// IP Marketing video - START// IP Marketing video - END
Բանգլադեշցի ուսանողները՝  Հայաստանի ու հայրենիքի մասին

Երևանում փողոց ենք ավլում, բայց ուսումից հետո կզբաղվենք բիզնեսով.

Բանգլադեշցի ուսանողները՝ Հայաստանի ու հայրենիքի մասին

PanARMENIAN.Net - Sanitek Armenia ընկերությունը Բանգլադեշի Հանրապետությունից 8 աշխատակից է ընդունել, որոնք արդեն մոտ 3 ամիս գիշերային ժամերին ավլում են Երևանի փողոցները: Sanitek-ից ասում են՝ երիտասարդներին աշխատանքի են վերցրել ու կացարան տրամադրել: Միաժամանակ նշում են, որ առավելությունը միշտ ՀՀ քաղաքացիներին են տալիս, սակայն Հայաստանում աղբահանության ոլորտում աշխատելը դեռ անցանկալի է համարվում, այդ պատճառով էլ ընկերությունը հաճախ աշխատողներ գտնելու խնդրի առաջ է կանգնում և ստիպված լինում օտարերկրացիների հրավիրել:

Բանգլադեշցիների աշխատանքից ընկերությունում գոհ են, ասում են՝ երևանցիները նույնպես գնահատում են նրանց աշխատանքը և հիմնականում լավ վերաբերմունք ցուցաբերում: Աշխատակիցների մեծ մասն ուսանողներ են Բանգլադեշի Պոլիտեխնիկական համալսարանից:

PanARMENIAN.Net ը զրուցել է Երևանի փողոցների մաքրության համար պատասխանատու բանգլադեշցիներից երեքի հետ, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել նրանց գիշերային աշխատանքը:

Մաֆուս, 34 տարեկան

Հայաստանը սիրեցիքն, այստեղ մեզ դուր է գալիս, գեղեցիկ երկիր է: Լեզվի խնդիր կա, բայց մարդկանց հետ լավ ենք շփվում: Բանգլադեշում ուսանող եմ, այնտեղ աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ ունեի, իսկ այստեղ աշխատում եմ և օգնում ընտանիքիս: Բանգլադեշում, իհարկե, փողոց ավլել չէի ցանկանա, իմ երկրում ուզում եմ բիզնեսով զբաղվել:

Օպիու, 22 տարեկան

Ես նույնպես ուսանող եմ: Բանգլադեշում ֆինանսական խնդիրներ կային, աշխատանք էի փնտրում, որ օգնեմ ընտանիքիս: Այժմ կարողանում եմ անել դա. երկու եղբայր և մեկ քույր ունեմ: Ամեն ամիս ընտանիքիս $215 եմ ուղարկում: Կցանկանայի այստեղ մի 3 տարի էլ աշխատել, իսկ Բանգլադեշում ուսումս ավարտելուց հետո մեխանիկ կամ վարորդ կաշխատեմ: Չէի ուզի այնտեղ նույն գործն անել, քանի որ կրթություն ենք ստանում, որ հետագայում այլ բանով զբաղվենք:

Բանգլադեշում միջին աշխատավարձը մոտ $95 դոլար է, մեկ շնչին ՀՆԱ-ն կազմում է մոտ $1300, ՀՀ-ում՝ մոտ $3600: Բանգլադեշը մոտ 161 մլն բնակչություն ունի:

Sanitek-ից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ բանգլադեշցի աշխատակիցների աշխատավարձը Հայաստանում 100․000 դրամ է։

Երևանում աշխատում ենք ժամը 23:00-ից մինչև վաղ առավոտ, իսկ ցերեկը քնում ենք, բայց լինում է, որ նորմալ քնել չենք հասցնում՝ այստեղ շատ են հետաքրքրվում մեզնով, խնդրում պատմել, թե որտեղից ենք, ինչու ենք այստեղ և այլն (ծիծաղում է,- խմբ.):

Մդու Սուզան, 21 տարեկան

Բանգլադեշում աշխատանք չունեի, իսկ այժմ կարողանում եմ օգնել ընտանիքիս: Այնտեղ երեք եղբայր ունեմ: Իհարկե, դժվար է համատեղել աշխատանքն ու ուսումը: Երբ ավարտեմ, Բանգլադեշում բիզնեսով կզբաղվեմ:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo