Ինչպես աշխատել New York Times-ի համար ու Նյու Յորքի հակակորոնավիրուսային անիմացիաներ նկարել

Մի աշխատասերի ժիր պատմություն.

Ինչպես աշխատել New York Times-ի համար ու Նյու Յորքի հակակորոնավիրուսային անիմացիաներ նկարել

PanARMENIAN.Net - Նա Հայաստանում ժիր տղա Ժիրոյի մասին գիրք է գրել ու անիմացիա արել, Բելգիայում շարունակել է ուսումն ու գործը, և հիմա արդեն նկարում է New York Times-ի համար, իսկ Նյու Յորքի փողոցներում նրա հեղինակած պաստառներն են պտտվում։

Արևիկ դ՛Օրն անիմացիայի աշխարհում իր մատիտը սրելու ու գույնն ավելացնելու համար 5 տարի առաջ ՀՀ-ից Բելգիա է տեղափոխվել՝ դրանից առաջ հասցնելով նաև Հայաստանում անիմացիոն ֆիլմ նկարել, երեխաների համար դպրոց բացել ու ընթացքում ֆրանսերեն սովորել։ Այդ ամենի մասին ու ոչ միայն նա պատմել է PanARMENIAN.Net ին:

Արևիկն ասում է՝ թե քո երկրում չհաջողեցիր, դրսում ավելի դժվար է լինելու։ Իսկ դրսում արդեն Արևիկի անիմացիաներին ծանոթ են․ նա այն անիմատորներից է, ում աշխատանքները Նյու Յորքի գովազդային 1800 էկրանին են պտտվում ու մարդկանց հիշեցնում կորոնավիրուսի հնարավոր վտանգների և դրանցից պաշտպանվելու մասին։

Ամեն ինչ սկսվում է կախարդանքից

Ի վերջո, ամեն մեկը սկսում է անել այն, ինչ իր մոտ առավել լավ է ստացվում։ Կամ դու անիմատոր ես, կամ անիմատոր չես․ սա բոլոր անիմատորները կարող են հաստատել։ Եթե քո տեսակով, մտածողությամբ անիմատոր ես, ուրեմն վաղուց գիտես, որ ուզում ես դրանով զբաղվել: Սա շատ սպեցիֆիկ ու կախարդող մասնագիտություն է. կամ դրանով կախարդված ես, կամ քեզ մոտ մուլտֆիլմ նայելու տարիքի հետ կախարդանքն ավարտվում է։ Այս առումով վաղուց եմ կախարդված եղել ու գիտեմ, որ դա է իմը։ Կախարդանքի հետ պետք է նաև հատուկ նյարդեր ունենաս՝ մի բանը մի քանի անգամ նկարելու համար։

Կախարդանքից դեպի իրականություն. Հայաստանից՝ Եվրոպա

Իմ ամբողջ կարիերան ՀՀ-ում սկսվել և ավարտվել է երեխաներին անիմացիա սովորեցնող դպրոցում․ ռեալիզացվելու ճանապարհ էլ չէի տեսնում։ Ուզում էի ինքս իրագործել մտքերս ու այդպես ռիսկ արեցի գիրք նկարելու՝ «Ժիրո» այբբենարանը։ Այն ինձ համար էքսպերիմենտալ աշխատանք էր, առաջինն էր։ Ուզում էի, որ բացի հետագայում լավ պորտֆոլիո ծառայելուց նաև կարևոր մի բան անի։ Այդ ընթացքում արդեն Եվրոպա գնալու միտք կար, իմ ստուդիան ունենալու տարիներին ֆրանսերեն էի սովորել։ Ֆրանսիական անիմացիան շատ հայտնի է, այնտեղ շատ դպրոցներ կան, նպատակս այնտեղ սովորելն էր։ Ի վերջո, սովորեցի Բելգիայում, այժմ ֆլամանդացիգործընկերոջս հետ ստուդիա ունենք։ Ես Editorial illustration-ի համար անիմացիա եմ անում: իսկ 2 տարի սովորել եմ որպես հեղինակային անիմացիոն ֆիլմի ռեժիսոր՝ էքսպերիմենտալ դպրոցում։

Ի՞նչ անել, որ քեզ նկատի New York Times-ը․ Մի ոգեշնչող պատմություն, որ սկսվել է սովորական աշխատասիրությունից

Բելգիայում ստուդիա ունենք երկու արտիստով, ես և ԿլաասՎերպլանկը (Klaas Verplancke) գործակցում ենք։

Շատ հայտնի իլուստրատոր է, այդ ոլորտում նրա հետ մրցելը դժվար է, ես որոշեցի դառնալ մեր ստուդիայի ուժեղ կողմն՝ անիմացիաների ասպարեզում։ Սկզբում գործընկերոջս աշխատանքի ձանձրալի մասերն էի անում։ Բայց ես ուզում եմ միշտ լինել կողքը, ոչ թե՝ «պոչը»։ Մի քանի բան սովորեցի, ու մենք մեր ստուդիան երկու ուղղությամբ ենք աշխատեցնում՝ իլուստրացիայի և անիմացիայի։ Երբ նա ունենում էր պատվերներ, ես իմ նախաձեռնությամբ անում էի նաև անիմացիաներ, փոխանցում էինք պատվիրատուին՝ պարզապես սոցցանցում օգտագործելու համար։ Հետո կամաց-կամաց մարդիկ սկսեցին մեզ անիմացիայի հետ էլ ասոցացնել։ Պատվեր ուղարկելիս նաև սկսեցին անիմացիա խնդրել։ Այդպես է սկսվել նաև New York Times-ի հետ գործակցությունը։ Ես ի՞նչ խորհուրդ կարող եմ տալ՝ լինել պրոակտիվ, անել այն, ինչ քեզնից կախված է հենց հիմա։ Ես անում եմ դա, որ եթե ինչ-որ բան չստացվի, ինձ չմեղադրեմ։

Սրել մատիտն ու բացել միտքը՝ էքսպերիմենտալ արվեստի համար

Հայաստանի մենթալիտետը դժվար է հարմարվում էքսպերիմենտալ արվեստին։ Մեզ մոտ արվեստի ու ամեն ինչի մասին կան հստակ ստերիոտիպեր ու ստանդարտներ, օրինակ՝ աղջիկն ինչպիսին պիտի լինի, չնայած աղջիկները տարբեր են, ձաղկակաղամբն ինչ կերպ պետք է պատրաստվի՝ չնայած ծաղկակաղամբ սարքելու 100 ձև կա։ Ամեն ինչ մեր կյանքում մի ձևի մեջ է, հենց դուրս ես գալիս դրանից, զգում ես, որ սովոր չես ուրիշ ձևի կամ շատ դժվար ես հարմարվում էքսպերիմենտալ բաներին։ Քեզ ասում են՝ ֆիլմն ունի սկիզբ, կուլմինացիա, ավարտ, գնում ես էքսպերիմենտալ դպրոց ու հասկանում, որ դու ես որոշում, թե ֆիլմն ինչ պետք է ունենա։ Սա մարդուն անձնական ընտրության հնարավորություն է տալիս, իսկ երբ սովոր չես ընտրելու, սկզբում շատ վախենալու է։ Ի վերջո, ՀՀ-ից դուրս գալն ու միջազգային շուկայում հարմարվելը ոչ թե տաղանդի կամ ընդունակությունների հետ է կապված, այլ՝ մտածողության։ Եթե կարողացար մտածողությունդ հարմարեցնել և քեզ վերաձևակերպելու համար ճկունություն ունենալ, ուրեմն կհաջողես։ Իմ ամենամեծ գործը եղել է մտածողությունս փոխելը։

Հեռահար պլաններ, հնարավոր սերիալներ և աննաներ

2 նոր գրքի նախագիծ կա, աշխատում եմ նաև սերիալների սցենարների վրա։ Այս ընթացքում իմ նախաձեռնությամբ մի անիմացիոն ֆիլմ եմ պատրաստել՝ «Ուտոպիա», Միքայել Ոսկանայնի և Վարդան Հարությունյանի երաժշտության հիման վրա։ Երբ դեռ նոր էի, հասկացա, որ ինձ անկեղծ տարածքն է դուր գալիս, և չպիտի ինձ «ֆեյքեմ»։ Աննաները (Արևիկի անիմացիան՝ 3 կանանց մասին, որոնք իրականում մեկ հոգի են) երևի եղած ստանդարտները կոտրելու փորձ է եղել նաև։

Ամենասկզբում հիշում եմ, որ նկարելուց հետո նույնիսկ պետք է հաղթահարեի դրանք հրապարակելու կոմպլեքսը։ Հետո հասկացա, որ հաճելի է լինել այնպիսին, ինչպիսին կամ։ Այստեղ մեկը շատ է հավանել աննաներին ու ուզում է, որ մի ամսագրի ամեն սյունակի համար անեմ, ուզում եմ ուսումնասիրել դա։ Բայց իմ հիմնական կիրքն անիմացիոն ֆիլմ ստեղծելն է։ Lumière ընկերության անիմացիոն նախագծերի պրոդյուսերը հավանել է աննաներին ու ցանկություն հայտնել սերիալ ստեղծելու։ Չնայած այս նախագիծը լրիվ իմ անձնական տարածքն էր ու չէի պատկերացնում դրա կոմերցիալիզացիան, բայց այդ պրոդյուսերն այն դրեց կոմերցիոն փուլում, հիմա սցենարներ գրելու փուլում եմ։ Իմ առջև խնդիր կա նրանց մեջ նաև գաղափարական կողմեր ավելացնելու. նրանք կնոջ ուրիշ կերպար են ցույց տալու՝ միշտ հաղթող ու միշտ իրավիճակի տերը, ու անելու են ամենը նաև ծիծաղելի ձևով, կյանքից հաճույք ստանալով։ Աննաները կասկածի տակ են դնելու բոլոր «չի կարելիները», բայց ոչ նեգատիվ ձևով, ուզում ենք, որ շարքը լինի համով։

Արևիկն ասում է՝ ստեղծագործելու համար նոր մշակույթներ է պետք տեսնել ու զգալ։ Բայց նաև հետարքիր մի բան նկատում՝ որքան էլ դրսում հաջողություն ունենաս, իսկ Հայաստանում՝ ոչ, միշտ «մանթոյի զգացողություն» կա։ «Իմ ստուդիո գործընկերը միշտ զարմանում է, որ ամեն անգամ ՀՀ-ի հետ կապված ինչ-որ գրքի գաղափար եմ իրեն պատմում։ Հարցնում է՝ ինչիս է դա պետք, իսկ ես դժվարանում եմ պատասխանել»,- ասում է Արևիկը։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
---