«Հրապարակ». Նախագահը չի ներելու նորընտիր պատգամավորների բացակայությունը ԱԺ–ում

«Հրապարակ». Նախագահը չի ներելու նորընտիր պատգամավորների բացակայությունը ԱԺ–ում

PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ իրենց հայտնի է դարձել, թե նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը շատ խիստ է դրել ապագա խորհրդարան հաճախելիությունների հարցը։

«Նախագահ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամներին խստորեն զգուշացրել է, որ նրանք բացատրական աշխատանք տանեն պատգամավորների հետ, որ այս անգամ բացակայությունները չեն ներվելու։ Բացի այդ պատգամավորները ոչ միայն պետք է կարգապահ կերպով հաճախեն ԱԺ նիստերին, այլև քաղաքական ակտիվություն դրսևորեն, հանդես գան նախաձեռնություններով և ելույթներով։ Ներքաղաքական կյանքում հիմա բավականին անորոշ վիճակ է, և մարդիկ փորձում են զբաղվել գուշակություններով` ինֆորմացիայի բացը լրացնելու համար ։ Հենց այդպիսի գուշակությունների առիթ են տվել նախագահի զգուշացումները խորհդարան հաճախելու վերաբերյալ։ Որոշ պատգամավորներ սկսել են ենթադրել, որ եթե իրենց հաճախելիության հարցն այդքան խիստ է դրվում, կնշանակի, որ կոալիցիա չեն կազմելու և ստիպված են լինելու սեփական ուժերով ապահովել քվորում։ ՀՀԿ–ն խորհրդարանում ունի մեծամասնություն` 69 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 մարդու ներկայություն և գրանցում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ խորհրդարանականները լինում են գործուղումների մեջ, և միշտ չէ, որ հնարավոր է միաժամանակ, բոլորին հավաքել խորհդարանում»,–գրում է թերթը։

 Ուշագրավ
---