Հայաստանի Ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի

Հայաստանի Ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նախարար Արմեն Աշոտյանին ներկայացրել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոնթուա Ժան Ժակին և դեսպանի մշակութային խորհրդական Ժան Միշել Կասբարյանին: Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ ռեկտորին՝ ՀՀ ԿԳ նախարարը նրան արդյունավետ աշխատանք է մաղթել և հույս է հայտնել, որ բացի ավանդական համագործակցությունից բուհում նաև կրթական ծրագրերի ընդլայնում և զարգացում կարձանագրվի: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆրանսիական համալսարանի նոր ռեկտորին ներկայացրել է աշխատանքային գերակայությունները: «Ֆրանսիական համալսարանը Հայաստանի լավագույն բուհերից մեկն է, բայց մեր պահանջներն ու ակնկալիքները շատ ավելի հավակնոտ են, որը ենթադրում է զարգացման նոր հեռանկարներ: Ես կարծում եմ, որ համալսարանում պետք է ավելացնել գիտահետազոտական բաղադրիչը, որը կարող է նպաստել ոչ միայն մրցունակ մասնագետներ պատրաստելու գործընթացին, այլև արտերկրից ուսանողների ներգրավմանը: Մենք ակնկալում ենք, որ առկա ներուժը նպատակային օգտագործելու դեպքում, Ֆրանսիական համալսարանը կարող է դառնալ տարածաշրջանում ֆրանսիական մշակույթի կենտրոն՝ միաժամանակ նպաստ բերելով մեր երկրում բարձրագույն կրթության որակի բարելավմանը»,- մասնավորապես նշել է նախարարը, շեշետելով, որ ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է նաև, որ Ֆրանսիական համալսարանը գործի որպես անկախ հանրային համալսարան:

Ռեկտորը շնորհակալություն է հայտնել նախարարին և նշել, որ պատրաստակամ է նկատի առնել և աշխատանքը կազմակերպել ներկայացված գերակայությունների շրջանակում՝ նպաստելով Հայաստանում եվրոպական կրթության զարգացմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---