// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ես դերասան չեմ

Վարդան Պետրոսյան.

Ես դերասան չեմ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Վարդան Պետրոսյանը Երևանում վերջին անգամ հանդես կգա «Պարոնայք 50-50» ներկայացմամբ: Այն հայ հանդիսատեսի դատին է հանձնվել հուլիսի 23-ին: Վարդան Պետրոսյանը համաձայնեց PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ամփոփել խաղաշրջանը և ոչ միայն...
Դեկտեմբերի 19-ին վերջին անգամ կխաղաք «Պարոնայք 50-50» ներկայացումը: Առհասարակ, կա՞ տարբերություն առաջին և վերջին ներկայացման միջև:
Երբեմն տարբերությունը լինում է այնքան մեծ, որ ինձ թվում է, թե երկու տարբեր ներկայացումներ եմ խաղում: Իհարկե, ներկայացումը նույնն է, և անփորձ հանդիսատեսը միգուցե և չզգա այդ տարբերությունը, բայց ես ունեմ հանդիսատեսներ, ովքեր պարտադիր գալիս են պրեմիերային և վերջին ներկայացմանը: Ավելին, ունեմ հանդիսատեսներ, ովքեր մի քանի անգամ են գալիս ներկայացմանը, և հենց նրանք են, որ ասում են՝ ներկայացումը խաղալու ընթացքում անընդհատ աճում է: Ես մի գեղեցիկ օր հասկացա, որ իմ յուրաքանչյուր ներկայացումը կարծես կերտում և ամբողջական տեսքի եմ բերում հանդիսատեսի հետ: Մենք իրար հետ ենք աշխատում ներկայացման վրա, կատարելագործում ենք այն: Իհարկե կա տարբերություն:

Դուք գալիս եք Հայաստան արդեն պատրաստ սցենարով: Ինչպե՞ս է հաջողվում, չգտնվելով այստեղ, այդպես զգալ և յուրացնել Հայաստանի ներքին կյանքն իր բոլոր խնդիրներով:
Քրիստոսն այսպիսի խոսք ունի՝ կուտակեք գանձերը երկնքում, որովհետև ձեր սիրտն այնտեղ է, որտեղ ձեր գանձերն են: Իմ գանձերն այստեղ են, սիրտն այստեղ է, իսկ եթե սիրտդ այստեղ է, դու ապրում ես այստեղի հոգսերով, այստեղի կյանքով: Ես ամբողջ էությամբ, ամբողջ սրտով զգում եմ այստեղի կյանքն ու ապրում եմ դրանով: Հազարավոր կիլոմետրերն ինձ չեն հեռացնում այդ կյանքից, հեռավորությունը մոտեցնում է մարդկանց, և եթե անտարբեր չես այդ կյանքի նկատմամբ, զգում ես այն քո ողջ էությամբ, ուրեմն կարող ես նաև այդ կյանքից ներշնչվելով ստեղծագործել:

Ձեր ներկայացումներում կարելի է տեսնել ամենատարբեր խավի մարդկանց: Բացառություն չեն նաև օլիգարխները, բայց փաստն այն է, որ նրանք նույնպես գալիս են Ձեր ներկայացումներին, գալիս են նայելու, թե ինչպես եք իրենց ծաղրում: Ըստ Ձեզ՝ ինչ-որ դաս քաղո՞ւմ են ներկայացումից:
Չեմ կարող ասել, ես իրենց հետ չեմ շփվում, չգիտեմ, թե այդ պահերին ինչ են զգում: Բայց կա մի այսպիսի ֆենոմեն. մարդը գալիս է ներկայացմանը՝ տեսնելու ինքն իրեն, այլ հարց է՝ ինքը վատն է, թե լավն է, ես վատն եմ ներկայացնում, թե՝ լավը: Նա ուրախ է, որ եկավ և տեսավ ինքն իրեն: Բայց մենք չգիտենք, թե ինչ է կատարվում նրա մտքում, մենք մարդուն չենք ճանաչում: Ես աշխատում եմ ներկայացման ժամանակ ազդել մարդու հոգու ամենանուրբ թելերի վրա: Չգիտեմ, թե ինչպես է ստացվում, հուսամ՝ մի բան իրոք ստացվում է:

Ամեն անգամ, երբ խաղաշրջանի վերջին ներկայացումից հետո վարագույրը փակվում է, հաջորդ ներկայացման շուրջ մտորումներն արդեն սկսվո՞ւմ են, թե ժամանակ է պետք, որպեսզի ուժ հավաքեք, սթափվեք և նոր սկսեք հաջորդ բեմադրության մասին մտածել:
Հաջորդի խմորումներն ինձ մոտ սկսվում են շատ ավելի շուտ՝ ներկայացումները խաղալու ընթացքում և անգամ պրեմիերաներից անմիջապես հետո: Ավելին՝ մի քանի ներկայացման գաղափար միշտ ունենում եմ պահեստում, անգամ կարիք է լինում ընտրելու, թե որի վրա աշխատեմ հաջորդ տարի: Ուրիշ հարց է, թե երբ եմ սկսում գործնականորեն զբաղվել նոր ներկայացումով: Ամանորյա տոներին ինձ հանգիստ եմ թողնում, փորձում եմ չմտածել այդ մասին, իսկ հունվարի կեսից արդեն սկսում եմ աշխատել սցենարի վրա: Մոտ 2-3 ամիս նյութ եմ հավաքում և սկսում եմ շատ արագ գրել: Երբ վերջնական սցենարը պատրաստ է լինում, արդեն գալիս եմ Երևան, և ռեժիսորի հետ սկսում ենք մտածել բեմադրության շուրջ:

Դուք տարիներ շարունակ հանդես եք գալիս մոնոներկայացումներով, ինքներդ խաղում Ձեր գրած սցենարով: Իսկ որպես դերասան՝ երբևէ ցանկություն չե՞ք ունեցել խաղալու այս կամ այն դերը:
Ես շատ հաճախ ասում եմ, որ դերասան չեմ: Դերասանը հենց նրանով է դերասան, որ երբ կարդում է ինչ-որ պիես, գալիս է մի պահ, երբ նրա սիրտը սկսում է թպրտալ, և նա տենչում է մարմնավորել այս կամ այն հերոսին: Իսկ ես չեմ սիրում դեր խաղալ: Ես սիրում եմ անել այն, ինչ անում եմ. այնպես ստացվեց, որ իմ բոլոր ընդունակությունները միավորվեցին բեմում, ես սիրում եմ նկարել, երգել, պարել, խոսել և այդ ամենը անում եմ: Ընդունված է, որ այն, ինչ կատարվում է բեմի վրա, անվանենք դերասանություն: Բայց ես երբևէ ինչ-որ դեր կատարելու ցանկություն չեմ ունեցել, դա ինձ հաճույք չի պատճառում: Երևի հենց դրանով էլ բնութագրում եմ իմ դերասան չլինելը:

Երբևէ մտածե՞լ եք թատրոն հիմնելու մասին:
Դեռևս «Ոզնիներից» առաջ ես պատկերացնում էի, որ թատրոնը պետք է ունենա շենք, խաղացանկ, աշխատակազմ և այլն: Հիմա ես այլ կերպ եմ մտածում. թատրոնը բոլորովին էլ շենքը չէ, և շենքի առկայությունը պարտադիր նախապայման չէ թատրոնի գոյության համար: Այսօր կան շատ թատրոններ, որոնք ունեն շենք, բայց դրանք թատրոններ չեն: Ես ընդունեցի առանց շենքի թատրոնի գոյության տարբերակը, այստեղ նման թատրոնն ընդունված երևույթ չէ, բայց արտասահմանում բավականին տարածված է: Բացի այդ, թատրոն հիմնելն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ՝ պահակ, հրշեջներ, աշխատակազմ, կոմունալ մի շարք հարցեր, և թատրոն հիմնած մարդը ամեն ինչը թողած սկսում է զբաղվել այդ խնդիրներով. նա այլևս ժամանակ և ուժ չի ունենում իր սիրած գործով զբաղվելու համար: Իսկ ես գտնում եմ, որ արվեստագետը պետք է ունենա ազատության և ընտրության հնարավորություն, և ինքս ինձ չեմ ուզում նման կապանքների մեջ նետել:

Հարցեր Մարսել Պրուստի հարցարանից

Ո՞ր մարդկային արատի հանդեպ եք ամենից ներողամիտ և որ մեկը երբեք չեք ներում:
Ես դժվարանում եմ ասել, որովհետև տարիների ընթացքում մարդը փոխվում է, փոխվում է նրա աշխարհայացքը, վերաբերմունքը ամեն ինչի, այդ թվում՝ արատների նկատմամբ: Ես երիտասարդ ժամանակ շատ ավելի անհանդուրժողական էի որևէ արատի նկատմամբ, բայց տարիքի հետ դարձել եմ ավելի ներողամիտ: Աշխարհը նման է ցուցահանդեսի, իսկ մարդիկ այնտեղ նկարներ են, որոնցից յուրաքանչյուրն իրավունք ունի լինելու այդ ցուցահանդեսին: Այդպես եմ ես վերաբերվում նաև մարդկանց: Ամեն մարդ այնպիսին է, ինչպիսին կա. կամ ընդունում ես նրան, կամ չես ընդունում:

Երկրի վրա երբևէ ապրած մարդկանցից ո՞ւմ հետ կուզենայիք հանդիպել:
Շատ կուզենայի հանդիպել Վահրամ Փափազյանի և Միխայիլ Չեխովի հետ: Բոլորովին չէի ուզենա հանդիպել Չերչիլի, Նապոլեոնի, Ալեքսանդր 3-րդի հետ, ոչ էլ՝ Տոլստոյի: Բայց այ Դոստոևսկու հետ շատ կուզենայի հանդիպել: Կուզենայի հանդիպել, եթե անցնենք գրական հերոսներին, Դյումարի «Երեք հրացանակիրներից» չորսի հետ միանգամից: Իսկապես շա՜տ կուզենայի հանդիպել Գարեգին Նժդեհի հետ. ես ոչինչ չէի խոսի, միայն կլսեի:

Ի՞նչ ընդունակությամբ կուզենայիք օժտված լինել:
Ուզում էիք ասել՝ է՞լ ինչ ընդունակությամբ կուզենայի օժտված լինել: Շատ կուզենայի ունենալ գիտական հակումներ, գիտնականի ընդունակություններ, օրերով գիրք կկարդայի: Կուզենայի լինել նաև շատ լավ պարող:

Ո՞րն է Ձեզ համար ամենամեծ դժբախտությունը:
Մարդու բոլոր դժբախտությունները գալիս են նրա էգոիզմից: Չկա ավելի մեծ դժբախտություն, քան էգոիզմը: Բոլոր խնդիրներն աշխարհում ծնվում են էգոիզմից, դա սարսափելի բան է:

Իսկ գերագույն երջանկությո՞ւնը:
Սիրելը և սիրվելը: Չկա ավելի մեծ երջանկություն, քան սիրելու ընդունակ լինելը: Դա ամենամեծ պարգևն է:

Երբ հայտնվեք Աստծո առջև, ի՞նչ կասեք նրան:
Ոչինչ չեմ ասի: Ես գլուխս կկախեմ և կսպասեմ դատավճռիս: Ի՞նչ կարող եմ ասել: Ոչինչ: Այդ արդեն նա պետք է ասի ինձ:

Անի Պապոյան / PanARMENIAN News