// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ինչ ունի Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 25 տարի անց

Անկախության արդարացումը.

Ինչ ունի Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 25 տարի անց

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախացումն ազդեց բոլոր ոլորտների զարգացման վրա: Մի մասը սկսեց ավելի ակտիվ զարգանալ, մյուսը, գուցե, հակառակը: Ոլորտներում փոփոխությունների 25 տարվա վերլուծականը ստանալու համար PanARMENIAN.Net-ը զրուցեց Հայաստանի տարբեր բնագավառների տարբեր տարիքի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե Խորհրդային միության տարիներին հաջողությունների հասած մասնագետներն ի՞նչ սպասելիքներ ունեին անկախացումից ու ինչ ստացան, և թե ինչ կարծիքի են երիտասարդներն այդ ամենի մասին:

Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Որպես քաղաքացի՝ ինչպե՞ս էիք անկախության տարում կամ հաջորդող առաջին տարիներին գնահատում Հայաստանի՝ որպես անկախ պետության կայացման գործընթացը և ինչպե՞ս էիք պատկերացնում անկախ Հայաստանը տարիներ անց: Դուք լրագրության ասպարեզում եք հենց 1991 թվականից․ ինչպե՞ս էիք պատկերացնում լրագրության ոլորտի զարգացումը անկախ Հայաստանում։
25 տարի առաջ անկախությունն ընկալում էի դրական: Բնականաբար, չէի պատկերացնում բոլոր դժվարությունները՝ հատկապես պատերազմը, շրջափակումը: Կարծում էի, որ 20-25 տարի հետո մենք կլինենք ժողովրդավարական երկիր՝ զարգացած շուկայական հարաբերություններով: Դա տեղի չունեցավ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Բայց «սուբյեկտիվի» մեջ մտնում է ոչ միայն 25 տարվա իշխանությունների, այլև ամեն մեկիս պատասխանատվությունը:

Լրագրության ոլորտի զարգացումը Հայաստանում և ամբողջ աշխարհում ես տեսնում եմ լրագրության և ոչ լրագրության՝ «ֆեյսբուքայնության» տարանջատման մեջ: Մոտակա 10 տարում կբարձրանա մասնագիտական լրագրության նշանակությունը, որպես աշխատանք, որն անհրաժեշտ է հասարակության տեղեկացվածության համար:

Հայկ Կոնջորյան, պատմաբան, լրագրող, վերլուծաբան

Որպես երիտասարդ, արդեն անկախության ժամանակաշրջանում կայացած լրագրող, ի՞նչն է, ըստ Ձեզ, ամենաշատը պակասում ոլորտին այսօրվա Հայաստանում: Ու, եթե ծանոթ եք սովետական լրագրության դպրոցին, կա՞ն արդյոք ինչ-որ երևույթներ, վարքագծի կանոններ և այլն, որոնք կուզեիք տեսնել այսօրվա լրագրությունում կամ լրագրողական հանրությունում:
Կարծում եմ՝ ինչպես բոլոր մասնագիտությունները, այնպես էլ լրագրությունը, ժամանակակից աշխարհի միտումներին համընթաց ենթարկվում է որոշակի կերպարափոխումների: Այժմ, եթե դու ցանկանում ես լինել լավ մասնագետ, բավական չէ լինել միայն քո նեղ մասնագիտության մեջ: Այսօր այլևս չկան մաքուր սոցիոլոգներ, մաքուր պատմաբաններ կամ տնտեսագետներ: Գիտելիքն ու ինֆորմացիան գնալով դառնում են ավելի բարդ ու փոխկապակցված: Եթե տնտեսագետը ցանկանում է վերլուծել շուկան, նրան հարկավոր կլինի ծանոթանալ սպառողների հոգեբանության ու վարքի առանձնահատկություններին:

Նույն տրամաբանությամբ՝ լավ լրագրողն այսօր չի կարող լինել պարզապես լրագրող: Նա պետք է կարողանա աշխատել վիճակագրության հետ, օգտվել սոցիոլագիայի տարբեր մեթոդներից, յուրացնի աննախադեպ արագությամբ զարգացող ինտերնետի և սոցիալական մեդիայի գործիքներին: Ինչ-որ իմաստով, ժամանակակից լրագրողը պետք է լինի միջմասնագիտական հիբրիդ, որպեսզի կարողանա առավել համապարփակ ներկայացնել իրողությունները: Հենց սա է, որ իմ կարծիքով ամենաշատն է բացակայում ներկայիս Հայաստանի լրագրության ոլորտում: Մեզ հարավոր են բազմակողմանի զարգացած, շատ կարդացող, վերլուծական միտք ունեցող և անգլերեն իմացող լրագրողներ, ովքեր կկարողանան հայաստանյան իրողությունները ներկայացնել աշխարհի հետ փոխկապակցված, այլ ոչ թե մոլորակից կղզիացած դիտանկյունով:

Մենք կարիք ունենք աշխարհի հետ ակտիվ դիալոգի մեջ լինելու, և լրագրողների դերն այս գործում կարող է շատ մեծ լինել: Սա մի բան է, որը մեզ գրեթե միշտ պակասել է. ես սա կարող եմ ասել և՛ որպես պատմաբան, և՛ որպես լրագրող: Մեր պատմագրությունը շատ հաճախ կտրված է եղել համաշխարհային պատմագրությունից՝ վերածվելով «ազգային-ազատագրական պատմագրության»: Ես չէի ուզենա, որ մենք այսօր էլ ունենաինք ազգային-ազատագրական լրագրություն, ինչին երբեմն ականատես ենք լինում:

Ինչ վերաբերում է խորհրդային լրագրությանը, ապա կարծում եմ՝ վճռորոշ տարբերություն կա բաց և փակ հասարակություններում լրագրությամբ զբաղվելու մեջ: Խորհրդային հասարակությունն ընգծված փակ հասարակություն էր, որտեղ ինֆորմացիան խստորեն վերահսկվում էր և լրագրողը պետք է լիներ չափազանց զգույշ՝ ամեն բառի ու խոսքի մեջ. ցանկացած վրիպակ կարող էր ճակատագրական լինել: Սա մեծացնում էր լրագրողի պատասխանատվությունն իր կատարած աշխատանքի հանդեպ: Այժմ, չնայած չի կարելի ասել, որ մենք ապրում ենք բաց հասարակության մեջ, բայց որոշակի ազատության մակարդակը երբեմն հանգեցնում է անպատասխանատվության՝ կատարած աշխատանքի հանդեպ: Մարդիկ հաճախ փնտրում են արագ ու հեշտ տարբերակ և բավականաչափ քիչ ժամանակ հատկացնում փաստերի վերլուծությանը: Արդյունքում՝ մենք երբեմն ստանում ենք ֆասթ-ֆուդային լրագրություն, որը գուցե հեշտամարս ու հաճելի է, բայց ոչ օգտակար:

Անահիտ Բախշյան, հասարակական-քաղաքական գործիչ, կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու անդամ

Ի՞նչ ակնկալիքներ ունեիք Խորհրդային միության փլուզումից հետո Ձեր ոլորտում. Ի՞նչ տվեց Հայաստանի անկախացումը երկրի կրթական ոլորտին ու ինչպիսին, ըստ Ձեզ, կլիներ պատկերը, եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր:
ԽՍՀՄ փլուզումը ընդունել եմ մեծ ոգևորությամբ, որովհետև այդ հասարակարգի կրթությունը՝ սկսած մանկապարտեզից, երեխաներին տալիս էր միայն այն, ինչ ուզում էր լսել միակուսակցական համակարգը և քաղաքացիներին դարձնել լիովին վերահսկելի ու կաղապարված մտքով: Մեր անկախացման հետ մինչ օրս մի շատ կարևոր հույս եմ փայփայում՝ կրթել Հայաստանի Հանրապետության չկաղապարված միտք ունեցող, մարդկային բարոյական արժեքներով, հանդուրժող, բայց վատ երևույթների հետ չհարմարվող, գրագետ քաղաքացիներ: Քաղաքացիներ, որոնք պետական խորհրդանիշների նկատմամբ ունենան խոր ակնածանք, որտեղ հիմնը հնչի՝ ձեռքը դնեն սրտին ու հպարտ երգեն: Քաղաքացիներ, ովքեր անգին կհամարեն իրենց ձայնը, կգնահատեն ընտրելու իրավունքն ու իրենց ապագան կորոշեն քաղաքական ընտրությամբ և պատասխանատու կլինեն այդ որոշման համար: Քաղաքացիներ, ում իրավագիտակցությունն այնքան բարձր կլինի, որ որևէ պաշտոնյա չի համարձակվի ապօրինի որոշում կայացնել:

Առայժմ չի ստացվում, շատ դժգոհ եմ նաև ինքս ինձանից, որովհետև դեռևս մեր պատգամավորները, նախարարներն ու ավագանու անդամները, ինչպես նաև մարզիկները, որոնց պատվին բարձրանում է Հայաստանի դրոշն ու հնչում հիմնը, բոլորովին նման չեն իմ երազած Հայաստան Պետության վերնախավին, նրանք, լավագույն դեպքում լուռ լսում են հիմնը ու վերջում, կարծես համերգի են եկել, ընդամենը ծափ են տալիս: Ցավով եմ ասում, 25-ամյա Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը շատ թերություններ ունի, որովհետև մեր պետականության համար պիտանի ու արժանի քաղաքացիներ կրթելուն միտված օրենսդրական պահանջները դեռևս թղթի վրա են:

Արամ Փախչանյան, «Այբ» դպրոցի տնօրեն, ABBYY ընկերության փոխնախագահ

Ի՞նչ դրական և բացասական երևույթներ բերեց անկախությունը կրթության համար, ու կայի՞ն արդյոք ԽՍՀՄ օրոք տվյալ ոլորտում ինչ-որ մոտեցումներ, սկզբունքներ, որոնք այսօր կորսված են, բայց կցանկանայիք, որ պահպանված լինեին:
Ամենակարևոր դրական փոփոխությունը կրթության ոլորտում դրա ամբողջական հայացումն է և մեր պատմության ճշմարիտ ներկայացումը։ Նախկինում «ինտելիգենցիան» նախընտրում էր ռուսական դպրոցները, և հայերենի լավ իմացությունը մեր ժողովրդի զգալի մասի մոտ չէր համարվում կրթված լինելու չափանիշ, և շատերի մոտ հայերեն խոսքին առատորեն միախառնված էին ռուսալեզու բառերը։ Շնորհիվ այդ փոփոխությունների նոր սերունդը շատ ավելի խորն է տիրապետում իր լեզվին և շատ ավելի լիարժեք պատկերացում ունի մեր պատմության, հավատքի և մշակույթի մասին։

Իսկ որպես կորսված արժեք նշեմ այն կարևորագույն հանգամանքը, որ խորհրդային տարիներին մեր կրթության պատվիրատուն հասարակությունն էր ի դեմս պետության։ Հանրակրթական համակարգը ուներ հստակ նպատակ՝ դաստիարակել ապագա կոմունիզմի մարդուն, որը օժտված պիտի լիներ որոշ մարդկային և բարոյական արժանիքներով։ Ցավոք սրտի, առանց բարոյականության հիմքի՝ հավատքի, նման մարդկային որակներ հնարավոր չէր սերմանել, իսկ դեպի կոմունիզմ հավատը գնալով պակասում էր, սակայն պետությունը միևնույն է մեծ ներդրում ուներ կրթության ձևավորման գործում՝ իր մշտական գաղափարական ներկայությունը դպրոցում ապահովելով պիոներիայի, կոմսոմոլի և այլ հասարակական կազմակերպությունների միջոցով։

Այդ ամենն անկախությունը հայտարարելու պահից դուրս մղվեց դպրոցներից, և ոչնչով չլրացվեց։ Արդյունքում կրթության պատվիրատուն դարձավ ծնողը, որը չի գործում ելնելով հանրային շահից, այլ զավակի իր պատկերացրած շահերից, որոնք հեռու են իրական կրթական նպատակներից։ Օրինակ՝ ծնողները համատարած համարում են, որ ավագ դպրոցի միակ նպատակը համալսարան ընդունվելն է, մոռանալով, որ ավագ դպրոցի երեք տարին կարևորագույն դեր են կատարում անձի ձևավորման գործում, ուղեղի զարգացման ամենարդյունավետ տարիներն են: համալսարան ընդունվելը չի կարելի ինքնանպատակ դարձնել։

Երկրորդ կարևոր կորուստը միջնակարգ մասնագիտական կրթության համակարգի փլուզումն է, ինչի հետևանքով մենք ունենք բազմաթիվ համալսարանական ուսանողներ, որոնք այնտեղ անելիք չունեն. ուղղակի ժամանակ և գումար են վատնում։ Նրանք շատ ավելի երջանիկ կլինեին, եթե դրա փոխարեն ստանային պահանջված մասնագիտություն և երիտասարդ տարիներից կարողանային իրենց և իրենց ընտանիքների ապրուստը հոգալ։

Արսեն Ջուլֆալակյան, հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Խորհրդային Հայաստանի համեմատ, այսօր՝ ազատ և անկախ Հայաստանում, ինչպե՞ս է զարգանում հայկական սպորտը՝ պայմանավորված հենց այն հնարավորություններից, որոնք, ըստ Ձեզ, տրվել են անկախացման շնորհիվ:
Ցավոք, սպորտի ասպարեզում Խորհրդային տարիների և ներկայիս իրականության համեմատությունը բնավ մեր օգտին չէ, չնայած դրա համար կան նաև օբյեկտիվ պատճառներ. ռեսուրսային առումով հնարավորություններն ուղղակի անհամեմատելի են։

Սկսենք նրանից, որ այսօրվա սպորտային կառույցների մեծ մասը (նկատի ունեմ ոչ ֆիթնես ակումբները) խորհրդային տարիների ժառանգությունն է։ Այսօր շատ քիչ են կառուցվում նորերը, իսկ եղածների զգալի հատվածն էլ լուրջ վերանորոգման կարիք ունի՝ հատկապես մարզերում: Բացի այդ, եթե խորհրդային տարիներին այդ ամենը պետական էր և պատկանում էր տարբեր սպորտային ընկերություններին և միություններին, այսօր այդ բնագավառում կատարյալ քաոս է՝քաղաքապետարանի դպրոցի, Օլիմպիական կոմիտեի, նախարարության, թաղապետարանի, սպորտային միության և այլն: Խաղի ընդհանուր կանոններ չկան, և պարզ է, որ այդ ամենից տուժելու է կառավարման որակը։

Միայն մեկ դիտարկում անեմ. առ այսօր մեր մարզական դահլիճներն ունեն ջեռուցման և տաք ջրի կարիք...

Խորհրդային տարիներին չափազանց դիֆերսիֆիկացված էր հայկական սպորտը՝ ավանդական մենապայքարային մարզաձևեր, ծանր և թեթև աթլետիկա, լողի տարբեր տեսակներ, հրացանասպորտ, հնգամարտ, մարմնամարզություն: Այսօր ցավոք բարձր մակարդակի վրա են միայն մի քանի մենապայքարային մարզաձևեր:

Ժամանակակից կադրերի մասով. ուղղակի անհնար է, որ խորհրդային տարիներին այսքան դիլետանտներ գտնվեին մարզաշխարհում։ Դա վերաբերում է բոլոր օղակներին՝ վերևից ներքև։ Մատների վրա կարելի է հաշվել բնագավառի պրոֆեսիոնալներին, որոնք էլ հիմնականում կատարում են ծանր աշխատանքի առյուծի բաժինը։ Մյուսներն ուղղակի իրենց «աշխատա» սենյակներում վայելում են այդ ծանր գործի պտուղները՝ ունենալով գրեթե զրոյական ներդրում:

Խոսենք այն մասին, թե ինչ տվեց անկախությունը։ Բնականաբար, քո մայր հայրենիքը ներկայացնելու հնարավորություն։ Ավելի մեծացան շանսերը դուրս գալու միջազգային ասպարեզ։ Եթե նախկինում առաջնայնությունը տրվում էր հիմնականում կենտրոնին (Ռուսաստանին), այժմ այդ կենտրոնը հենց մեր պետությունը դարձավ։ Նաև հնարավոր եղավ տարբեր պետությունների մարզական դպրոցների յուրահատկություններին ականատես լինել։ Ընդարձակվեց սպորտի աշխարհագրությունը։ Կոնկրետ ինձ համար իմ երկրի պատիվը և դրոշը բարձր պահելու, այն աշխարհով մեկ ճանաչելի դարձնելու հնարավորությունն է վերոնշյալից ամենարաժեքավորը։

Ռոբերտ Էմմիյան, հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն

Ի՞նչ հնարավորություններ տվեց Հայաստանի անկախությունը սպորտին, ինչը հնարավոր չէր ԽՍՀՄ տարիներին, և ընդհակառակը՝ ի՞նչ կար այն ժամանակ, որ դժվարացել է, հետընթաց է ապրել կամ ընդհանրապես վերացել է այս 25 տարվա ընթացքում:
Խորհրդային միության ժամանակ իմ մարզիչների, նաև իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել եմ երկար տարիներ լինել հավաքականի կազմում, մասնակցել միջազգային խոշոր մրցումների, դառնալ Եվրոպայի բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդներ սահամանել:

Այդ դպրոցն ինձ տվել է մեծ հնարավորություններ: Խորհրդային հավաքականի կազմում 15 հանրապետությունից մարզիկներ կային, ի դեպ, նրանց հետ շատ համերաշխ էինք, լավ հարաբերությունները մինչև հիմա պահպանվում են: Հարցն այն էր, որ չափից շատ բարձր էր մրցակցությունը, բազմաթիվ երկրներից հարյուրավոր, հազարավոր մարզիկներից ուժեղ պետք է լինեիր հավաքականում ընգրկվելու համար: Տարում 12 ամիս ուսումնամարզական հավաքներ էր կազմակերպվում, քաղաքական մոտեցում կար՝ սպորտը հզոր պետք է լիներ, մարզիկներն անհնարինն էին անում:

Անկախությունը սպորտի համար մեծ ուրախություն է, քանի որ հնարավորություն է տալիս անկախ Հայաստանի անունից մասնակցել միջազգային մրցումներին, մեր սեփական դրոշի ներքո, բացի այդ մասնակից մարզիկների թիվը կարող է շատ ավելի լինել: Այս տարի ռեկորդային թվով մարզիկներ մասնակցեցին Օլիմպիական խաղերին մեր երկրից, ինչը մեծ ձեռքբերում է:

Այդ հնարավորությունը կա, մարզիկների համար բորոր դռները բաց են, կարող ես հավաքների մասնակցել, մոտեցումն ավելի ազատ է, ազատ խոսքի իրավունք ունես:

Սակայն, պայմաններն ավելի բարենպաստ էին, քան այժմ մեր հանրապետությունում: Մեր այսօրվա մարզիկներին պետք է հոգեբանական առումով ավելի ամրանալ, դա շատ կարևոր գործոն է: Շատ անգամ խորհրդային տարիներին մարզվել եմ Հայաստանում, ոչ այդքան լավ պայմաններում, նախընտրել եմ մարզվել հենց դժվարին պայմաններում, ինչը հնարավորություն էր տալիս հագոբանորեն ավելի ուժեղ դառնալ: Օրինակ այստեղ՝ Ֆրանսիայում, պայմաններն ուղղակի հիանալի են, սական մարզիկները բողոքում են: Ես վստահ եմ, որ անկախ հայատսանի մարզիկները մեծ արդյունքների կհասնեն:

Գագիկ Ղազարյան, քանդակագործ

Ինչպիսի՞ն էր Ձեր ոլորտը ԽՍՀՄ տարիներին: Ի՞նչ սպասելիքներ ունեիք Միության փլուզումից հետո և ի՞նչ ստացանք:
ԽՍՀՄ շրջանում արվեստը, չնայած գաղափարական որոշ սահմանափակումներին, ակտիվ զարգանում էր: Արվեստագետներից շատերին հաջողվում էր շրջանցել կոմունիստական կարգերի սուր անկյունները: Մենք տեղում չէինք դոփում: Ավելին ասեմ` սոցռեալիզմի ստեղծագործություններն իրենց կարգով շատ բանով գերազանցում են ժամանակակից գործերին: Ժամանակակից հեղինակների մոտ հաճախ հմտությունների, կարողությունների, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության պակաս է զգացվում, ինչն իր հերթին պայմանավորված է գեղարվեստի հաստատությունների ողբալի վիճակի և պետական ֆինանսավորման բացակայության հետ: Կան, անշուշտ, առանձին երիտասարդ վարպետներ, բայց նրանք քիչ են: 70-ականներին փոփոխությունների հովեր փչեցին, ազատության շունչ հայտնվեց: Դա բնական գործընթաց էր` արվեստը չի կարող երկար մնալ լճացած վիճակում:

Ակնկալում էինք մտածելակերպի հեղափոխություն, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ` սպասված հեղափոխության փոխարեն մենք ստացանք «վերակառուցում» բացասական նշանով: Հիմա արվեստի մարդիկ նույնպես սկզբունքորեն ազատ չեն: Հիմա այդ անազատությունը, ի տարբերություն նախկին գաղափարախոսականի, ավելի շատ ֆինանսների և պետական մակարդակով լուրջ մասնագետների բացակայության հետ է կապված: Էլ չեմ ասում այն սակավաթիվ պատվիրատուների մակարդակի մասին, որոնց հետ ստիպված ենք գործ ունենալ:

Իսկ չէ որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանն առաջտար դիրքեր ուներ արվեստում և ոչ միայն: Այստեղ, մյուս հանրապետությունների համեմատ, ազատությունն ավելի շատ էր: Գաղափարները պարարտ հող էին գտնում:

Միքայել Օհանջանյան, իտալաբնակ քանդակագործ

Ինչ տվեց Հայաստանի անկախացումը երկրի մշակույթին, զարգացրեց այն, թե հակառակը: Ձեր պատկերացմամբ, եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր, մշակույթի ոլորտը մեր երկրում ավելի՞ զարգացած կլիներ, թե՝ ո՞չ:
Ըստ իս, Հայաստանի hանրապետության անկախությունը բացառիկ հնարավորություն է տվել և դեռ տալիս է մշակույթի բոլոր բանագավառներում ինքներս մեզ վերագտնելու համար։ Մշակույթ ասելով` ի նկատի ունեմ ընդհանրապես մտածելակերպի և աշխարհայացքի, մեր ինքնության ակունքային առանձնահատկությունները հասկանալը և այն նորովի դրսևորելու կամքի ձևավորումը։ Եվ այս ամենի համար, կարծում եմ, ունենք բավականին ներուժ։ Խնդիրը մնում է այն, թե որքանո՞վ ենք կարողանում լիարժեք գնահատել և օգտագործել նման եզակի հնարավորությունը։ Անձամբ կարծում եմ՝ կարող ենք անել ավելին, անհամեմատելի շատ ավելին, քան գիտակցում և անում ենք։ Ինչ վերաբերվում է ԽՍՀՄ-ի կարգավիճակին. չեմ կարծում, որ մեր մշակույթի ոլորտն ավելի զարգացած կլիներ: Կունենայինք այն, ինչ ունեցել ենք ԽՍՀՄ–ի տարիներին, որոշ փոքրիկ փոփոխութուններով, բայց ո՛չ ավելին:

Արամ Մանուկյան, ՀԱԿ փոխնախագահ

Ձեր քաղաքական գործունեությունը սկսել եք հենց համազգային Շարժման տարիներին, եղել եք այն գործիչը, որն ընթերցել է Անկախության հռչակագիրը․ անկախության տարում ինչպե՞ս էիք պատկերացնում մեր պետականության զարգացման հեռանկարն անկախ հանրապետությունում, և մասնավորապես, ինչպես կգնահատեք քաղաքական համակարգի կայացման գործընթացն անցած 25 տարում։
Բնականաբար այն ժամանակ կարծում էի, որ մեր պետականությունը հետագա տարիներին է´լ ավելի կամրապնդվի, քաղաքական համակարգն ավելի կզարգանա, կարծում էի, որ առաջին տարիներին առաջ եկած դժվարություններն ավելի հեշտ կհաղթահարվեն, քան իրականում հաղթահարվեցին։ Բայց գոնե սկզբի տարիներին հատկապես քաղաքական կյանքը բուռն զարգացում է ապրել, չմոռանանք, որ խորհրդային շրջանում միակուսակցականություն էր, և մեկ տարվա ընթացքում Հայաստանում գրանցվեցին մոտ 70 քաղաքական կուսակցություններ, հարյուրավոր ՀԿ-ներ, որոնց թիվը հետագայում հասավ չորս հազարի, այդ տարիներին բացվեց շուրջ 200 լրատվամիջոց։ Դրանց գումարենք բանակի, անկախ խորհրդարանի, դատական համակարգի, հարկային ու մաքսային համակարգի կայացումը։ Այսինքն, առաջին տարիներին անկախության կայացման գործընթացը շատ լավ է ընթացել, անկախ պետության բոլոր ինստիտուտները կայացել են։ Եւ դրա հաշվին է, որ մենք կարողացել ենք ձեռքբերումներ ունենալ Արցախում, և միջազգային ասպարեզում՝ ձեռք բերեցինք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, եվրոպական ու միջազգային այլ կառույցների անդամություն, դարձանք միջազգային սուբյեկտ։

Իմ ձեռքի տակ է մի փաստաթուղթ՝ 1991 թ․ հուլիսին Հայաստանի ժողովրդին ուղղված կոչը, որտեղ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այդ ժամանակ ներկայացված էին խորհրդարանում (Գերագույն խորհրդում), այդ թվում՝ ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը, Հանրապետական կուսակցությունը, ոչ միայն կողմ էին անկախությանը, այլև քարոզում էին անկախության գաղափարը։ Քաղաքական ուժերն այդ ժամանակ անկախության ջատագովն ու կռողն էին, իսկ այս պահին ես չեմ տեսնում իշխանական որևէ քաղաքական ուժ, գործիչ, որ գովերգի անկախության արժեքը։ Այսինքն այն ժամանակ բոլոր քաղաքական ուժերը գործում էին հանուն անկախության, իսկ հիմա չկան հանուն անկախության աշխատողները։ Ակնհայտ հետընթաց է արձանագրվել․և սա այն ժամանակ, երբ սկսեցին գույք պարտքի դիմաց տալով իրավունքներ զիջել այլ երկրի, աջուձախ «խաղալ»՝ մեկ Ռուսաստան, մեկ Արևմուտք, հովանավոր փնտրել։ Այդ ժամանակվանից անկախությունը սկսել է լուրջ կորուստներ կրել։ Անկախության մեծագույն թշնամին ոչ լեգիտիմ իշխանությունն է, քանի որ ժողովրդի կողմից ընտրված վստահելի իշխանությունը բարեխիղճ ու պարտաճանաչ է իր երկրի անկախությունը պահելու հարցում։ Իսկ ոչ լեգիտիմ իշխանությունը սկսում է անկախության տված ռեսուրսը մսխել, տեր փնտրել, պաշտպանվել ոչ թե սեփական ժողովրդի կողմից, այլ դրսում, և այդ ժամանակ երկրի անկախությունը սկսում է «մաշվել» ու կորսվել։ Միակ լուրջ միջոցը անկախության պահպանման քաղաքացու վստահությունը վաստակելն է։

Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ մեր անկախությունը կայացած է։ Այո, թուլացած է, բայց կորսված չէ, և չի կորելու։ Այն սերունդը, որ նվաճել է անկախությունը, ես մեր սերունդը նկատի ունեմ, կարողանալու է, և արդեն փոխանցել է այդ արժեքը հաջորդ՝ հենց անկախության տարիներին ծնված սերնդին, որը կարողանալու է պահպանել մեր անկախությունը։

Պավել Ավետիսյան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն

Անկախությունն անչափելի արժեք է: Այսքան ուժեղ ու հզոր մենք երբեք չենք եղել: Այսպիսի բանակ, հզոր պետություն, աշխարհի հետ այս աստիճան շաղկապվածություն երբեք չենք ունեցել: Այլ հարց է, որ սա մեզ չի բավարարում և մենք ավելիին ենք ձգտում: Շարժման սկզբում մենք անկախության մասին չէինք էլ մտածում: Ավելի շատ սևեռված էինք Ղարաբաղյան խնդրի լուծման վրա: Բայց երբ անկախության խնդիրը միս ու արյուն ստացավ, մտավ մեր մեջ, միշտ մտածել եմ, որ այն պետք է առաջին հերթին նոր հնարավորություններ տա: Ամենակարևորը, որ սպասում էի անկախությունից, այն էր, որ Հայաստանում ավելի շատ քաղաքացիներ ապրեին, ոչ թե՝ հպատակներ: Ցավոք, մեր երկրում առայժմ գերակշռում են հպատակները: Մենք երազում էինք, որ ապրեինք մի երկրում, որտեղ կձևավորվեր հայի մտածելակերպով, հայի կերպարով աշխարհի քաղաքացի: Այս 25 տարվա մեջ ես դեռ դա չեմ տեսնում:

Ինչ վերաբերում է գիտությանը, անկախությունը բացեց աշխարհի դռները: Շփումն ավելի ազատ ու մատչելի դարձավ: Իրական գիտնականները, որ իսկական գիտությամբ էին զբաղվում, թե այստեղ, թե դրսում, կարողացան ինքնադրսևորվել: Բացասական կողմն էլ այն էր, որ նվազեց գիտության ֆինանսավորումը. մենք հսկայական պետության մաս էինք, որը հսկայական գումարներ էր հատկացնում գիտության ֆինանսավորմանը՝ անկախ ուղղվածությունից, և գիտությունը զարգանում էր: Այդ հսկայական երկրի մաս չլինելը բերեց նրան, որ գիտությունն այլևս այնպես չէր ֆինանսավորվում, ինչպես հարկն է, կամ՝ ինչպես մենք էինք ուզում: Լավ գիտնականների մի զգալի մասը թողեց գնաց, և գիտական կարիերան շարունակեց դրսում: Բայց ես դա բացասական երևույթ չեմ համարում: Գիտությունը համաշխարհային երևույթ է, և այդպես էլ պետք է լինի: Երիտասարդին այստեղ պահելը խնդրի լուծման պարզամիտ տարբերակն է: Փոխարենը մենք պետք է զարգացնենք գիտությունը. եթե հայ երիտասարդը գնում է ԱՄՆ-ում գիտական գործունեությունը շարունակելու, մեզ մոտ էլ պայմաններ ստեղծենք, որ, օրինակ, Կորեայից երիտասադրդը գա և այստեղ գիտությամբ զբաղվի: Աշխարհում միգրացիոն հոսքերն այնքան մեծ են, որ Հայաստանից դուրս եկողը չնչին թիվ է:

Հնագիտության տեսանկյունից. տասնյակ գիտնականներ են գալիս մեզ մոտ աշխատելու, քանի որ այստեղ այդ հուշարձանները կան: Այդպսիսի բան ԽՍՀՄ տարիներին հնարավոր չէր: Բայց կար մեկ այլ բան, որ մենք դեռ չունենք: Մեր գիտության ամենախոշոր լաբորատորիաները կենտրոնացած էին մի քանի խոշոր քաղաքներում, և ուսումնասիրման համար նյութերն ուղարկում էինք դուրս: Անկախության տարիները մենք չկարողացանք օգտագործել այստեղ լաբորատորիաներ բացելու համար: Դաշտային աշխատանքներ շատ ենք անում, առաջ ենք գնում, բայց ենթակառուցվածքների առումով շարժ չկա՝ թե գիտական ուսումնասիրման, թե թանգարանների, թե զբոսաշրջությունը զարգացնելու առումով առաջ չենք գնացել:

Մասնագետ պատրաստելը թանկ հաճույք է, բայց դրսից մասնագետ հրավիրելը շատ ավելի թանկ է. կարող է այնքան արժենալ, որքան կլիներ մեկ լաբորատորիա կամ ինստիտուտ կառուցելը, իսկ մենք շուտով բախվելու ենք այդ խնդրին՝ ստիպված լինելով դրսից գիտնականներ հրավիրել:

PanARMENIAN.Net