ՀԵՐՄԱՆ ԴԵ ԿՐՈՈ. ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոյին: Ինչպես PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, Հայաստանի վարչապետը նշել է, որ վերջին ժամանակներս ակտիվացել են երկու երկրների միջեւ շփումները, ինչը, նրա կարծիքով` կնպաստի երկու երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը: Ա.Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի կառավարությանը` միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում աջակցելու համար: Նա նաեւ նշել է, որ Բելգիայի խորհրդարանից ակնկալում է աջակցություն` Հայաստանի վերաբերյալ ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ հավասարակշռված զեկույցների ընդունման հարցում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, Ա.Մարգարյանը բարձր է գնահատել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵԽ-ի գործունեությունը Հարավային Կովկասում կայունության պահպանման ու ամրապնդման ուղղությամբ: Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին: Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանին` դեռեւս 1998թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ ընդունելու համար: Նա ներկայացրել է նաեւ մեր երկրում տնտեսական բարեփոխումների ընթացքն ու դրանց արդյունքները: Ա.Մարգարյանն ընդգծել է, որ Բելգիան հանդիսանում է Հայաստանի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերը: Հերման Դե Կրոոն իր հերթին նշել է երկու երկրների տնտեսական համագործակցության զգալի ներուժը, ինչին կարող է նպաստել խորհրդարանական կապերի ակտիվացումը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---