Երևանն ափսոսում է, որ Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով չի հաջողվում առաջընթացի հասնել ղարաբաղյան կարգավորման հարցում![]() 19 հունիսի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ Լոս Կաբոսում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված հայտարարության կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Լոս Կաբոսում նախագահներ Վլադիմի Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի կողմից ընդունված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ եռանախագահ երկների ղեկավարների արդեն չորրորդ հայտարարությունն է, որը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացի համար: Հայաստանն եռանախագահ երկրների հետ միասնական և վճռական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու առումով: Ինչպես և Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, մենք ևս ափսոսում ենք, որ չնայած Դովիլում 2011 թ. մայիսի 26-ի հայտարարության կոչին՝ Ադրբեջանի ապակառուցողական, մաքսիմալիստական դիրքորոշման պատճառով չհաջողվեց առաջընթաց արձանագրել հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովին: Հայաստանը հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք արտացոլված են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ս.թ. հունվարի 23-ի Սոչիում ընդունված հայտարարության մեջ, շարունակելու է ջանքերը ուղղված հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքերի համաձայնեցմանը: Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994 թ.մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը և զերծ մնալ ռազմատենչ, լարվածությունը սրող թշնամական հռետորաբանությունից: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել է և շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադարարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկները՝ շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Վերջին անգամ Ադրբեջանի կողմից դա արվեց մեկ շաբաթ առաջ ԵԱՀԿ գործող նախագահի Բաքու այցելության ժամանակ: Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլև կոպտորեն խախտում է հրադադարը և շարունակաբար սադրանքներ կազմակերպում: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները լ՛Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և, կարող եմ ավելացնել նաև, Լոս Կաբոսում համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունների հիման վրա՝ հասնելու հիմնախնդրի կարգավորմանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |