ՌԴ ԱԳՆ–ի կոչը Երևանին՝ «թույլ չտալ Արևմուտքին խաբել իրեն և երկիրը տանել սխալ ճանապարհով»

ՌԴ ԱԳՆ–ի կոչը Երևանին՝ «թույլ չտալ Արևմուտքին խաբել իրեն և երկիրը տանել սխալ ճանապարհով»

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ապրիլի 5–ին Բրյուսելում կայացած ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ՝ դիտարկելով այն «որպես Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներգրավելու հավաքական Արևմուտքի հերթական փորձ»։

Մոսկվան կոչ է արել Երևանին «թույլ չտալ Արևմուտքին խաբել իրեն և երկիրը տանել սխալ ճանապարհով»։ Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ Վաշինգտոնը և Բրյուսելը ձգտում են Հայաստանին դուրս բերել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, դուրս բերել ռուսական ռազմակայանը և սահմանապահներին։

«Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և կործանարար միջամտությունը, տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև սեպ խրելու ցանկությունը կարող է հանգեցնել առավել բացասական հետևանքների տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար, հրահրել նոր բաժանարար գծերի առաջացում, ինչպես նաև լարվածության անվերահսկելի աճ։

Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։ Մեզ հայտնի է, որ Վաշինգտոնը և Բրյուսելը, անիրական խոստումներ տալով, ձգտում են Հայաստանին դուրս բերել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, դուրս բերել ռուսական ռազմակայանը և սահմանապահներին։ Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտագաղթով»,– ասվում է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ–ը։

Նշվում է, որ Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ, նաև ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից։

«Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճը (2018-ից 4 անգամ) և արդյունքում՝ ռեկորդային տնտեսական և բնակչության բարեկեցության աճը։

«Հաստատում ենք մեր հանձնառությունը համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները հիմնարար երկկողմ փաստաթղթերում և համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա՝ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների միջոցով։

Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշինքի առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հիմնարար շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը»,–ասվում է հայտարարության մեջ։

Ըստ ՌԴ ԱԳՆ–ի, Արևմուտքը չի հրաժարվում նաև հայ–ադրբեջանական կարգավորման հիմքը ծառայող 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների հիմքը քանդելու փորձերից, որոնք նախատեսում են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, խաղաղության պայմանագիր նախապատրաստման, հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդման միջոցներ։

«Հենց Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշման տակ է պաշտոնական Երևանը կասեցրել այդ պայմանավորվածությունների կատարումը, որոնցից շատերի, մասնավորապես փոխադարձ տրանսպորտային շրջափակման վերացման հարցում, կողմերը մոտ էին փոխընդունելի լուծումներին։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության հաստատմանը։

Տարածաշրջանային և երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը Հարավային Կովկասում պետք է լուծել «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքին համապատասխան, որը համաձայնեցվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպման ժամանակ, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին, իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս, հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը ապրիլի 5-ին հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Հայտարարվել է, որ ԵՄ-ն 270 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին, Հայաստանի համար աջակցության նոր փաթեթի՝ Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի շրջանակում արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ ԱՄՆ–ն $65 մլն կհատկացնի։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---