Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը

Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը: Այդ մասին նա հայտարարել է քիչ առաջ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:

Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի, վստահ եմ` օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի: Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ այն բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երևի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ:

Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ և իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ: Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում և վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը:

Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անել: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար: Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---