ԼՂՀ ՊՆ. ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՒՄ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԻ 7-ԻՆ ԵՎ 9-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԶՈՀԵՐ ԵՆ ԵՂԵԼ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կտրուկ հերքել են տեղեկատվությունները, որոնք մարտի 15-ին տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարությունը, թե իբր Աղդամի ուղղությամբ հրաձգություն է տեղի ունեցել: Ինչպես մեկնաբանել են այս հաղորդագրությունը ԼՂՀ ՊՆ-ում, սա ադրբեջանական կողմից բացահայտ ապատեղեկատվություն է եւ ակնհայտ է ամեն ինչ ոտքից գլուխ շրջելու ու Լեռնային Ղարաբաղին հրադադարի ռեժիմի խախտման մեջ մեղադրելու փորձը: Հատկապես Ադրբեջանն է պատասխանատվություն կրում շփման գծում մարտի 7-ին եւ 9-ին տեղի ունեցած միջադեպերի համար, որոնց արդյունքում մարդկային զոհեր են եղել, նշել է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: Միաժամանակ, մեկնաբանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության այսօրվա տեղեկատվությունն այն մասին, թե իբր նախօրեին կրկին հրաձգություն է եղել Աղդամի ուղղությամբ` աղբյուրն ընդգծել է, որ նշված ժամանակ խախտում չի արձանագրվել: Իր հերթին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը մեկնաբանելով ադրբեջանական Day.az գործակալության տեղեկատվությունը, թե իբր մարտի 14-ին ուշ երեկոյան Իջեւան-Ղազախ շրջանում հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրաձգություն է եղել` անվանել է այն իրականությանը չհամապատասխանող: Նրա խոսքերով` դա կատարյալ ապատեղեկատվություն է, ընդ որում ոչ միայն «հայկական կողմից կրակոցների», այլ նաեւ` ադրբեջանական կողմի կրակոցների առնչությամբ: «Նույնիսկ նրանց կողմից կրակոցներ չեն եղել: Այդ տեղեկատվությունը հերթական սադրանք է»,- նշել է մամուլի քարտուղարն` ավելացնելով, որ վերջին մի քանի օրը նշված շրջանում չի եղել կրակոցներ: Նրա խոսքերով` ադրբեջանական կողմը ամեն պատեհ եւ անպատեհ առիթով ջանում է հիշեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի մասին եւ պարբերաբար հայտարարում է իբրեւ թե տեղի ունեցած հրաձգությունների մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---