Հայաստանում DELL -ի ներդրումների 90%-ը նույնն է լինելու, ինչ ԱՊՀ բոլոր երկրների համար

Մարկ Միլլեր.

Հայաստանում DELL -ի ներդրումների 90%-ը նույնն է լինելու, ինչ ԱՊՀ բոլոր երկրների համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանում և Թուրքիայում DELL ընկերության վաճառքի զարգացման գծով մենեջեր Մարկ Միլլերը, որն աշխատում է DELL-ում 9 տարի, վերջերս 2-րդ անգամ այցելեց Հայաստան՝ «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնի» բացմանը։ Այցելության ընթացքում Միլլերն ունեցավ մի շարք գործնական հանդիպումներ ՏՏ ոլորտի մասնագետների և պետական պաշտոնյաների հետ։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում Մարկ Միլլերը նշեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտը լավ ապագա ունի։
Ինչպե՞ս եք գնահատում ՏՏ ոլորտի մակարդակը Հայաստանում:
Ես կարծում եմ, որ ՏՏ ոլորտում այստեղ բազմաթիվ բարեփոխումներ են եղել։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը բավական կրթված է։ Սակայն Հայաստանում վաճառվող համակարգիչների քանակը ցածր է՝ համեմատած այլ երկրների հետ։ Օրինակ, Ռուսաստանը ներդրել է մեծ գումարներ ծրագրային ապահովման զարգացման և ՏՏ-ի այլ բնագավառներում և նրանք ունենք տեղական բազմաթիվ ընկերություններ, որոնք Ռուսաստանի ՏՏ շուկայում մեծ դեր են կատարում։ Նրանք ունեն բազմաթիվ ռեսուրսներ և գումարներ՝ սուբսիդավորված պետության կողմից։ Պարզ ասած, Հայաստանի ՏՏ-ն հավանաբար, այս տարածաշրջանում միջին մակարդակ ունի։

Ինչպիսի՞ խնդիրներ է ունենում DELL-ն իր արտադրանքը Հայաստան ներկրելիս։
Հայաստանի աշխարհագրական դիրքին նայելով՝ կարելի է տեսնել, որ Հայաստանը ելք չունի դեպի ծով։ Ցանկացած արտադրանք ներմուծելու համար կա երեք ճանապարհ՝ ինքնաթիռ, ավտոմեքենա կամ գնացք։ Սահմանների փակ լինելը նույնպես դժվարացնում է այս գործընթացը։ Հատկապես ՏՏ ոլորտում կարևոր է արտադրանքի օպերատիվ առաքումը տվյալ երկիր, ինչը Հայաստանի դեպքում շատ դանդաղ է ընթանում։ Ամեն մի արտադրանքի ներկրումն այս տարածաշրջան ունի նույն դժվարությունները։ Հայաստանի հարևան երկրները նույնպես նույն խնդիրներն ունեն։

Ի՞նչ եք առաջարկում, ինչպիսի ռազմավարություն պետք է մշակի կամ որ երկրներից պետք է օրինակ վերցնի Հայաստանը:
Ես կարծում եմ, որ մենք կարող ենք Հայաստանը ավելի մոտ համարել Ռուսաստանին։ Մենք փորձում ենք կենտրոնացնել մեր գործերը Ռուսաստանում և լայնածավալ դարձնել մեր բիզնեսը, որպեսզի աջակցենք ԱՊՀ երկրներին և ստանանք ավելի տեղայնացված ենթակառուցվածք՝ օգնելու և աջակցելու թե՛ անմիջականորեն DELL-ից և թե՛ մեր գործընկերների միջոցով, ինչպիսին Vallex IT-ն է։

Մենք դառնում ենք ավելի մասնագիտացված այն բոլոր երկրներում, որտեղ ներկայացված ենք։ Մասնավորապես, Ռուսաստանն ավելի ունակ է զարգացնելու և մշակելու այդ մասնագիտացումներն ԱՊՀ երկրներում՝ ընդհանուր լեզվի և մարքեթինգի առկայության պայմաններում։ Հայաստանում մարդկանց մեծ մասը խոսում և հասկանում է ռուսերեն, այդ թվում և ՏՏ ոլորտի ներկայացուցիչները։

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման մակարդակը ԱՊՀ երկրների շարքում։
Կարծում եմ, դժվար է գնահատել։ Dell-ի համար ամեն տեղ էլ կա աճելու հնարավորություն և, իհարկե, Հայաստանում նույնպես՝ Dell-ը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին:

Ինչպիսի՞ն է Թուրքիայի ՏՏ ոլոտի մակարդակը Հայաստանի համեմատ։
Թուրքական շուկան շատ ավելի մեծ է, քանի որ բնակչությունն է շատ։ Հետևաբար ՏՏ-ի նկատմամբ պահանջարկն էլ է շատ։ Դժվար է համեմատել հենց շուկայի մեծության առումով։ Ավելի հեշտ է տեսնել տարբերությունը տարածող (retail) ընկերությունների քանակից։ Հայաստանում ավելի քիչ ՏՏ ընկերություններ կան։

HP տպիչները ավելի տարածված են Հայաստանում, քան Dell-ինը։ Ո՞րն է դրա պատճառը, չէ՞ որ դուք նշեցիք, որ Dell-ը առաջատար ընկերություն է, իսկ ինչու՞ ոչ Հայաստանում։
Կան իհարկե մի քանի պատճառներ։ Գլոբալ բիզնեսի հեռանկարի տեսանկյունից` HP ընկերությունը տպագրումը և պատկերավորումը համարում է իր համար առաջնահերթություն։ Եվ բոլոր ԱՊՀ երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում, նույն պատկերն է՝ HP-ն առաջատարն է։ Իսկ Dell-ը չի կենտրոնանում տպագրման և պատկերավորման վրա, դա ամենաառաջնահերթայինը չէ մեզ համար։ Առաջնահերթը Dell-ի համար ընկերությունը ներկայացնել որպես ընդհանուր լուծումների մատակարար։ Այդ կերպ մենք ցանկանում ենք լինել լուծումներ առաջարկող գլոբալ ընկերություն։

Ինչպես ես հասկացա, DELL-ը ավելի շատ միտված է կոմերցիոն հաճախորդներ ձեռք բերելու։ Արդյո՞ք DELL-ը չի պատրաստվում աճել նաև ոչ կոմերցիոն սպառողների շրջանում։
Dell-ը վերջին 7 տարիների ընթացքում որպես գլոբալ ընկերություն վերակազմավորվել է, որպեսզի ավելի ներկայացված դառնա բիզնեսի տարբեր ճյուղերում։ Այո, մենք այժմ ունենք միտումներ դեպի սովորական սպառողներ (home users)։ Անցած մի քանի օրերի ընթացքում մենք մի քանի զրույցներ ենք ունեցել այդ ուղղությամբ, թե ինչպես ավելի արագ մուտք գործել այդ շուկա։ Մենք հիանալի արտադրանք ունենք, իսկ մարդիկ սիրում են նեթբուքեր, նոթբուքեր, պլանշետներ և հեռախոսներ։ Մենք նոր ենք սկսել մշակել այդ շուկայի ռազմավարությունը Հայաստանի համար։ Առաջին քայլերից է «Համակարգիչներ բոլոր համար» ծրագիրը, որտեղ մենք հանդես ենք գալիս որպես մատակարար։ Dell-ը ցանկանում է դառնալ նախընտրելի մատակարար այս ծրագրի համար։

Ինչպիսի՞ ներդրումներ է պատրաստվում կատարել DELL-ը Հայաստանում։
Մենք պատրաստվում ենք Հայաստանին տրամադրել տարբեր սարքավորումներ ՏՏ շուկայի համար։ Եվ, իհարկե, մտադիր ենք ձեռք բերել տարբեր գործընկերներ, որպեզի հնարավոր լինի մեր արտադրանքն արագ հասցնել այստեղ։

Մենք ցանկանում ենք նաև զարգացնել տարբեր ցանցային ծրագրեր (channel programs)՝ աջակցելու մեր այստեղի ցանցային գործընկերներին։ Մեր նպատակն է DELL բրենդի լայն ճանաչումը և ավելի բարձր շահութաբերությունը մեր ցանցային գործընկերների համար։

Դժվար է ասել, թե որքան է նախատեսված Հայաստանում ներդրումներ անելու համար։ Սակայն կարող եմ ասել, որ մեր ներդրումների 90%-ը նույնն է լինելու ԱՊՀ բոլոր երկրների համար, որովհետև վերջիններս ունեն նույն խնդիրները։ Մենք մշակելու ենք տարբեր ռազմավարական ծրագրեր այդ խնդիրները լուծելու համար։

Dell-ն արտադրելու՞ է իր սեփական բրենդի պլանշետը (tablet)։ Եթե այո, ի՞նչ եք կարծում, այն կարող է գրավել Հայաստանի շուկան։
Dell-ը պլանավորում է թողարկել իր սեփական բրեդնի պլանշետները։ Դրանք կլինեն թիրախային ցանկացած երկրի համար, որը գնում է նեթբուքեր։ Ես կարծում եմ, մարդիկ, ովքեր սովորաբար գնում են նեթբուքեր, մտածում և պլանավորում են ապագայում ունենալ նաև պլանշետներ։ Սակայն, ընդհանուր առմամբ, հիմա սպառողները դեռ նեթբուքեր են գնում։

Ի՞նչ կավելացնեիք զրույցի վերջում։
Շատ հաճելի էր լինել Հայաստանում, հյուրընկալությունը հիանալի էր։ Ինձ դուր եկավ մշակույթը, մարդիկ և միջավայրը։ Ես բազմաթիվ գործնական հանդիպումներ ունեցա այս մի քանի օրվա ընթացքում և կարծում եմ, որ մարդկանց իսկապես մտահուզում է ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում։ Ես լավ ապագա եմ տեսնում Հայաստանում ՏՏ շուկայի, ուսման և կառավարական, կոմերցիոն, մանր ու միջին ձեռնարկությունների համար։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
---