Ամեն մեկիս մեջ էլ քնած, արթնացող կամ արթնացած մի վիշապ կա

Արիկ Բամբիր.

Ամեն մեկիս մեջ էլ քնած, արթնացող կամ արթնացած մի վիշապ կա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում «Վիշապ» անսամբլի համերգն է, որը կազմակերպել է TM Production-ը: «Վիշապի» կազմում են Արիկ Բամբիրը, Արենի Ագբաբյանը, Արտյոմ Մանուկյանը (որը Երևանում է Թումոյի հրավերով), Էդուարդ Հարությունյանն ու Հայկ Կարապետյանը: PAN-ը զրուցել է Արիկ Բամբիրի հետ անսամբլի ու երևանյան համերգի մասին, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել փորձը:

«Վիշապի» մասին

The Bambir-ում արդեն մոտ 20 տարի է՝ նվագում եմ: Ուզում էի մի քիչ շեղվել ռոք-ն-ռոլից ու գնալ դեպի ակունքները, դեպի մեր հայկական երաժշտությունը,միջնադարյան, նախաքրիստոնեական շրջանի: «Վիշապ» անսամբլը ստեղծելու գաղափարը դեռ տարիներ առաջ էր մոտս ծագել, մոտ 2-3 տարի առաջ սկսեցի երգացանկկազմել, որը գնալով մեծանում էր: Անսամբլ ստեղծելու գաղափարի հիմքում տարբեր երաժիշտների հետ աշխատելն էր, որոնք փորձով կփոխանակվեին ու արդյունքում հետաքրքիր մի ձայն կստացվեր:

Վերջերս The Bambir-ի հետ ԱՄՆ-ում էինք, խմբից, այսպես ասած, արձակուրդ վերցրի ու տեղափոխվեցի Լոս Անջելես: Այնտեղ հանդիպեցի Արենիին, միասին սկսեցինք աշխատել «Վիշապի» ծրագրի վրա, արդյունքում նրա տանը փոքրիկ համերգ տվեցինք: Մեզ միացան նաև թավջութակահար Արտյոմը Մանուկյան, որն այդ ժամանակաշրջանում ևս ԱՄՆ-ում էր, և հարվածային Վարդանը Թուֆենքջյանը, դարձանք քառյակ:

Խմբի կազմը փոփոխվում է: Հայաստանում, օրինակ, հարվածայինների վրա նվագում է Էդուարդ Հարությունյանը, ԱՄՆ-ում՝ Վարդան Թուֆենքջյանն էր, իսկ Փարիզում մեկ ուրիշը կլինի: Ուզում եմ, որ «Վիշապը» մեծանա, բայց դա տարբեր գործոններից է կախված, այդ թվում՝ ֆինանսական: Շատ կուզեմ, որ մի օր գա, որ կարողանանք անսամբլով մեկնել շրջագայությունների, որտեղ մեզ կմիանան նաև տեղացի երաժիշտներ: Դա, ըստ իս, հետաքրքիր է ու կարևոր՝ մշտապես աշխատել տարբեր երաժիշտների հետ, փոխանակվել փորձով, ծանոթանալ իրենց մոտեցումներին: Ես «Վիշապն» առնվազն որպես 20-հոգանոց մեծ խումբ եմ տեսնում...

Ինչո՞ւ հենց «Վիշապ»

Որովհետև ամեն մեկիս մեջ կան այդ վիշապները, որոնք քնած են, արթնանում են կամ արդեն արթնացել են, նայած ում մոտ՝ ոնց, կամ երաժշտությունից, հոգու պորթկումից են արթնանում: Անձամբ ինձ համար վիշապը մշակույթի պահապան է, շատ ուժեղ կենդանի: Վիշապն ունակ է պահպանել մշակույթը, ինչը, ըստ իս, գնալով ավելի մեծ խնդիր է դառնում՝ մեր մշակույթը շատ ծանր վիճակի մեջ է: Ճիշտ մշակույթին մեր երկրում այսօր գրեթե տեղ չեն տալիս: Աղբը շատացել է, «դուրս է եկել ջրի երես»: Ինչո՞ւ. Որովհետև ջրի երես այն հանողներն են շատացել:

Երևանյան համերգի մասին

Արտյոմն էլ, Արենին էլ Երևանում էին լինելու, և որոշեցինք հավաքվել ու մի համերգ էլ այստեղ տալ: Մեզ միացան նաև Էդոն Հարությունյան և Հայկը Կարապետյան: Ծրագրում միայն հայկական երաժշտություն է, նախաքրիստոնեական ժամանակներից մինչև գուսանական շրջան: Ժամանակագրությամբ հայկական երաժշտության պատմությունն է ներկայացված, ինչպես եկեղեցական, այնպես էլ աշխարհիկ: Շնորհալու, Նարեկացու, Շիրակացու, Օձնեցու, Քարամուրզայի, Ջիվանու, Կոմիտասի աշխատանքներն են, ինչպես նաև մի շարք ժողովրդական գործեր, ոչ շատ հայտնի:

Թումոցիների «ԹմբաԹա»-ն

4 տարի առաջ, երբ սկսեցի աշխատել Թումոյում, զգացի, որ էրեխեքը երաժշտությունն ավելի խորն ուսումնասիրելու կարիք ունեն: Սկսեցինք ուսումնասիրել ճիշտ ժողովրդական երաժշտությունը, ու հենց հայկականից էլ սկսեցինք: Ընթացքում ամեն մեկն իրենը գտավ, ու արդյունքում խումբ ստեղծվեց, անունն էլ «ԹմբաԹա» դրեցինք: Ինչո՞ւ «ԹմբաԹա», որովհետև մի վարժություն էինք անում, որի ընթացքում «թմ-բա, թմ-բա» էր հնչում, ու այդպես էլ անունը մնաց «ԹմբաԹա»: Ի դեպ, այդ խումբն էլ իր հերթին օգնեց «Վիշապի» ծրագրի ձևավորմանը՝ նրանց դասերի համար տարբեր ուսումնասիրություններ էի անում: «ԹմբաԹան» էլ իր հերթին է ելույթներ ունենում: Ի դեպ, բացի այդ խումբը, մասնակիցներից ոմանք արդեն իրենց հերթին իրենց առանձին խմբերն են ստեղծել, ու ոմանք Երևանի տարբեր բեմերում ելույթ են ունենում, փոքր համերգներ տալիս:

«ԹմբաԹայի» անդամների հետ նաև մի շարք համերգներ ենք տվել Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Վաշինգտոնում: Թումոցիներից մի քանիսը երգում են «Վիշապում», համերգների ժամանակ մեզ հետ հերթափոխով ելույթ են ունենում: Ուզում եմ, որ իրենք էլ ունենան այդ փորձը: Թումոյում մեր դասերի ժամանակ նրանք սովորում են, ու այն ուսանողներիս, որոնք որակով առաջ են գնում, հերթափոխով բերում եմ մեզ հետ երգելու: Երևանում համերգի ժամանակ էլ թումոցիները կերգեն «Վիշապում», որպես բեքվոկալ:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Արամ Կիրակոսյան / PAN Photo