Թուրքիան պետք է նաև տարածք վերադարձնի

Սայիթ Չեթինօղլու.

Թուրքիան պետք է նաև տարածք վերադարձնի

PanARMENIAN.Net - Թուրք իրավապաշտպան ու գիտնական Սայիթ Չեթինօղլուն այն սակավաթիվ խիզախ մտավորականներից է, որը ոչ միայն ճանաչում ու կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև մշտապես հանդես է գալիս Ցեղասպանության համար հատուցման բարոյական անհրաժեշտության շեշտադրումով։

Ընդգծելով, որ թուրքական պետությունը և հասարակության բոլոր շերտերը ներգրավված են եղել հայերի հանդեպ ցեղասպանական գործողություններում՝ Չեթինօղլուն կոչ է անում աջակցել հայերին՝ որոշելու, հստակեցնելու Հայոց ցեղասպանության հետևանքով նրանց կրած վնասների չափը և պատրաստ լինել փոխհատուցման։ Այդ հարցերին թուրք գիտնականն անդրադարձավ նաև ապրիլի 23-ին՝ Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում PAN-ին տված հարցազրույցում։

Բացի Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը շեշտելուց, Դուք մշտապես անդրադարձել եք նաև Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման անհրաժեշտությանը։ Հաշվի առնելով բոլոր քաղաքական բարդությունները՝ ո՞րն է, Ձեր կարծիքով, հատուցման առավելագույն սահմանը, ինչքա՞ն և ինչպե՞ս պետք է հատուցի։
Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է ըմբռնել Հայոց ցեղասպանության ժամանակ հայերին հասցված վնասների չափը։ Դեռևս Փարիզի խաղաղության համաժողովում (1919-1920 թթ․) Հայկական հարցի վերաբերյալ դրված էր հայերի կրած մարդկային, նյութական ու ոչ-նյութական կորուստների փոխհատուցման խնդիրը։ Ընդ որում, ինչպես Օսմանյան կայսրության տարածքում, այնպես էլ Արևելյան Հայաստանում եղած կորուստների խնդիրն էր, քանի որ Ցեղասպանությունը տեղի էր ունեցել նաև Արևելյան Հայաստանի տարածքում, այստեղ ևս հայերի կոտորածներ են եղել։ Ինչ վերաբերում է նյութական կորուստների չափին, ապա կորուստների վերաբերյալ հաշվարկները՝ շուրջ 19 միլիարդ ֆրանկ (1919 թ. Փարիզի վեհաժողովում հայկական պատվիրակության ներկայացրած՝ անդառնալի վնասների դիմաց դրամական փոխհատուցման, ինչպես նաև հողերի և ունեցվածքի վերադարձի վերաբերյալ հատուցման պահանջի համար արված հաշվարկները – PanARMENIAN.Net ), շատ հապշտապ էր արված, և այսօր արդեն հայտնի է, որ այդ թիվը շատ ավելի մեծ է։

Այդ հաշվարկների մեջ չէին ներառել հայերի բանկային հաշվեհամարներում եղած գումարը։ Բացի այդ, հայեր կային, որոնք բանկերում հատուկ պահատուփերում պահում էին ոչ միայն իրենց հարստությունը, այլև տարբեր օսմանյան ու արտասահմանյան, օրինակ՝ Հարավային Աֆրիկայում գործող, ընկերություններում իրենց ունեցած արժեթղթերը․ դրանք ևս հաշվի չեն առնվել այդ հաշվարկներում։ Այդ մարդիկ հենց ներկայացնում էին օսմանյան բուրժուազիան։ Այդ բանկերի արխիվները պահպանվել են, սակայն մեզ հիմա արգելված է դրանք ուսումնասիրել։ Երբ ուսումնասիրում էի Սվազում (Սեբաստիա) հայերի ունեցվածքը, միայն չորս հոգի բանկում միասին 1.25 կգ ոսկի ունեին։ Ուստի կարող ենք ասել, որ հայերի կորուստները անչափելի են։ Մշակութային կորուստները առավել ևս անչափելի են։ Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, երբ թուրքերը հայերի ունեցվածքը խլելով հարստացել են, դրա միջոցով իրենց զավակներին Եվրոպայում կրթություն տվել։ Հիմա ինչպե՞ս կարող ենք չափել այդ ահռելի կորուստները, նախ դա պետք է հասկանանք։

Հայերը նաև տարածքային հատուցում են ակնկալում, իսկ Թուրքիան՝ որպես պետություն, և թուրքական հասարակությունը, ըստ Ձեզ, որքանո՞վ են պատրաստ բավարարելու այդ պահանջը, արդյո՞ք կարող են հայ և թուրք ժողովուրդներն այդ հարցում ընդհանուր եզրերի գալ։
Անշուշտ, ես հավատում եմ, որ մի օր այդ հատուցումը ևս լինելու է, որ այդ հարցում կգանք ընդհանուր համաձայնության։ Ես պայքարում եմ դրան հասնելու համար։

Շատերը պահանջում են, որ այն փողոցը, որտեղ սպանվեց Հրանտ Դինքը, վերանվանվի նրա անունով․ այդ մարկանց և հողերը պահանջող մարդկանց միջև տարածություն կա։ Ե´վ այդ մարդիկ են ճիշտ, և´ նրանք, որոնք պահանջում են 150 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որն անարդարացիորեն բաժանվեց Թուրքիայի և Ռուսաստանի միջև։

Հայերին հասցված վնասների հարցում բոլորն ունեն իրենց պատասխանատվության չափը՝ պետությունը, (Երիտթուրքական) կուսակցությունը, ժողովուրդը։ Ամենաաղքատ մարդիկ նույնիսկ փորձել են իրենց հարևան հայերին թալանել։ Մեղավոր են նաև գերմանական ընկերությունները, ֆրանսիացիները, որոնք աչք են փակել այդ ամենի վրա։

1915-ի օգոստոսին որոշում ընդունվեց, որի համաձայն, եթե մահմեդականը իր մոտ էր վերցնում հայ կանանց կամ երեխաների, որոնց ամուսինը կամ ծնողները սպանված էին, նրան անցնում էր սպանված հայի ունեցվածքը․ այսինքն, պետությունը խրախուսում էր՝ սպանիր հային, և նրա ունեցվածքը քոնը կլինի։ Այսինքն, հայերին հասցված վնասն այնքան մեծ է, որ հայերի դեմ գործված հանցանքը չափելու համար չկա որևէ սանդղակ։

Հետևու՞մ եք Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով հայցի շուրջ գործընթացին, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կարելի է սպսել այդ գործընթացից։
Այո, հետևում եմ, նույնիսկ Թաներ Աքչամն ու ես խորհուրդ ենք տվել, թե ինչ կարելի է անել այդ հարցում հաջողության հասնելու համար, ես մի զեկույց եմ պատրաստել այդ թեմայով, սակայն ներկայում որևէ տեսանելի արդյունք չկա այդ ուղղությամբ։ Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ դատարանում հնարավոր կլինի հաջողության հասնել, բայց այստեղ քաղաքական խոչընդոտների խնդիրը կա։ Մի օրինակ բերեմ․ մի քանի տարի առաջ Թուրքիայի մարզերից մեկում հողային սեփականության վերադարձի վերաբերյալ հայց ներկայացվեց, ընդ որում այդ հողային սեփականության վերաբերյալ 400-ից ավելի վկայական կար։ Հայցը դատարանի կողմից ընդունվեց, սկսվեց դատական քննություն, սակայն այն օրը, երբ հայցվոր կողմերի փաստաբանը պետք է դատական նիստին մասնակցելու համար ժամաներ Թուրքիա, օդանավակայանում նրան արգելում են ու հետ են ուղարկում։ Փաստաբանի բացակայության պատճառով դատը տապալվում է։ Փաստորեն, հնարավոր էր, որ այդ ունեցվածքը վերադարձվեր, սակայն դիմեցին այնպիսի քայլերի, որ իրավական գործընթացը ավարտին չհասցվի։

Նման այլ օրինակ էլ կա, երբ դարձյալ հողային սեփականության վերադարձի վերաբերյալ դատական գործընթացը առկախվել է թուրքական պետության կողմից։ Սակայն ես հավատում եմ, որ մի օր հնարավոր է հաջողության հասնել այդ ուղղությամբ։

Արդյո՞ք թուրքական պետության, քաղաքական շրջանակների ու հասարակության մեջ տեսնում եք փոփոխությունների միտում, որը կարող է հանգեցնել այդ խնդիրների լուծմանը։
Ցավոք սրտի, շատ դանդաղ, մասնակի է այդ փոփոխությունը, այն էլ հիմնականում Ստամբուլում է, քանի որ մեծ քաղաք է։ Սակայն մյուս կողմից էլ Ցեղասպանության զոհ գնացած մտավորակնների հիշատակի արարողությանը 18 միլիոնանոց քաղաքում ընդամենը երկու հարյուր հոգի են մասնակցում, մարդկանց խիղճը դեռ այդ չափի է։

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

---