// IP Marketing video - START// IP Marketing video - END
Artbeep-ը «կապում» է արվեստասերներին արվեստի բացառիկ գործերի հետ

Վաղո Բարսեղյան.

Artbeep-ը «կապում» է արվեստասերներին արվեստի բացառիկ գործերի հետ

PanARMENIAN.Net - Շատերն են ցանկանում գնել աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող արտիստների հեղինակած արվեստի բացառիկ գործեր։ Նման հնարավորություն ընձեռելու համար էլ ստեղծվել է Artbeep-ը՝ հարթակ, որտեղ արվեստասերներն ու կոլեկցիոներները կարող են ծանոթանալ ու գնել կտավներ ու տարբեր աշխատանքներ։ PanARMENIAN.Net-ը խոսել է հարթակի համահիմնադիր Վաղո Բարսեղյանի հետ Artbeep-ի առաքելության, ոլորտի խնդիրների և շատ այլ հարցերի շուրջ։
Ի՞նչ է իրենից ներկայացնում Artbeep-ը:
Artbeep-ն արվեստի առցանց հարթակ է, որը զարգացող շուկաների ժամանակակից արվեստագետներին «կապում է» ամբողջ աշխարհում սփռված արվեստասերների հետ: Բացի այդ, մենք աշխարհի տարբեր քաղաքներում պարբերաբար միջոցառումներ ենք կազմակերպում, որոնց շրջանակում կոլեկցիոներները կարող են անձամբ հանդիպել Artbeep-ի նկարիչներին: Մենք աշխատանքի ենք ընդունում մարդկանց, որոնք օգնում են բացահայտել նկարիչներին ու աջակցում են վերջիններիս մարքեթինգային և լոգիստիկ հարցերում: Մենք միաձուլում ենք ֆիզիկական միջոցառումների փորձը էլեկտրոնային առևտրի հետ, որպեսզի գրավիչ փորձառություն տրամադրենք մեր այցելուներին:

Artbeep-ը չունի թանկ ֆիզիկական պատկերասրահներ, որպեսզի ծախսերը նվազագույնի վրա պահի և կարողանա հաճախորդներին առաջարկել արվեստի գործեր՝ շատ գրավիչ գներով: Ինչ-որ գործ Artbeep-ից պետվիրելուց հետո մեր լոկալ գործակալներն ուղարկում են այն, և փաթեթը սովորաբար տեղ է հասնում 1-2 շաբաթում:

Ի՞նչը ոգեշնչեց ձեզ սկսել այս գործը:
Ուզում էի Երևանում մեր նոր վերանորոգված առանձնատան համար կտավներ գնել և պարզեցի, որ արվեստի գործեր գնելու առանձնապես ոչ մի տեղ չկա: Որակյալ տարբերակները շատ սահմանափակ էին ու թանկ: Նման իրավիճակի կարելի է հանդիպել տարածաշրջանի շատ այլ երկրներում ևս, ասենք՝ Վրաստանում և Բելառուսում: Ահա այդ ժամանակ էլ առաջ եկավ Artbeep-ը ստեղծելու գաղափարը:

Ինչու՞ է Artbeep-ը արդիական հիմա?
Մեր ոլորտը դառնում է գլոբալ, և զարգացող շուկաների նկարիչներն ավելի ու ավելի մեծ դեր կխաղան ապագայում: Artbeep-ի առաքելությունն է մասնակցել այս փոփոխություններին, որպեսզի արվեստի շուկան ավելի թափանցիկ և աշխարհագրական առումով ավելի բազմազան դառնա:

Ինչպիսի՞ն է ընդհանուր պատկերը Artbeep-ի համար: Որո՞նք են Artbeep-ի դեմ ծառացած ամենամեծ խոչընդոտները:
Արվեստի աշխարհը միշտ էլ բացառիկ միջավայր է եղել: Վերավաճառողներն ու գործակալներն ավանդաբար թելադրում են ճաշակ, սահմանում գներն ու բարձրացնում վճարները: Որոշները նույնիսկ գներն այնպիսի մանիպուլյացիաների են ենթարկում, որ շատ ուրիշ ոլորտներում ապօրինի կլիներ: Այս պահին Արևմուտքում ժամանակակից արվեստի վաճառքների համարյա կեսը գոյանում է ընդամենը տասը ժամանակակից նկարչի շնորհիվ, ովքեր բացառիկ ուժեղ շուկայական իշխանություն ունեն: Artbeep-ը ցանկանում է ընդհատել այդ «հաղթողը վերցնում է ամեն ինչ» մոդելը՝ իշխանությունը նկարիչներին ու գնորդներին տալով ու նրանց հնարավորություն ընձեռելով ուղիղ կապ հաստատել ու զրուցել իրենց հոգեհարազատ արվեստի մասին:

Ի՞նչ նորարարական մաս ունի Artbeep-ը: Ի՞նչ խնդիրների եք անդրադառնում:
Artbeep-ի նպատակն է 2 խնդիր լուծել՝

- Չկա զարգացող երկրների լավագույն նկարիչներին աշխարհի արվեստասերների հետ կապելու՝ ծախսերի առումով արդյունավետ ճանապարհ,

- Չկա արվեստի գործեր գնելու արդյունավետ միջոց՝ առանց միջնորդներին բարձր տոկոս վճարելու:

Մենք վերահսկվում ենք լոկալ կուրատորներին՝ աշխատելով նախկինում չուսումնասիրված շրջաններում և ընտրելով բարձրորակ ու պրոֆեսիոնալ արվեստը, որտեղ չկան սահմանափակումներ ներկայացվող նկարիչների քանակի առումով՝ այդպիսով գնորդներին տրամադրելով արվեստի գործերի լայն տեսականի լայն գնային միջակայքում:

Մենք մոտ մեկ տարի առաջ ենք սկսել և արդեն տասը երկրից ավելի քան 125 նկարչի աշխատանքներ ենք առաջարկում արվեստասերներին: Մեզ մոտ արդեն իսկ ներկայացված է ավելի քան 1000 արվեստի գործ տասը երկրից՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Հունաստան, Ղազախստան, ՌԴ, Սերբիա, Իսպանիա, Ուկրաինա և Միացյալ Թագավորություն:

Ինչպե՞ս եք ընտրում, թե որ նկարիչների հետ եք գործակցելու:
Մինչև նրանց ընտրելը, մենք կապվում ենք ամբողջ աշխարհի մեր կուրատորների հետ, որպեսզի վստահ լինենք, որ գտնում ենք տվյալ երկրի և տարածաշրջանի լավագույններին: Մենք երբեք չենք մերժում նկարիչներին ոճից ելնելով, բայց տարբերակում ենք որոշակի կարիերա ունեցող պրոֆեսիոնալ արտիստներին նրանցից, ովքեր արվեստն ուղղակի հոբբի են համարում:

Մենք ճանապարհորդում ենք ամբողջ աշխարհով, որ տաղանդավոր արվեստագետներ գտնենք. Նախագիծը սկսել ենք հարավային և արևելյան Եվրոպայում, որտեղ մեր թիմն ավելի շատ կապեր ունի, իսկ արտիստները չունեն գլոբալ հասանելիություն:

Իսկ արտիստներն իրենք ձեզ դիմու՞մ են հարթակին միանալու համար:
Այո, մեզ շատ հաճախ են դիմում: Նրանք նաև նշում են Artbeep-ի էջն Instagram-ում` Tate, Art Basel, Freeze ցուցասրահների, Արվեստի ազգային պատկերասրահի (Վաշինգտոն) և Ժամանակակից արվեստի թանգարանի (Նյու Յորք) հետ մեկտեղ: Մեզ համար, իհարկե, մեծ պատիվ է նման անունների մեջ լինելը: Այնուամենայնիվ, բրենդի ստեղծումը ժամանակ է պահանջում, և մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

Ի՞նչն է տարբերում ձեզ այլ խաղացողներից:
Մյուս առցանց շուկաները չունեն կուրատորներ և նկարիչներին օնլայն տարածք տրամադրելուց բացի ուրիշ ոչինչ չեն անում: Առցանց պատկերասրահները սահմանափակ տեսականի են առաջարկում: Օնլայն աճուրդները հաջող իրականացվում են, բայց հաճախորդների նախասիրությունները փոխվում են ապրանքն անմիջապես գնելու կողմը՝ հաճախ սմարթֆոնների միջոցով, փախանակ աճուրդի ավարտին սպասելուն: Artbeep-ի նպատակն է առաջարկել ընտրության լայն շրջանակ, որը վերահսկվում է և այդ պահին գնելու համար հասանելի է:

Ո՞րն է Artbeep-ի հաջորդ քայլը:
Ընդլայնվել նոր տարածաշրջաններում (Միջին Արևելք, Ասիա, Աֆրիկա), կերտել մեր բրենդը և ընդարձակել հաճախորդների բազան: Բաժանորդների առումով մենք պլանավորում ենք թիրախավորել արվեստասերներին, բայց նաև կոլեկցիոներներին, ինտերիերի դիզայներներին ու կորպորատիվ ընկերություներին, ներառյալ՝ անշարժ գույքի դեվելոփերներին և կորպորատիվ հավաքածուներով զբաղվող ընկերություններին: Պլանավորում ենք ապագայում որոշակի գումար հավաքագրել մեր ընդլայնումը ֆինանսավորելու համար:

Ըստ ձեզ, ինչպե՞ս է փոխվում արվեստի շուկան:
Արվեստի շուկան նիշային (նեղ մասնագիտացված) շուկայից վերածվում է գլոբալ արդյունաբերության: Զարգացած երկրների ծերացող բնակչությունը կապահովի արվեստի շուկայի զարգացումը: Վերջինս կշարունակի ուղղվել դեպի արևելք, և ասիացի կոլեկցիոներները գալիք տարիներին կդառան ամենամեծ գնորդները:

Իսկ ի՞նչ կասեք արվեստի օնլայն շուկայի մասին:
Արվեստի օնլայն շուկան վերջին 4 տարվա ընթացքում 5 անգամ աճել ու հասել է $4 միլիարդի: Չնայած առցանց վաճառքներն աճել են տարեկան բարձր երկնիշ թվերով, դրանք, այնուամենայնիվ, ամբողջ շուկայի միայն մի փոքր՝ 6-7 տոկոսն են կազմում: Օնլայն առևտուրը կշարունակի ընդլայնվել: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդների կեսից ավելին պատրաստ է արվեստի նմուշներ գնել օնլայն տարբերակով: Սոցիալական մեդիա հարթակները, Instagram-ը՝ մասնավորապես, դարձել են արվեստ բացահայտելու հիմնական վայրերը. գնորդների մեկ քառորդը արվեստի գործեր է բացահայտում սոցիալական ցանցերի միջոցով, 20%-ը՝ թանգարանների, 16%-ը՝ պատկերասրահների:

Ի՞նչ հետևանքներ ունեն այս միտումները Artbeep-ի համար:
Սպառողական վարքագծի փոփոխությունն ակնհայտ է, և արդեն իսկ պարզ է, որ առցանց տիրույթն ավելի ու ավելի կարևոր կդառնա: Մեր օրերում մարդիկ բավական անկաշկանդ գրեթե ամեն ինչ օնլայն են գնում, քանի դեռ գնում ենք հեղինակավոր կայքերից: Նույնը վերաբերում է արվեստի գործերին, միայն թե գինը շատ ավելի բարձր է:

Շատ ժամանակ առաջ Amazon-ից գիրք կամ ինչ-որ փոքր իր գնելը վախեցնում էր որոշ մարդկանց: Մինչև վերջերս որոշ շքեղ ապրանքանիշներ ինտերնետը վաճառքի պատշաճ վայր չէին համարում: Մինչև վեջնական որոշում կայացնելն «իրական» ապրանքը տեսնելն ու փորձելը շատ կարևոր էր: Կարծիք կար, որ ֆիզիկական փորձը, որը գալիս է հաճախորդների գերազանց սպասարկումից, հնարավոր չի լինի վերստեղծել թվային եղանակով: Այս տեսակետը սկսեց փոխվել 2016 թվականի սկզբներին: Եվ միայն ժամանակի հարց է, թե երբ մարդիկ կսկսեն իրեր, ներառյալ՝ արվեստի գործեր գնել օնլայն ու ավելի բարձր գներով: Artbeep-ի համար մարտահրավեր է հզոր ապրանքանիշ և հեղինակավոր աղբյուր դառնալ արվեստասերների շրջանակում, մինչև այդ ամենը տեղի կունենա: