Հայաստանի նոր իշխող կոալիցիան կկազմեն ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիրը»

Հայաստանի նոր իշխող կոալիցիան կկազմեն ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիրը»

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն իր այսօրվա նիստում` երկրի նախագահ և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ, որոշել է շարունակել համագործակցությունը «Օրինաց երկրի» հետ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել խորհրդարանի փոխխոսնակ և կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀԿ-ն պատրաստ է ստանձնել ողջ պատասխանատվությունն ու կատարել բոլոր այն ծրագրերը, որոնց օգտին քվեարկել է ժողովուրդը»,- ընդգծել է նա` նշելով, որ «Օրինաց երկիրն» արդեն հայտարարել է ՀՀԿ հետ միասին առաջ շարժվելու պատրաստակամության մասին. «Եվ ես տրամաբանական եմ համարում, որ «Օրինաց երկրի» հետ համագործակցությունը կշարունակվի»:

Ինչ վերաբերում է նոր կոալիցիայի ձևավորմանը մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանի» որոշմանը, ապա Շարմազանովը հայտնել է, որ դա զուտ ԲՀԿ ներքին գործն է, և ինքն ասելիք չունի: Ընդ որում նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն հարգում է բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում և «Բարգավաճ Հայաստանի» որոշումը:

Այն հարցին, թե արդյոք նա այդպիսի քայլ ակնկալում էր ԲՀԿ-ից, Շարմազանովը պատասխանել է. «Քաղաքականության մեջ անակնկալներ չկան, և դու պետք է նկատի ունենաս բոլոր հնարավոր սցենարները»:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---