Նարեկ Գալստյան. Ադրբեջանցիներին զսպող միակ գործոնը հայ զինվորներն են

Նարեկ Գալստյան. Ադրբեջանցիներին զսպող միակ գործոնը հայ զինվորներն են

PanARMENIAN.Net - Հայ քաղաքագետ Նարեկ Գալստյանն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ ոչ մի մարտավարական կամ ռազմական իմաստ չի տեսնում Տավուշում զինծառայողների մեքենային վրա հարձակվելու մեջ: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նպատակը հայկական բանակը բարոյալքելն էր, բայց իրականում տեղի է ունեցել հակառակը: Քաղաքագետի կարծիքով, Ալիևը ևս մեկ անգամ փորձել է մոբիլիզացնել երկրում քաղաքական ուժերը, պահել «թշնամու կերպարն» ի դեմս հայերի:

«Ես չեմ կարծում, որ դա ուղերձ էր միջազգային հանրությանը: Ադրբեջանի դիրքորոշման մեջ դրական փոփոխություններ չեմ տեսնում: Միջազգային հանրության վերաբերմունքը նույնն է՝ նա սահմանափակվում է խաղաղություն պահպանելու ստանդարտ կոչերով: Ադրբեջանցիներին զսպող միակ գործոնը հայ զինվորներն են»,- ասել է նա:

27.04.2012թ.՝ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ:

Պաշտպանության նախարարությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումներով վերջիններիս կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ երկու պայմանագրային զինծառայողներ մահացել են Բերդի զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, իսկ մեկը՝ Բերդի զինհոսպիտալում: Դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաև վերը նշված ավտոմեքենայի վրա:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին (անձի կամ նրա մերձավորի սպանությունը ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 6-րդ (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) կետերով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել էր գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան:

Անվտանգության նկատառումներից ելնելով`մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել էին: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել էր: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկային:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---