մասին:
Մասնագիտությամբ ո՞վ է բարեգործական հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենը:
Ֆիզիկական քիմիայի ոլորտում դոկտորի կոչում ունեմ և 1994-ից Agenus` նախկին Antigenics բիոտեխնոլոգիաների ընկերության համահիմնադիր և նախագահն եմ: Վերջինս հայտնագործել է Oncophage պատվաստանյութը երիկամների քաղցկեղի դեմ:

Ինչպե՞ս ստացվեց, որ հաջողակ կենսաբանը որոշեց զբաղվել բարեգործությամբ:
2003թ. ընտանիքով եկել էինք Հայաստան և առիթ ունեցանք շրջելու հայկական գյուղերում: Այն, ինչ ես տեսա, ինձ մտածելու տեղիք տվեց, հասկացա, որ մեր ազգի ապագայի համար պետք է գործել այսօր: Գյուղական համայնքների վիճակի հանդեպ չկարողացա անտարբեր մնալ, մինչդեռ այդ գյուղերում շատ շնորհալի երեխաներ կան, որոնք մեծ ներուժ ունեն: Ամեն ինչ սկսվեց մի դպրոցի նորոգումից:

Ի՞նչ է ակնկալում բարեգործը շահառուներից:
Եթե դպրոցը նորոգելուց հետո ուսման մեջ առաջընթաց չլինի, ապա մեր արածն անիմաստ է: Մենք փորձում ենք տալ գործիքները, իսկ դրանք օգտագործելն արդեն շահառուների խնդիրն է: Այսինքն, եթե նրանք շահագրգռված չլինեն, ապա մեր գործադրած ջանքերը ջուրը կգնան:

Ձեր հիմնադրամը երեխայակենտրոն ծրագրեր է իրականացնում 11 գյուղական համայնքների ավելի քան 27 հազ. բնակիչների համար: Մտադի՞ր եք առաջիկայում ընդլայնել գործունեության շրջանակը:
Իհարկե, այդպիսի նպատակ միշտ էլ կա: Միակ խնդիրը միջոցներն են, ամեն ինչ որոշում են ռեսուրսները: Այսօր Հայաստանի մանուկներ հիմնադրամն արդեն ավելի քան 15 մլն դոլար է ծախսել, ունի 40 աշխատակիցներ: Եթե կարողանանք ավելի մեծ գումարներ հայթայթել, անշուշտ, կընդլայնենք մեր գործունեության տարածքը:

2003թ. ստեղծված հիմնադրամը հաջորդ տարի կտոնի իր 10-ամյակը: Որևէ հատուկ միջոցառումներ սպասվո՞ւմ են այդ առթիվ:
Անշուշտ: Այս բարեգործական երեկոները, որ անցկացնում ենք Երևանում և Նյու Յորքում, ավելի լայն շրջանակով կիրականացվեն: Հատկապես Նյու Յորքում, որտեղ նվիրատվությունների երեկոն մյուս տարի նույնպես կլինի տասներորդը, և որից հիմնադրամը ստանում է իր միջոցների գերակշիռ մասը, անպայման մեծ միջոցառում ենք պատրաստելու այդ առթիվ:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ունեն միջոցներ և ունեն մեծ ցանկություն անելու բարեգործություն, բայց ինչ-ինչ պատճառներով խորշում են և գործնական քայլեր չեն ձեռնարկում:
Այդպես չի լինում: Եթե վախենալով գործ պիտի անեն, ապա այդ գործից բան չի ստացվի: Մի լավ խոսք կա` եթե չես կարող անել մի գործ, պիտի մի կողմ քաշվես և ճամփա տաս նրանց, ովքեր կանեն այդ գործը: Այնպես որ նա, ով իսկապես կամենում է անել բարեգործություն, արդարացում չի փնտրի այն չանելու համար, մտավախությունները միայն դատարկ պատճառաբանություն է:

Անի Պապոյան / PanARMENIAN News
---