Շարմազանով. Եթե կոալիցիան ստեղծվի, ապա կունենա ընդհանուր ծրագիր և ղեկավար` ի դեմս Սերժ Սարգսյանի

Շարմազանով. Եթե կոալիցիան ստեղծվի, ապա կունենա ընդհանուր ծրագիր և ղեկավար` ի դեմս Սերժ Սարգսյանի

PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ-ն առայժմ չի գումարել Գործադիր մարմնի նիստ և պաշտոնապես չի քննարկել որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու հարցը կամ դրա անհրաժեշտությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, հավանաբար, տեղի կունենա վաղը:

«Ընտրություններից հետո սա կլինի Գործադիր մարմնի առաջին նիստը: Կքննարկվեն հարցեր` կապված հետընտրական գործընթացների հետ: Անկախ նրանից, կլինեն արդյոք կոալիցիաներ, թե ոչ, արդյոք կոալիցիայում կլինի այս կամ այն կուսակցությունը, այնուամենայնիվ, առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ամենածանրակշիռ և պատասխանատու քաղաքական ուժը, որը ստացել է հասարակության վստահությունը, լինելու է Հանրապետական կուսակցությունը»,-հայտարարել է Շարմազանովը:

Նա ընդգծել է, որ կոլաիցիաները, բնականաբար, պետք է ստեղծվեն այն ծրագրերի շուրջ, որոնք կնպաստեն Հայաստանում բարեփոխումներին և զարգացմանը: «Եվ, բնականաբար, եթե ստեղծվի կոալիցիա, ապա այն կունենա ընդհանուր ղեկավար և ծրագրեր: Եվ այդ ընհանուր ղեկավարը Սերժ Սարգսյանն է»,-ասել է փոխխոսնակը:

Այն հարցին, արդյոք դա նշանակում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ մտած քաղաքական ուժերը պարտավորվում են 2013թ նախագահական ընտրություններում աջակցել նախագահ Սարգսյանին, Շարմազանովը պատասխանել է. «Տեսականորեն Սերժ Սարգսյանի ընտրությունը ինքնանպատակ չէ: Սերժ Սարգսյանը առաջադրվելու է և երեք քաղաքական ուժեր արդեն հայտարարել են, որ աջակցելու են նրան: Դրա հրամայականը կա, դա անհրաժեշտություն է` պատմական անհրաժեշտություն ` Սերժ Սարգսյանի առաջադրումն ու վերաընտրվելը»:

Նա նաև պատկերավոր կերպով ընդգծել է. «Եթե տանը կա 4 ղեկավար, ապա այդ տունը տան նման չէ, և այդ տան բոլոր ծրագրերը կարող են խափանվել: Տանը պետք է լինի համախմբված ընտանիք` ուժեղ հոր ղեկավարությամբ: Եվ այդ ընտանիքի ուժեղ հայրը, բնականաբար, պետք է լիլնի նախագահ Սերժ Սարգսյանը»:

 Ուշագրավ
---