Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՉՊԵՏՔ Է ԲԽԻ ԱՊԱԳԱ ՆԱՎԹԱՅԻՆ ԴՈԼԱՐՆԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է բխի խնդրի էությունից, այլ ոչ թե` ապագա նավթային դոլարներով Ադրբեջանի հավանական ուժեղացման նախադրյալներից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հունիսի 23-ին հանդես գալով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Նրա խոսքերով, դա առճակատման բանաձեւ է, այլ ոչ թե` փոխզիջման: Հայաստանի ղեկավարը կրկին ընդգծել է երկրի պատրաստակամությունը պահպանելու ու ամրապնդելու հրադադարի ռեժիմը եւ լուրջ բանակցություններ վարելու հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ: Ռ.Քոչարյանի կարծիքով, երկարատեւ լուծումն արդյունավետ որոնման համար անհրաժեշտ է հակամարտության խոր իմացություն: Այդ առնչությամբ, նա նշել է ղարաբաղյան հակամարտությունը բնութագրող երկու գործոն: Որպես առաջին նախագահը նշել է այն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: ԽՍՀՄ փլուզման արդյունքում, նրա խոսքերով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում կազմավորվեցին երկու անկախ պետություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի հանրապետությունը, որոնց գոյության իրավական հիմքերը նույնական են: Այսինքն` ամփոփել է Ռ.Քոչարյանը, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ոչ մի ընդհանուր բան չունի: «Եվ մենք պատրաստ ենք հակամարտության կարգավորման հարցը քննարկել իրավական հարթության վրա»,-ասել է նա: Որպես երկրորդ գործոն Հայաստանի նախագահը նշել է, որ 1992-94թթ. պատերազմն ադրբեջանական իշխանությունների ագրեսիայի արդյունք էր, որով նրանք փորձում էին էթնիկ զտումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում` այն զավթելու նպատակով: «Ձեւավորված դե ֆակտո իրավիճակը սեփական հողում ապրելու համար Լեռնային Ղարաբաղի հայերի պայքարի արդյունքն է: Սա ինչպես ինքնորոշման իրավունքի իրականացման, այնպես էլ տարածքային ամբողջականության սկզբունքը էթնիկ զտումները հիմնավորելու համար օգտագործելու դասական օրինակ է: Ղարաբաղի ժողովուրդը պաշտպանել է ժողովրդավարական հասարակության մեջ ազատ ապրելու իր իրավունքը»,-հայտարարել է Հայաստանի նախագահը:
 Ուշագրավ
---