Ջազը «մենքի» արվեստն է

Վահագն Հայրապետյան.

Ջազը «մենքի» արվեստն է

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին հայտնի ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանն իր առաջին մենահամերգը կտա: Երեկոյի ընթացքում, որը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում, կհնչեն նրա ջազային ինքնատիպ մշակմամբ ինչպես հայ և արտասահմանյան կոմպոզիտորների, այնպես էլ տեղում ստեղծվող նոր ստեղծագործություններ:

Համերգից առաջ PanARMENIAN.Net ը զրուցեց Հայրապետյանի հետ՝ պարզելու, թե ինչ է սպասվում տասնամյակների ստեղծագործական կյանքում առաջին մենահամերգի ընթացքում, ինչ կարծիք ունի երաժիշտը Հայաստանում ներկա մշակութային կյանքի մասին և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

Մենահամերգ տալու համարձակության մասին

Հայրապետյանը մենահամերգ տալու մասին վաղուց էր մտածում, բայց «համարձակությունը չէր հերիքում». ի վերջո նրան համոզեցին:

«Ինձ անընդհատ թվում էր, որ դեռ պատրաստ չեմ: Պատասխանատու բան է, ընդ որում՝ պատասխանատվությունն ինքդ քո առջև է: Դժվար է մենակով ելույթ ունենալ: Իհարկե՝ ասելիք շատ կա, այս տարիների ընթացքում կուտակվել է», - պատմեց երաժիշտը՝ հավելելով, որ հետո հասկացավ՝ մենակ չի լինելու, նրա հետ կլինի հանդիսատեսը. «Հենց այդ միտքն ինձ օգնեց հաղթահարել ներքին շեմը և համաձայնվել մենահամերգին»:

Ջազը «մենքի» արվեստն է

Երաժիշտը չակերտները շատ չբացեց, բայց պատմեց, որ համերգն ինտերակտիվ է լինելու՝ հանդիսատեսն ակտիվ մասնակցելու է ընթացքին:

«Այնպես չի լինելու, որ ես երաժիշտն եմ՝ պիտի նվագեմ, ունկնդիրն էլ ամբողջ ընթացքում ուղիղ նստի իր փափուկ աթոռին: Ոչ, այս երաժշտությունը դրա համար չէ: Ուզում եմ կոտրել այդ կարծրատիպը, որ ջազը «միայն հասկացողների համար է, էլիտար երաժշտություն է»: Հակառակը, սա այն երաժշտությունն է, որը ստիպում է մարդկանց շարժվել, պարել: Այնպես չի, որ սա ես եմ` սա էլ դուք եք, ոչ. սա մե՛նք ենք: Ջազը «մենքի» արվեստն է»:

Համերգին շատ իմպրովիզներ են սպասվում՝ տեղում հանդիսատեսի մասնակցությամբ ստեղծվող երաժշտություն:

«Իմպրովիզները կախված են տրամադրությունից, գործիքի ձայնից, նայած՝ ուր է այն քեզ տանում»:

Ջազմենը տիրապետում է շատ գործիքների, սակայն ինքն իրեն միայն դաշնակահար է համարում, այլ գործիքների վրա նվագել սովորել է զուտ հետաքրքրության ու երաժշտությունը ներսից հասկանալու համար:

Կոմպոզիտորների և պարզապես կատարող երաժիշտների մասին ասում է՝ լավ կատարողը նաև ստեղծագործող է. «Կան կատարողներ, որոնք այնպես են նվագում, այնպես են իրենց միջով անցկացնում երաժշտությունը, որ լրիվ այլ գործ է ստացվում, մեջն իրենց հոգին կա: Այդպիսով պարզապես կատարողից վերածվում են ստեղծագործողի»:

Նոր կառավարությունը նպաստում է մշակույթի զարգացմանը

Փորձառու ջազմենը գովում է երիտասարդ հայ երաժիշտներին: Ասում է՝ նոր սերնդի երաժիշտները շատ լավն են, տաղանդավոր, ոլորտն էլ իր հերթին է զարգանում ու թափ առնում:

«Դրան նպաստում է նաև նոր կառավարությունը՝ մշակույթին իր վերաբերմունքով: Այսօրվա իշխանության որակը մշակույթի ընկալման հարցում շատ ավելի բարձր է: Երբ երկրի վարչապետը և իշխանության ներկայացուցիչները հաճախ այցելում են համերգներ, ջազ ակումբներ, լսում են ջազ և դասական երաժշտություն, այդ ամենը նպաստում է մշակույթի զարգացմանը: Իսկ երբ ղեկավարությունը լսում է անորակ թուրքական ու ռուսական երաժշտություն, ժողովուրդն էլ է սկսում դրանով հետաքրքրվել: Վերջերս վարչապետը մի ջազ համերգի էր, որից հետո սոցցանցերում այդ մասին գրառում արեց՝ պատմելով ջազի մասին: Դա, կոպիտ ասած, գովազդ է, որն օգնում է ոլորտի զարգացմանը»:

Իր համերգով Հայրապետյանն ուզում է նաև վերջ դնել կառավարության հետ կապված մի նախկին «ավանդույթի»՝ որևէ պաշտոնյա համերգի հրավիրատոմս այլևս չի ստանա:

«Ուզում ենք վերջ տալ այդ հին տրադիցիային, եթե (պաշտոնյաները,- խմբ.) ուզում են գալ համերգին, թող գնեն տոմս բոլորի պես՝ առանց սպասելու, որ հրավիրեն: Հատկապես, որ տոմսերն էլ թանկ չեն»:

Ֆոնոգրամայով երգելու, բայց կենդանի կատարման հոնորարներ ստանալու մասին

«Անընդհատ ի՞նչ ենք անում. բերում ենք դրսի արտիստի, կողքը կանգնում, ծափ ենք տալիս, հետո ասում, որ հայտնիների կողքին նույն բեմում ենք եղել: Այդ ահռելի գումարներն էլ այդ արտիստների հետ դուրս են գալիս երկրից: Բա մերո՞նք: Այդ գումարներով կարելի է մերոնց լավ ներկայացնել: Մենք շատ լավ արտիստներ ունենք»:

Խնդիրն այն է, որ այսքան տարի հեռուստացույցով ցուցադրվածը մշակույթ չէր՝ «ֆոնոգրամայի» տակ բերանները բացող երգիչ-երգչուհիները որևէ արժեք չեն ստեղծել, փոխարենը խաբել են իրենց հանդիսատեսին. «Դա պետք է արգելել օրենքով: Եթե դու արտիստ ես, և համերգ ես տալիս, բարի եղիր ունենալ կենդանի կատարում: Բա ինչի՞ համար են մարդիկ այդ փողը տալիս: Ինչքա՞ն կարելի է խաբել մարդկանց. երգել «ֆոնոգրամայով», բայց «չֆոնոգրամայի»՝ կենդանի կատարման հոնորար վերցնել»:

Ռաբիսի հետ խնդիր չունեմ

«Երաժշտության ոչ մի ժանր պրոբլեմ չի, պրոբլեմը ժանրը կատարողն է: Ես ռաբիսի հետ խնդիր չունեմ, խնդիր ունեմ այն բանի հետ, թե այն ինչպես է ներկայացվում, ինչ որակի: Ռաբիսն էլ կարող է որակով լինել»:

Ասում է՝ հայ երաժիշտները հաճախ նախընտրում են ներկայանալ ռուսական բառերով թուրքական երաժշտության կատարմամբ՝ մերը ներկայացնելու փոխարեն. «Հայերեն բառերով ռուսական երգեր, հայերեն բառերով արաբական երգեր… դա՞ է մերը: Ո՛չ: Այն, ինչ իսկապես մերն է, ցույց չենք տալիս, բայց ավելի շատ ցույց են տալիս ուրիշի «տնազը»: Պարզապես մերն անելն ավելի դժվար է»:

Հայաստանում միշտ հնարավոր է եղել որակյալ երաժշտություն ստեղծելով գումար աշխատել. «Հիմա էլ ավելի շատ են հնարավորությունները, քանի որ դաշտը բաց է, ամեն ինչ զարգանում է: Նույնիսկ անորակներն են արդեն փորձում ավելի որակով աշխատել»:

Հայաստանն է իմ հողը, իմ լավագույն հանդիսատեսն այստեղ է

«Շատ հաճախ եմ Հայաստանից դուրս գնում, բայց մնալու մասին երբեք չեմ մտածել: Սա է իմ հողը, իմ ջուրը, իմ հոգևոր սնունդը, դրսի հողն ինձ չի կարող սնել, ես այնտեղ չեմ զգա նույն պատասխանատվությունը, ինչ այստեղ: Իմ լավագույն հանդիսատեսն այստեղ է: Շատ տարբեր երկրներ եմ գնացել, գնում եմ և դեռ կգնամ: Որոշ ժամանակ նահանգներում եմ ապրել, Եվրոպայում էլ եմ ունեցել շատ համերգներ, միշտ լավ եմ ընդունվել, բայց միշտ վազելով կարոտած գալիս եմ Հայաստան: Ու փետրվարի 9-ին այն հադիսատեսը, որը պիտի գա, ամենասիրելին է»:

Հայաստանում պետք է լսելի դարձնել տեղի արտիստների ձայնը. «Այստեղից որ ձայնդ դուրս եկավ, այնտեղ կլսեն: Մենք պետք է ու կարող ենք Հայաստանը սարքել արվեստի կենտրոն»:

«Սատանայականի» մասին

Որոշ համերգների, մասնավորապես` լեհական Vader խմբի՝ հոկտեմբերի 4-ին Տիկնիկայինում կայանալիք համերգի չեղարկման ու տապալման փորձի մասին Հայրապետյանն ասաց՝ անընդունելի է:

«Եթե որոշ մարդիկ չեն հասկանում, չեն սիրում ռոքը, կարող են պարզապես չգնալ այդ համերգին: Ի՞նչ ասել է՝ սատանայական է: Մենք ավելի «սատանայական» բաներ ենք արել և անում: Օրինակ, այն, որ ըստ մեր կարծրատիպային մտածողության՝ կինը պիտի խոհանոցից դուրս չգա, տղամարդը՝ ծեծի կնոջը, «տղամարդուց պիտի տղա ծնվի». դա է սատանայականը: Դա չկայացած լինելու հետևանք է: Ռոքի մասին այդպիսի (սատանայական,- խմբ.) կարծիք ունեցողներն ուղղակի չեն հասկանում այդ ժանրը: Ի՞նչ, պետք է անպայման փողկապո՞վ ելույթ ունենան, որ ընդունելի լինի: Այդ քառակուսի տուփերը մարդկանց ուղեղում պետք է բացվեն... Տեսեք, ռոք երաժիշտն իր հագուկապով որևէ մեկին վատություն չի անում, փոխարենը դրսում խանութներում գողություն անող մեր հայրենակիցներն ամբողջ ազգին են վատություն անում: Եթե վատ մարդ ես, ավելի լավ է ազգդ ու կրոնդ մի ասա, որովհետև խայտառակ կանես թե՛ ազգդ, թե՛ կրոնդ»:

Ժամանակի ընթացքում այդ սահմանափակը կվերանա, մարդիկ ավելի զարգացած կդառնան՝ «դուրս կգանք այդ քառակուսի մութ տուփերից»:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
---