Էդուարդ Շարմազանով. ԱՊՀ տարածքում կան երկրներ, որտեղ խրախուսվում են ռասիզմի երևույթները

Էդուարդ Շարմազանով. ԱՊՀ տարածքում կան երկրներ, որտեղ խրախուսվում են ռասիզմի երևույթները

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է մարդու իրավունքների տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը և կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին նվիրված ԱՊՀ ՄԽՎ համաժողովին և հանդես եկել ելույթով:

«Այսօրվա համաժողովին քննարկվող հարցը շատ ակտուալ է ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների համար: Չնայած ռասիզմի և քսենոֆոբիայի դեմ ինտենսիվ պայքարին՝ ցավով պետք է նշեմ, որ ԱՊՀ տարածքում կան երկրներ, որտեղ խրախուսվում են ռասիզմի երևույթները», - իր ելույթում ասել է Շարմազանովը՝ նկատի առնելով այն, որ այսօր Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն առավել հաճախակի բնույթ է կրում, մինչդեռ Հայաստանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության:

Այստեղ նա հարկ է համարել մեջբերել Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Մենք չպետք է պղտորենք մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ և չպետք է զոմբիացնենք երիտասարդներին: Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգևոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժե»:

Ի հակադրումն այս տեսակետի՝ այս տարվա գարնանն Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով կառավարության նիստին, հայտարարեց. «Մեր հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է»:

Շարմազանովի կարծիքով՝ նման ռասիստական և հակամարդկային հայտարարություններն իրենց արտացոլումն են գտնում ԶԼՄ-ներում և համացանցում: «Նաև կցանկանայի նշել, որ հեռուստատեսությունն ու համացանցը հեղեղված են հակահայկական քարոզչությամբ»,-ասել է նա:

2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ ուսուցման ծրագրի շրջանակում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Դատարանը մարդասպանին ցմահ ազատազրկման ենթարկեց՝ առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: ԱԺ փոխնախագահն այս գործում ուշագրավ է համարել այն, որ դեռ դատի ժամանակ ոճրագործի փաստաբանը հայտարարեց, թե «հայի սպանությունն Ադրբեջանում հանցագործություն չի համարվում»:

«Արդյո՞ք կարող է լինել ռասիզմի և քսենոֆոբիայի առավել ցայտուն օրինակ: Իհարկե՝ ոչ: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, գործարքի մեջ մտնելով Հունգարիայի կառավարության հետ, մարդասպանին տուն վերադարձրեց և ներում շնորհեց: Քնած հայ սպային կացնահարածին ներում շնորհելը քսենոֆոբիայի ամենացայտուն օրինակն է:

Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ և միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել են, որ Սաֆարովին ներում շնորհելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և նպաստում տարածաշրջանում ապակայունության և լարվածության աճին», ասվել է ելույթում:

Ավարտելով ելույթը՝ Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Հայաստանը, ինչպես և ԱՊՀ մի շարք անդամ երկրներ, ընտրել է ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը, այլ ոչ թե քսենոֆոբիայի ճահիճը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---