Հայ մշակողներն ընտրում են «փոքր» վիրտուալ իրականությունը

Արման Աթոյան.

Հայ մշակողներն ընտրում են «փոքր» վիրտուալ իրականությունը

PanARMENIAN.Net - Վիրտուալ իրականության տեխնոլոգիաները նորանոր նվաճումներ են արձանագրում կյանքի տարբեր ոլորտներում` համակարգչային խաղերից ու սոցիալական շփումից սկսած մինչև բժշկական հետազոտություններ և տիեզերագնացություն: Վերջին տարիներին հայկական X-Tech ընկերությունն ակտիվորեն առաջ է մղում այդ տեխնոլոգիաները մեր երկրում` տարբեր բովանդակություն մշակելով և ուշադիր հետևելով շուկայի միտումներին: Այսօրվա դրությամբ ընկերությունն արդեն 15 հավելված է ստեղծել վիրտուալ իրականության համար, ևս 3-ը`մշակման փուլում է:

Նոր շուկայի հեռանկարների մասին PanARMENIAN.Net ին է պատմել ընկերության տնօրեն Արման Աթոյանը:

Վերջերս Facebook ընկերությունը ներկայացրեց Oculus Rift վիրտուալ իրականության սաղավարտի սպառողական տարբերակը: Ի՞նչ հեռանկարներ ունի այդ հարթակը:
Մենք ուսումնասիրում ենք հարթակը: Որոշ վերապահումներով այն կարելի է միանգամայն հաջող համարել, հաշվի առնելով, որ օգտատերերի մի մասն այնքան էլ գոհ չէ: Բացի այդ, Oculus Rift-ի հայտնվելու հետ մեկտեղ մրցակցություն առաջացավ ի դեմս նմանատիպ Vive սաղավարտի, որն արտադրում է թայվանական HTC-ը: Վերջինը հայտնվում է շահեկան դիրքում մի քանի կետերով:

Վիրտուալ իրականության սաղավարտ Oculus Rift

Օրինակ, ռելիզի ժամանակ Oculus-ը չի ներկայացրել սպառողին հատուկ կառավարման վահանակներ` հավաքածուի մեջ ներառված են Xbox-ի վահանակները, ինչը սահմանափակում է օգտատերի հնարավորությունները վիրտուալ տարածքում: HTC Vive-ը, ի տարբերություն Oculus-ի, հարմարավետ վահանակներով է առաքվում: Երկրորդը` եթե Vive-ը կարող է հետևել տարածքում օգտատերի տեղաշարժին բոլոր պարամետրերով, Oculus-ն այստեղ էլ է պարտվողի դերում` սաղավարտը հետևում է միայն մի ուղղությամբ շարժումներին և չի կարողանում «հասկանալ» դիստանցիան, որն անցել է օգտատերն ու մոդելավորել դրա հիման վրա տարածքը: Այսինքն, կան օբյեկտիվ խնդիրներ:

Ինչի՞ հետ են կապված այդ խնդիրները:
Այդ ամենն արտադրողի շտապողականության արդյունք է: Սակայն, հարկ է հաշվի առնել, որ այդ պահին խնդիրների մեծ մասը լուծվել է: Oculus-ն արդեն ներկայացրել է կառավարման հատուկ վահանակներ: Բոլոր մյուս խնդիրները նույնպես շուտով կլուծվեն: Վստահ եղեք, որ Oculus Rift-ը հետ չի մնա Vive-ից` ի վերջո նրա ռեսուրսները ոչնչով չեն զիջում HTC-ին: Հիշեցնեմ, որ մշակողները հաղթահարել են խնդիրները, որոնք ի հայտ եկան սաղավարտի մշակման առաջին փուլերում: Այսօր դա «մեծ» վիրտուալ իրականություն է, որտեղ յուրաքանչյուր աչքի համար պատկերը տրվում է 2К թողունակությամբ, իսկ դա բավականին լուրջ է:

Վիրտուալ իրականության սաղավարտ HTC Vive

Ձեր ընկերությունը բովանդակություն կմշակի՞ «մեծ» վիրտուալ իրականության համար:
Այս պահին, հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակ լինելը, մենք կենտրոնացել ենք «փոքր» վիրտուալ իրականության վրա` Samsung Gear VR, Cardboard շուկայի համար բջջային հավելվածներ և այլն: Այդ լուծումները բարդ սարքավորումներ և հզոր համակարգիչներ չեն պահանջում` սմարթֆոնն ուղղակի դրվում է հատուկ սաղավարտի մեջ և ինքն է ապահովում անհրաժեշտ բովանդակությունը:

Samsung Gear VR

Հետխորհրդային տարածքից Gear VR հավելվածների խանութում հայտնված առաջին խաղը մենք ենք մշակել: «Փոքր» վիրտուալ իրականությունն ավելի պարզ է ու պակաս ծախսեր է պահանջում: Սակայն մենք նախագծեր ունենք նաև «մեծ» վիրտուալ իրականության համար` վերջնական մշակման համար մեզ ավելի շատ ժամանակ կպահանջվի:

Սաղավարտներ արտադրողները ռելիզներին զուգահեռ նաև բազում խաղեր են ներկայացրել: Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները:
Շատերն ավելի «հզոր» բաների էին սպասում, սակայն հիասթափվեցին: Դա միանգամայն հասկանալի է, չէ որ արտադրողը շտապում էր ներկայացնել բովանդակությունը ռելիզի ժամանակ: Ժամանակի սահմանափակում կար, և խաղեր մշակողներն ուղղակի չէին հասցնում ավարտին հասցնել պրոդուկտը: Բնականաբար, կան ստուդիաներ, որոնք առավել լուրջ նախագծերով են զբաղվում: Այսինքն, վիրտուալ իրականությունից կարելի է խաղային գլուխգործոցներ ակնկալել առաջիկայում:

90-ականներին Nintendo ընկերությունը ներկայացրեց վիրտուալ իրականության Virtual Boy իր սաղավարտը, որը չհետաքրքրեց գնորդներին: Կարո՞ղ է արդյոք այս «վիրտուալ բումը» նույնպես անկում ապրել:
Ժամանակները փոխվում են և այսօր վիրտուալ իրականության ոլորտն ամուր կանգնած է ոտքերի վրա, ուստի անկումը քիչ հավանական է: Լուծված է գլխավոր խնդիրը` տեխնոլոգիան միանգամայն հասանելի է գնորդների համար: Այսինքն, մարդը, որը պատրաստ է 1000 դոլար վճարել iPhone 6s-ի համար, կարող է նույն գումարով HTC Vive գնել:

Nintendo Virtual Boy

Մի քանի տարի առաջ Play Station 4-ը շատ թանկ արժեր, սակայն խաղերի սիրահարները գնում էին այն: Բացի այդ, բջջային լուծումները վիրտուալ իրականության համար էժան են, ինչն, իր հերթին, բարենպաստ է հարթակի տարածման համար: Պետք է հաշվի առնել, որ տեխնոլոգիայի ետևում խոշորագույն ընկերություններ են և հսկայական ֆինանսական ռեսուրսներ: 90-ականներին Virtual Boy-ի գներն ուղղակի սարսափելի էին, իսկ համապատասխան բովանդակությունը` շատ սահմանափակ: Ժամանակակից վիրտուալ իրականությունն այդպիսի թերություն չունի` բովանդակությունը միանգամայն բավարար է և անընդհատ թարմացվում է. օրինակ, արդեն հիմա կարելի է 360 աստիճանի համայնապատկեր ապահովող հազարավոր տեսահոլովակներ գտնել:

Խաղերի կառավարումը վիրտուալ իրականության մեջ այնքան էլ հարմար չէ: Ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը: Ակնհայտ է, որ վահանակների առկայությունը բավարար չէ:
Վիրտուալ իրականության զարգացման արդյունքում կմնան միայն այն խաղերը, որոնք հնարավոր կլինի նստած խաղալ:

Խաղ EVE: Valkyrie Founder's Pack для Oculus Rift

Խաղերը, որոնք պահանջում են խաղացողի ակտիվ տեղաշարժ կամ ակտիվ գործողություններ, ժամանակավոր զբաղմունք են և կոչված են հետաքրքրություն առաջացնելու հանրության շրջանում: Առավելագույն ընկղմում և ժամերի մասնակցություն պահանջող լուրջ խաղերը հիմնված կլինեն խաղացողի պասիվ, «նստակյաց» գործողությունների վրա:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
---