Վերջին հանրահավաքներ. ԲՀԿ-ն կոչ է անում ոչ մեկից չվախենալ, ՀԱԿ-ը խոստանում է հեղափոխություն 30 վայկրկյանում, «Ժառանգությունը»` իշխանությունը տալ ժողովրդին

Վերջին հանրահավաքներ. ԲՀԿ-ն կոչ է անում ոչ մեկից չվախենալ, ՀԱԿ-ը խոստանում է հեղափոխություն 30 վայկրկյանում, «Ժառանգությունը»` իշխանությունը տալ ժողովրդին

PanARMENIAN.Net - Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մնացել է երեք օր, «լռության օրվան»` երկու, և հայկական քաղաքական ուժերը որոշել են արդյունավետ օգտագործել մնացած ժամանակը: Այդ իսկ պատճառով այսօր` մայիսի 3-ին, Երևանում կայացել է միանգամից երեք հանրահավաք` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ժառանգություն» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի:

«Բարգավաճ Հայաստանն» ու ընտրողների մաքուր խիղճը

Առաջինը Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի շենքի դիմաց կայացել է «Բարգավաճ Հայաստանի» հանրահավաքը, որը մեկնարկել է հայկական էստրադային երգիչների համերգով: Հանրահավաքի մասնակիցներին առաջինը դիմել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանը: «Մեկ ամիս շարունակ մենք եղել ենք Հայաստանի բոլոր բնակավայրերում, հանդիպել ենք հազարավոր մարդկանց հետ, ներկայացրել մեր ծրագրերը: Այսօր այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր սատարում են ԲՀԿ-ին»,- ասել է նա:

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր խոսքում նշել է. «Լռության օրը ձեր խիղճը կհուշի` ինչպիսին կլինի մեր ապագան: Ընտրությունների օրը դուք կընտրեք այն Հայաստանը, որտեղից մարդիկ չեն փախչում»:

«Ամեն ինչ լավ է լինելու» Գագիկ Ծառուկյանից

Իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքի մասնակիցներին հորդորել է` ինչ էլ որ լինի, մասնակցել ընտրություններին. «Ամենակարևորը գնացեք ընտրություններին և ոչ մեկից մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու»:

Հանրահավաքից հետո նախատեսվող համերգային շոուն տեղի չունեցավ հորդառատ անձրևի պատճառով:

Հայ ազգային կոնգրես. Մայիսի 8, 30 վայրկյան և կոալիցիա

Երեկոյան Ազատության հրապարակում մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որը մասնակիցների քանակով սա ՀԱԿ-ի վերջին հանրահավաքներից ամենաբազմամարդն է:

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա Հաղթանակի օրվանից մեկ օր առաջ

Հանրահավաքը բացել է ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը` նշելով, որ ՀԱԿ-ն իր նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 10-ին Ապարանում և ավարտել մայիսի 1-ին Գյումրիում: Նա նշել է քարոզարշավի հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել քաղաքացիներին դրա համար: «Կեցցե'ն Հայաստանի քաղաքացիները, ովքեր իրենք են որոշում իրենց ապագան»,- ասել է նա:

Մանուկյանը հաղորդել է նաև, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 8-ին: Նրա խոսքով` ՀԱԿ-ի դիմումն իշխանությունների կողմից արդեն ընդունվել է ի գիտություն:

«Հեղափոխությունը 30 վայրկյանում» մոռացված չէ

Ինչպես հանրահավաքի ժամանակ հայտնել է ՀԱԿ-ից պատգամավորի թեկնածու, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կորոշեն կառավարության ապագան ու դրա որակը: Նրա խոսքով` իրենց ընտրությամբ քաղաքացիները կորոշեն «Հայաստանում նորմալ կյանքի կամ արտագաղթի հնարավորությունը»:

Փաշինյանը սուր քննադատության է ենթարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանի կառավարությանն ու ՀՀԿ-ին` հայտնելով, որ Հայաստանում նորմալ կյանքի համար անհրաժեշտ է ՀԱԿ-ի հաղթանակը:

Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններում հաղթանակելուց հետո ՀԱԿ-ը կձևավորի կառավարություն, որի գլխավոր նպատակը կդառնա նորմալ նախագահական ընտրությունների անցկացումը, «որպեսզի ժողովուրդն իրենը համարի ընտրված նախագահին»: Ամփոփելով իր խոսքը` Փաշինյանը ժողովրդին կոչ է արել մայիսի 6-ին «30-վայրկյանանոց հեղափոխություն» կատարել և ձայնը տալ ՀԱԿ-ի օգտին:

ՀԱԿ-ը համաձայն է կոալիցիայի մաս դառնալ, բայց վերապահումներով

Իսկ ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ ուժերի նպաստավոր դասավորության պարագայում Ազգային Ժողովում կարող է ձևավորվել նոր, «իրական կոալիցիա»։ Հայ Ազգային Կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունը իրական կոալիցիայում` կտրականապես մերժելով, սակայն, որևէ համագործակցություն Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ` նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքը։

Նա ընդգծել է, որ առաջիկա ընտրությունների գլխավոր նպատակը պետք է դառնա ՀՀԿ-ին իշխանության մենատիրությունից զրկելը` նկատելով, որ Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունները ոչ մի իրական ձայն չունեն հասարակության շրջանում. «Նրանք հույսը դրել են վարչական, ուժային և քրեական ռեսուրսի միջոցով ընտրությունների կեղծման ու իշխանության բռնազավթման վրա»:

Լևոն Տեր-Պետրոսյանը հավելել է նաև, որ արդար ընտրությունների անցկացմամբ անկեղծորեն շահագրգռված են միայն երեք քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչի արտահայտությունն է այդ ուժերի սերտ համագործակցությունը ընտրությունների օրինականության վերահսկման և ընտրախախտումների դեմ պայքարի միասնական շտաբում:

Դեղամիջոց կեղծումների դեմ

ՀԱԿ-ի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ որքան շատ մարդ մասնակցի խորհրդարանական ընտրություններին, այնքան ավելի դժվար կլինի կեղծել դրանք: Նրա խոսքով` չի կարելի թույլ տալ, որպեսզի երկրի ճակատագիրը որոշեն անտարբերներն ու ընտրությունների նկատմամբ հավատը կորցրածները: Նա նշել է, որ չնայած ընտրությունները կեղծելու` իշխանությունների ցանկությանը, դրան կարող են խանգարել մի շարք հանգամանքներ: ՀԱԿ-ի առաջնորդը, մասնավորապես, նշել է միջազգային հանրության դիրքորոշումը, որը «արաբական գարունից» հետո ավելի մեծ ուշադրություն է դարձնում ժողովրդավարության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։

Այս կապակցությամբ նա հույս է հայտնել, որ միջազգային դիտորդական առաքելություններն այս անգամ ավելի օբյեկտիվ ու սկզբունքային գնահատական կտան ընտրություններին` զգուշանալով ապօրինի իշխանություններին օրինակարգող (լեգիտիմացնող) այնպիսի վտանգավոր ձևակերպումներից, ինչպես, օրինակ, «ընտրությունները հիմնականում համապատասխանել են եվրոպական չափանիշներին» կամ «դրանք մի քայլ առաջ էին նախորդ ընտրություններից»:

Ընտրախախտումների կանխման խնդրում ի հայտ եկած մյուս նոր հանգամանքը Հայ Հեղափոխական Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի կողմից ձևավորված միասնական շտաբն է: Տեր-Պետրոսյանն առանձնապես նշել է Սահմանադրական դատարանի կողմից քվեարկության մասնակիցների ստորագրած ընտրացուցակների գաղտնիության դրույթի հակասահմանադրականության ճանաչումը, որի դեպքում, նրա խոսքով, իշխանությունների համար գրեթե անհնար կդառնա ընտրակեղծարարության գլխավոր ռեսուրսի, այն է` ընտրացուցակներում երկրից բացակա շուրջ 700 հազ. քաղաքացիների անունների առկայության փաստի օգտագործումը։

«Ժառանգություն». Ողջ իշխանությունը ժողովրդին և Հայաստանի պատմության նոր դասագիրք

ՀԱԿ-ի հանրահավաքի հետ զուգահեռ ոչ շատ հեռու` Ազնավուրի հրապարակում կայացավ «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը: Ողջունելով ներկաներին` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է. «Գալիս ենք նոր օրենք բերելու և գրելու մեր պատմության ապագա դասագիրքը: Մենք կվերադարձնենք իշխանությունը Հայաստանի ժողովրդին»:

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն իրեն համեմատեց սկսնակ երգչի հետ, որը տաքացնում է «պուբլիկան» Ձախ Հարութի ելույթին պատրաստելու համար: Նա հայտնել է. «Սա Երևանն է, սա ըմբոստ քաղաք է, և քիչ առաջ Մատենադարանի դիմաց ավտոբուսներով մարզերից բերած մարդկանց դեմ ըմբոստացավ անգամ եղանակը: Միասին տեր դառնանք մեր երկրին` թույլ չտալով անարդարություն»,- նշեց Արզումանյանը: Մասնավորապես, նա նկատի ուներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքը, որին մասնակցելու համար, համաձայն լուրերի, Հայաստանի մարզերից մեծ քանակությամբ մարդկանց էին բերել, և հանրահավաքի ժամանակ սկսված ամպրոպը:

Հայաստանը, գյուղական ֆեոդալներն ու «Ազատ դեմոկրատների» սերը

Ալեքսանդր Արզումանյանը, ամփոփելով ընտրական քարոզարշավը, հայտնել է, որ լինելով Հայաստանի բոլոր մարզերում և հեռավոր շրջաններում` իրենք հասկացել են, որ Հայաստանում դեռ ֆեոդալական կարգեր են գործում: «Ամեն մի գյուղապետ կարող է իրեն ֆեոդալ համարել, ինչ-որ բարքեր ներմուծել, ընտրել ժողովրդի փոխարեն և որոշել, թե ժողովուրդը ում հանրահավաքին գնա, ումին` ոչ»,- ասաց Արզումանյանը: Վերջում նա դիմեց բոլոր հավաքվածներին. «Ես ձեզ բոլորիդ սիրում եմ և մայիսի 6-ին հայցում եմ բոլորիդ ձայնը»:

«Ժառանգության» կոալիցիան

«Ժառանգությունից» թեկնածու Արման Մուշեղյանը հայտնել է, որ գալիս է հավասար իրավունքների համար. «Ժառանգության» կոալիցիան ժողովուրդն է, որին նա երբեք չի դավաճանել»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---