Բլոգումս գրում եմ այն, ինչի մասին լավ գիտեմ՝ իմ կյանքի

Պյոտր Լովիգին.

Բլոգումս գրում եմ այն, ինչի մասին լավ գիտեմ՝ իմ կյանքի

PanARMENIAN.Net - Մասնագիտությամբ ճարտարապետ, նախասիրությամբ լուսանկարիչ Պյոտր Լովիգինի բլոգը LiveJournal-ի աշխարհում շատերին է հայտնի: Իր բլոգային աշխարհը Լովիգինը կոչում է Costarica-soul, իսկ պատմում այնտեղ այն մասին, ինչից ամենալավն է հասկանում՝ իր կյանքի: PAN-ը զրուցել է լուսանկարչի հետ ու պարզել, թե ինչու է նա հատուկ ուշադրություն դարձնում իր բլոգի ձևավորմանը, որ երկրներն է հավանում ու ինչու, և ինչ են նշանակում միանգամից աչքի ընկնող նրա բազմաթիվ մատանիները:

artist-ը

Արևմուտքում շատ լավ տերմին կա՝ artist, որը, ցավոք, մեզ մոտ ավելի շատ ասոցացվում է Լեշչենկոյի կամ Կոբզոնի, այսինքն՝ բեմի մարդկանց հետ, իսկ դրսում այն վերագրում են արվեստի հետ կապ ունեցող, դրանով զբաղվող մարդուն: Իմ արվեստը մի քան ճյուղ ունի ՝ փորձում եմ զարգանալ թե որպես ռեժիսոր, թե որպես գրող ու լուսանկարիչ, բայց քանի որ արմատներս գալիս են ֆոտոյից, այն ավելի հոգեհարազատ է:Լուսանկարչության միջոցով ավելի հեշտ է մարդուն ինչ-որ բան հասցնել, քանի որ արդեն որոշակի փորձ ունեմ: Վիդեոյում, օրինակ, այդքան էլ ուժեղ չեմ, բայց թե դա, թե տեքստն օգնում են այդքան էլ ոչ պրիմիտիվ արվեստս մարդկանց հասցնել: Այդ տեսակետից LiveJournal-ը լավ հարթակ է, քանի որ հնարավորություն է տալիս ցույց տալ թե գրելու, թե ֆոտոյի, և թե վիդեոյի ունակություններս, այսինքն՝ համադրել մի քանի ուղղություն:

Բայց իմ բլոգն ինչ-որ կոնկրետ ուղղվածություն չունի: Այն ավելի շատ արտահայտում է իմ էգոցենտրիզմը՝ գրում եմ կյանքիս մասին, ոչ թե ցույց տալիս, թե ինչ է կատարվում մեր երկրում՝ ցույցեր և այլն: Ինչո՞ւ. ինձ դա չի հետաքրքրում: Գրում եմ այն, ինչի մասին լավ գիտեմ՝ իմ: Գուցե դա մի փոքր անհամեստ է հնչում... Իսկ որ իմ անձը բազմաթիվ մարդկանց է հետաքրքրում, լավ է: Միգուցե դա պայմանավորված է այդ ամենը բավականին քրեատիվ ու հետաքրքիր մատուցմամբ, ինչը, ինչու ոչ՝ գալիս է չափազանց ինքնավստահությունից:

Լովիգինի բլոգային աշխարհը 5 բառով՝ համապատասխանություն, անտարբերություն, շփացածություն, քրեատիվ ու էլի ինչ-որ բան:

Costarica-soul

Գրառումներիս տակ թողած մեկնաբանություններին միշտ պատասխանում եմ, ու դա նորմալ է: Դա ասես գթասրտությանը պատասխանես նույն գթասրտությամբ: Տեսեք, օրինակ՝ երբ մարդը ծանոթանալիս քեզ մեկնում է ձեռքը, պետք է սեղմես այն, չէ՞: Նույնն էլ այստեղ է:

Ինձ հետաքրքրող երկու ուղղություն կա։ Դրանցից մեկն ինչ-որ կոնցեպտուալ պատմություններ ստեղծելն է, որտեղ ես եմ ռեժիսորը՝ ռեժիսոր-բեմադրիչը, նաև երաժշտությունն եմ ընտրում։ Այդ ամբողջ երկար պրոցեսն այդպիսի յուրօրինակ fine art է, որը տարիներ անց հաստատ կշարունակի արժեքավոր մնալ։ Երկրորդն ավելի փոփ ուղղվածություն է՝ travel լուսանկարչություն, բայց այստեղ էլ եմ վերջերս սկսել ինչ-որ իմ երևակայության մասնիկներն ավելացնել։ Այդ ամենն այսպես եմ հասկանում՝ երբ ինչ-որ երկիր ես մեկնում, սկսում ես լուսանկարել այն ամենը, ինչ դրանից ստանում ես, առանց հորինելու։ Քո օբյեկտիվում հայտնվում է այն ամենը, ինչը լցնում է այդ երկիրը։ Ու հետո սկսում եմ Photoshop-ի միջոցով ֆիքսածդ ի մի բերել, ու, գուցե և աննկատ, բայց ինչ-որ հատվածներ են ավելանում, որոնք, հնարավոր է, լուսանկարին առաջին անգամ նայելիս նույնիսկ չզգացվեն։ Եթե Photoshop-ը չլիներ, գուցե առհասարակ ինչ-որ այլ բանով զբաղվեի։

Այլ մոլորակն ու ձգող երկրները

Բլոգիս հիման վրա արդեն երկու գիրք ունեմ: Առաջինը լույս է տեսել 2009-ին, երկրորդը՝ 2012-ին: Վերջինը Հնդկաստան այցերիս մասին է: Այնտեղ 3 անգամ եմ եղել: Այլ մոլորակ է։ Այն երկրներից է, որոնք իրենց դեմքն ունեն։ Այսինքն, երբ կարող ես ուղղակի փողոց դուրս գալ կամ նայել լուսանկարներին ու առանց որևէ հիշեցումների հասկանալ, որ երկիրն է։ Ամբողջ աշխարհում երևի մոտ 10 երկիր կա, որոնք իրենց դեմքն ունեն։ Ու դա ամեն ինչում է արտահայտվում։ Հնդկաստանում տիրող քաոսն առաջին օրերին կարող է անգամ նյարդայնացնել, բայց հետո անցնում է:

Միշտ պատրաստ եմ վերադառնալ այդ երկիր, այն ինձ համար յուրօրինակ մարտկոց է՝ էներգիայով լի տուն եմ վերադառնում, սկսում սպառել այն, ու երբ վերջանում է, նորից պատրաստ եմ վերադառնալ ու «սնվել»։ Բանգլադեշն էլ է Հնդկաստանի պես, բայց այնտեղ զբոսաշրջությունն այդքան զարգացած չէ՝ «սպիտակ» մարդը փողոցում կարող է իր շուրջ ամբոխ հավաքել: Չինաստանն էլ է պահպանել իր դեմքը, չնայած այն ավելի փոփ ոճի մեջ է պատկերացնում: Կուբան շատ ծախված երկիր է, բնակչությունը՝ նույնպես, ամենաշատը երևի փողն են սիրում, բայց նույնպես ահավոր ձգողականություն ունի:

Շատ եմ սիրում երեքից երկու կովկասյան երկիր: Չմտածեք, թե քաղաքականություն է, բայց Ադրբեջանը հանել եմ այդ ցուցակից: Ժամանակին գիրք գրելու մտահղացում ունեի, որը նվիրված կլիներ Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին: Առաջին երկուսի մասին տեղեկությունների մակարդակն ավելի բարձր էր, բայց այդ ամենն այդպես էլ ինչ-ինչ պատճառներով չիրագործվեց: Գուցե, մի օր ձեռքերս հասնեն...

Ստեփանակերտ, Արցախ

Պյոտր Լովիգինի բլոգից. «Հիշում եմ, Լեռնային Ղարաբաղ այցիցս հետո ադրբեջանական կողմն ինձ ապաշխարհելու կոչ էր անում, բայց որոշեցի՝ ընկերներ, սա իմ պատերազմը չէ: Ի՞նչ էի սպասում վիզուալ տեսակետից: Հաստատ ոչ այն, ինչ տեսա: Ստեփանակերտը հաճելի քաղաք է, որտեղ լամպերը զարդարում են կանանց կերպարները»:

Լավ երկրներ են Բոլիվիան, Հավանան: Այնտեղ ուղղակի հարմարավետ է, հաճելի է գտնվել: Բայց որոշակի պարադոքս կա. եթե հարցնեք, օրինակ, կուզեի՞ ապրել Հնդկաստանում, կպատասխանեի՝ ոչ, ինչի՞ս է պետք: Բայց այդ երկիրն անընդհատ ձգում է:

Մատանիների տիրակալը

Մատանիներիցս յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Մեկ-մեկ ինչ-որ պատմություններ եմ հնարում դրանց համար: Այ, օրինակ, մտածում եմ, որ կարող եմ այդքան կանանց հետ ամուսնանալ, հետո ասում եմ՝ չէ, այդքան «չեմ ձգի»: Ժամանակ առ ժամանակ փոխում եմ դրանք՝ թողնելով ամենալավերը: Իմիջիայլոց, մատանիները երկխոսություն սկսելու լավ թեմա են:

Ինձ հետ հաճախ է այդպես պատահում՝ նստած եմ, օրինակ, ինքնաթիռում, մեկ էլ կողքիս նստածը սկսում է հարցուփորձ անել դրանց մասին: Եթե ինձ այդ մարդը չի հետաքրքրում, ասում եմ, թե ինչ-որ աղանդի մաս են, ու մեկ էլ նա խորանում է իր մեջ ու սկսում մտածել: Իսկ իրականում, աշխարհով մեկ ճանապարհորդելիս, այն երկրներից, որտեղ արծաթագործությունը զարգացած է ու կարելի է ինչ-որ բան գնել, գնում եմ: Մատներիս մնում են ամենաները:

Պերֆեկցիոնիստը

Ինքս ինձնով չեմ հպարտանում: Չեմ սիրում այդ զգացողությունը, թե «օ, ես ինչ-որ ֆանտաստիկ գործ եմ արել»: Այդ ամենը հարաբերական է. չէ՞ որ նույնիսկ եթե ինչ-որ հետաքրքիր բան անես, մեկ այլ մարդ կարող է դրանից ավելին անել: Ես ուղղակի պերֆեկցիոնիստ եմ ու միշտ մի փոքր ավելի առաջ եմ ապրում:

Լովիգինի հավանած լուսանկարիչների ցանկը. Պաոլո Վենտուրա (ամենաթոփն է), kitausagi, Փիթր Բիրդ և Դևան Իրավանա:

Ձախից՝ աջ. Պաոլո Վենտուրա, kitausagi, Փիթր Բիրդ

Զվյագինցևը մի ֆիլմ ունի՝ «Վերադարձ» («Возвращение»), մոտ 10 տարի առաջ է թողարկվել, ու այնտեղ ֆիլմի վերջում բազմաձայնության ֆոնին սև ու սպիտակ ֆոտոների շարք է: Կիսալղոզած: Վլադիմիր Միշուկովի աշխատանքներն են: Շատ լավն են:

Վլադիմիր Միշուկով, կադրեր «Վերադարձ» ֆիլմից

Սիրահարը

Մեր բնագավառում պրոֆեսիոնալն այն մարդն է, որը լուսանկարչությամբ գումար է վաստակում: Այստեղ ասես համակարգչյային ֆուտբոլում՝ կան սկսնակներ, սիրահարներ, կիսապրոֆեսիոնալներ , պրոֆեսիոնալներ ու համաշխարհային կարգի մասնագետներ: Ես սկսնակ չեմ: Սիրահար եմ, որովհետև սիրում եմ այդ գործը՝ «սիրել» բառից: Իսկ պրոֆեսիոնալ եմ, թե՝ ոչ, թող ուրիշները որոշեն:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, լուսանկարները՝ Հրանտ Խաչատրյան / PAN Photo, Պյոտր Լովիգինի բլոգ