Երևանում բացվեց «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը»

Երևանում բացվեց «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը»

PanARMENIAN.Net - Այսօր ՀՊՃՀ-ի 10-րդ մասնաշենքի 6-րդ հարկում տեղի ունեցավ Հայաստանում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» (ՄԻԿ) բացման պաշտոնական արարողությունը:

Բացմանը ներկա գտնվող ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում ՏՏ ոլորտին հնարավորինս աջակցելու համար.«ՏՏ որոլտը ՀՀ տնտեսության արագ և դինամիկ զարգացող ոլորտներից է: Կառավարությունը շարունակական ուշադրություն է դարձնում և կարևորում ոլորտի զարգացումը: Մենք կարևորում ենք նաև միջազգային կազմակերպությունների ներկայությունն այստեղ»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ասաց.«ՏՏ-ն ամենահաջողակ ոլորտն է Հայաստանում, քանի որ հայերը շատ պրոֆեսիոնալ են: ԱՄՆ կառավարությունն իսկապես գնահատում է Մայքրոսոֆի ներկայությունը Հայաստանում»:

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Հայաստանի դպրոցներն օգտվում են Մայքրոսոֆթի օրինական լիցենզավորված փաթեթներից.«Ցանկացած երկրում երևում է, որ կրթության վրա ծախսված ցանկացած մեկ դոլարը տարիներ հետո ետ է գալիս և մեծ արդյունք տալիս: Ես համոզված եմ, որ ՄԻԿ-ի դեպքում էլ այդպես կլինի»:

«Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան: Ես DELL-ում եմ արդեն 9 տարի: Մենք շարունակում ենք մնալ առաջատարը ոլորտում: Մենք շարունակելու ենք աճել օրեցօր և աջակցել Մայքրոսոֆթին: Հայաստանն այնպիսի տարածաշրջանում է, որտեղ հասնելը հեշտ չէ: Մենք ցանկանում ենք ներդրումներ անել»,- ասաց DELL ընկերության վաճառքի գծով մենեջեր Մարկ Միլլերը: Նորագույն տեխնոլոգիաներով համալրված ՄԻԿ-ի հիմնական նպատակը Հայաստանում նորարարության խթանումն է, նոր գաղափարների բացահայտումը և ՏՏ լուծումների ստեղծումն ու ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում: ՄԻԿ-ում կկազմակերպվեն կարճաժամկետ և երկարաժամկետ տեխնոլոգիական և բիզնես դասընթացներ, որոնց ընթացքում ուսանողները և ՏՏ ոլորտի մասնագետները կստանան իրենց գաղափարները կյանքի կոչելու համար անհրաժեշտ գիտելիքներ և խորհրդատվություն: «Մենք ցանկանում են ստեղծել 200 աշխատատեղ, 10 ստարտափ ընկերություններ և առնվազն 20 նոր պրոդուկտ»,- ասաց Մայքրոսոֆթ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Կենտրոնի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

Միջոցառման ավարտին ստորագրվեց համագործակցության հուշագիր «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի ճարտարագիտական համալսարանի միջև:

ՄԻԿ-ի բացմանը ներկա էին նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, «Մայքրոսֆթ»-ի, DELL-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ և հյուրեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---