Հունգարացիների 32 տոկոսը «Սաֆարովի գործում» մեղադրում են Հունգարիային, 59 տոկոսը` Ադրբեջանին

Հունգարացիների 32 տոկոսը «Սաֆարովի գործում» մեղադրում են Հունգարիային, 59 տոկոսը` Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Հունգարիայում «Ֆիդես» կուսակցության պատվերով անցկացվել է սոցիոլոգիական հարցում` հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին սկանդալային գործի հետ կապված: Հարցման արդյունքների համաձայն, որն անցկացվել է սեպտեմբերի 7-12-ը, Սաֆարովի արտահանձնման պատմությունից տեղյակ է Հունգարիայի բնակչության 64 տոկոսը, որոնցից 74 տոկոսն այդ հարցը շատ կարևոր են համարում իրենց երկրի համար: Հարցվածների 59 տոկոսը հայտարարել են, որ պատահածի համար պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա, 32 տոկոսը մեղադրել են Հունգարիայի կառավարությանը: 9 տոկոսը չեն ցանկացել պատասխանցել ներկայացված հարցերին, հաղորդում է Nouvelles d'Arménie-ն:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովի արտահնձնումն իրականացվել է Ադրբեջանի կողմից Հունգարիային տրամադրվելիք 2-3 եվրոյի դիմաց: Հունգարական կողմը հերքում է այս հայտարարությունները:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է, որ կուսակցության գործընկերները և խորհրդականները բազմիցս նախազգուշացրել են նրան նման քայլի վտանգավորության մասին, բայց հունգարացի վարչապետը դիտարկել է այդ որոշումը որպես ժեստ ադրբեջանցիների կողմը` Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուներ ապահովելու համար: Օրբանը խոստովանել է, որ իմացել է հնարավոր հետևանքների մասին, բայց ակնկալել է, որ Սաֆարովին ներում կշնորհվի մի քանի ամիս անց «առողջական պատճառներով»:

Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշտերհազին իր երկրի վարչապետին անվանել է «բարոյապես սնանկ» և կոչ արել հրաժարական տալ: Ինչպես հայտարարել է Մեշտերհազին, Օրբանը պետք է անձամբ պատասխանատվություն կրի իր որոշումից հետո ծագած սկանդալի համար, քանի որ հետևանքների մասին իրեն նախազգուշացրել են ԱԳ և արդարադատության նախարարները:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---